4 мая 2012 г.

“Պահեստայինների նստարանն արդեն, ասես, թափուր չէ…”

Անահիտ Բաղդասարյան
Մայիսի 3-ին Գորիսի Ինֆո Տանը նշվեց մամուլի ազատության օրը: Հանդիպմանը, լրագրողական աշխարհում լուրջ վաստակ ունեցող լրագրողների հետ, ներկա էին նաև “Շառավիղ” ակումբի և “Գորիսի մամուլի ակումբ” ՀԿ-ի սկսնակ լրագրողները: Հրավիրված էին նաև Գորիսի Ակսել Բակունցի անվան ու թիվ 4 ավագ դպրոցի սաներից:

Հնչեցին շնորհավորանքի, գնահատանքի, բարեմաղթանքի խոսքեր: Ավագ սերնդի ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով ու խորհուրդներով:
“Զանգեզուր” թերթի խմբագիր Գրետա Գրիգորյանի խոսքով, խոսքի ազատությունը շատ հարաբերական է, հատկապես Սյունյաց աշխարհում, որտեղ կան մի շարք կարծրատիպեր: Նա գտնում է, որ անկախ ամեն ինչից, լրագրողը շարունակում է իր գործը:
Գորիսի “Լաստ” հեռուստաընկերության տնօրեն Ալվարդ Մեսրոպյանը ողջունեց այն փաստը, որ մյուս տարիների համեմատ լրագրության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է. “ Նշանակում է մենք մեր գործը լավ ենք կատարել, ու երիտասարդները գալիս են մեր հետքերով”:

“Գորիսի մամուլի ակումբ” ՀԿ-ի խմբագիր Լենա Հովսեփյանը կիսվեց իր փորձով: Նա խորհուրդ տվեց ինչպես կյանքում, այնպես էլ լրագրության մեջ լինել ազնիվ, սկզբունքային, ապավինել փաստերին, պահպանել բարոյական նորմերը, ամենակարևորը՝ բարձր պահել սեփական ստորագրության հարգը: “Ուրախ եմ,-ասաց նա, -որ լրագրության “պահեստայինների” նստարանն արդեն, ասես, թափուր չէ…”:

Իսկ “Փերի” մանկապատենական ամսագրի խմբագիր Էլմիրա Բալասանյանը խորհուրդ տվեց սկսնակներին լրագրողական տունը կլոր կառուցել ու կենտրոնում… մայրիկի կերպարն ու հայացքը պատկերացնել. ազնիվ ու սրտացավ լինել:

Իրինա Յոլյանն էլ իր խոսքում նշեց, որ հաջողության կարելի է հասնել միայն սիրո, աշխատասիրության ու նպատակամտության, մշտական ինքնազարգացման միջոցով. “Թե նյութդ ազնիվ է ու փաստարկած, դու տագնապներ ունենալու առիթ չունես, իմ համոզմամբ՝ ազատ խոսքը նախ ուրիշին չվնասելն է”:

ԻՏԵԿ ՀԿ-ի նախագահ Մարատ Դադունցը շնորհավորեց լրագրողների տոնը` կեսկատակ ասելով, որ Հայաստանում մամուլի ազատության օր նշելը նույնն է, ինչ, ասենք, Հայաստանում…տիեզերագնացության օր նշելը:

Ավագ սերունդի լրագրողները սկսնակ լրագրողներին սիրով առաջարկեցին համագործակցություն, աջակցություն ու փորձի փոխանակում:
“Գորիսի երիտասարդական միություն” ՀԿ-ի նախագահ Կարինե Մովսիսյանը փոքրիկ նվերներ հանձնեց լրագրողներին:
Վերջում, թեյի սեղանի շուրջ, առավել մտերմիկ, ջերմ զրույց ծավալվեց…






Комментариев нет:

Отправить комментарий