14 июн. 2012 г.

USAID-«Մաքուր ջուր և էներգիա”. Հանդիպում Գորիսի Օրհուս կենտրոնում


Այսօր Գորիսի Օրհուս տեղեկատվական կենտրոնում հրավիրված հանրային խորհրդակցությունը նվիրված էր Որոտանի գետավազանային կառավարման պլանավորման գործընթացի` շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների մեղմացման և մոնիտորինգի առաջարկվող պլանին: Հանդիպմանը մասնակցում էին իրականացնող մարմնի` Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի, ջրամատակարար կառույցների, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, ջրօգտագործողներ, քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ԱՄՆ ՄԶԳ բնապահպանության գծով ծրագրերի ղեկավար Մարինա Վարդանյանի բացման խոսքից հետո, ազդեցությունների հատկորոշման և գնահատման արդյունքների մասին ներկայացման խոսք ասաց ավազանային պլանավորման մասնագետ Լիլիթ Հարությունյանը: Ծավալված ակտիվ քննարկման առանցքում հիմնականում ջրօգտագործման հետ կապված այն խնդիրներն էին, այն ուղղակի և անուղղակի բացասական ազդեցությունները, որոնք զգացնել են տալիս որպես հիմնականում օրենսդրական կարգավորման բացթողումների հետևանք: Ասենք` ջրային հոսքի և ջրի կանոնավոր մատչելիության նվազումը, մակերևութային ջրերի աղտոտվածության ավելացումը, ջրի որակի վատթարացումը, էկոհամակարգի ջրային և ցամաքային տեսակների փոփոխությունը, հեղեղումների քանակի և հաճախականության ավելացումը և այլն:

Բանախոսների փաստմամբ` քառամյա ծրագիրը կունենա պարբերական հանդիպում-քննարկումների շարք` ոլորտին առնչվող ամենատարբեր կառույցներից մասնագետների, պատասխանատուների ու փորձագետների ներգրավմամբ: Վերջնարդյունքում` “Մաքուր էներգիա և ջուր” ծրագրի շրջանակներում, ակնկալվում է ունենալ գետաավազանային կառավարման պլանավորման գործընթացի` շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների մեղմացման և մոնիտորինգի պլան, նպաստել օրենսդրական դաշտի կարգավորմանն ու հստակմանը:                                      

Комментариев нет:

Отправить комментарий