20 000 եվրոյի մատանին ESC հայկական պատվիրակությունը վերադարձրել է... տերերին
Բանն այն է, որ ճանաչված փաստաբան դոկտ. Ֆոլքեր Շրաթցլզեերը տիկնոջՙ Ռոզվիթայի հետ «Եվրոտեսիլի» եզրափակիչին հաջորդած կիրակի օրը կնունքի արարողության է հրավիրված լինում Դյուսսելդորֆի հինգաստղանի «Շթայգենբերգեր փարք» հյուրանոցում, ուր ի թիվս այլ պատվիրակությունների իջեւանել էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը:
Եվրոտեսիլյան հաղթանակից հետո Ադրբեջանի նավթով ու գազով ողողված գերմանական մամուլի ամենօրյա համայնապատկերում հայկական ազնվության մասին լուրը փոքրիկՙ մանանեխի հատիկի չափ հավատ է ծնում, միգուցե շուտով դիվանագիտական միջազգային կառույցներն էլ ԼՂ անկախության ճանաչումը արժանի պարգեւավճար սահմանենՙ հանուն պատմական արդարության, ինքնորոշման ազնիվ պայքարի դիմաց: Ի՞նչ վատ ռեալպոլիտիկ է:
Թեպետ Հայաստանը չանցավ ESC եզրափակիչ, բայց գերմանացի Շրաթցլզեեր ամուսինների համար նրանք մեծ հաղթող են մնում, մայիսի 19-ից սկսյալ (նաեւ 20-ին, 21-ին) գրում են ընթերցողների մեծ բանակ ունեցող գերմանական «Էքսպրեսսը», «Ռայնիշե փոստը», առաջինին հղում անելով լուրը տարածում է նաեւ T-online ինտերնետային լրատուն:
Տիկինը, որ կնունքի առիթով առանձնահատուկ շքեղ հանդերձանքով էր ներկայացել, զուգարանում լվացվելու ժամանակ լվացարանակոնքին է մոռանում իր 20 000 եվրոյի ադամանադաքար սպիտակ ոսկուց պատրաստված եւ մորից ու մորաքրոջից ժառանգություն ստացած մատանին: Տունդարձին հայտնաբերում է, որ թանկարժեք իրը թողել է հյուրանոցում, շտապում է այնտեղ, դահլիճից սկսած փնտրում են ամենուրեք, չի գտնում, եւ ինչ ուրախություն, ընդունարանում նրան վերադարձնում են մատանինՙ հաղորդելով, թե նույն օրը գտածոն ստացել են Հայաստանի պատվիրակության երկու անդամներից:
«Դյուսսելդորֆյան ժյուրին նրանց ազնվության համար հետմրցութային 12 միավոր է շնորհում», գրում է «Էքսպրեսսը»: Իսկ «Ռայնիշե փոստը»ՙ մեջբերելով Շրաթցլզեեր ամուսինների խոսքերը, ափսոսանք է հայտնում, թե «չգիտեն Հայաստանի պատվիրակության այդ երկու կանանց անունները, որոնց ազնվության դիմաց կուզենային կարգին պարգեւավճարով շնորհակալ լինել»: Կիրակի օրը Հայաստանի պատվիրակությունը հյուրանոցը լքել է, իսկ ընդունարանում դժվարացել են հաղորդել ազնիվ հայուհիների անունները, քանի որ սենյակները պատվիրված են եղել պատվիրակությունների անուններով:
Комментариев нет:
Отправить комментарий