10 апр. 2011 г.

Երկար աշխատանքային օրը վտանգավոր է սրտի համար

Լոնդոնի համալսարանի մի խումբ գիտնականներ հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները, համաձայն որոնց՝ 11 ժամից ավելի ձգվող աշխատանքային օրը 67 տոկոսով մեծացնում է սրտի կաթվածի հավանականությունը։

1985-ից ի վեր հետազոտության անցկացման ընթացքում գիտնականները հետազոտել են 7000 պետական աշխատակցի։ Վերջին 11 տարում հետազոտման մասնակիցներից 192-ը սրտի կաթված է տարել։

Պրոֆեսոր Միկ Կիվիմեկի խոսքով՝ հետազոտության արդյունքները պետք է մտահոգեն ու ստիպեն մտածել նրանց, ովքեր շատ են աշխատում։

Ուսումնասիրություն կատարելիս գիտնականները հաշվի են առել այլ գործոններ ևս՝ ինֆարկտի հավանականության մեծացում, բարձր ճնշում։ Փորձագետները ենթադրում են, որ ընտանեկան բժիշկները պարտավոր են իմանալ, թե օրական քանի ժամ է աշխատում իրենց հիվանդը։ Այդ դեպքում միայն հնարավոր կլինի կանխարգելել Մեծ Բրիտանիայում ամեն տարի գրանցվող ինֆարկտի 125 000 դեպքից 6000-ը։

«Մեր նպատակն է՝ մարդկանց ստիպել փոխել իրենց կենսակերպը, որը վնասում է առողջությանը։ Այս ուսումնասիրությունը մեզ հիշեցնում է, որ պետք է մտածել ոչ միայն դիետաների և մարմնամարզության մասին»,- հայտարարել է Բժշկական հետազոտությունների միության ներկայացուցիչ Սթիվեն Հոլգեյթը։

Բացի այդ՝ կան բժշկական ցուցիչներ, որոնք մեծացնում են սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Օրինակ՝ շաքարային դիաբետը մեծացնում է զարկերակային ճնշման ու խոլեստերինի առաջացման հավանականությունը։

Սրտային հիվանդությունների բրիտանական հիմնադրամից պրոֆեսոր Փիթեր Վայսբերգն ասել է, որ հարկավոր է շարունակել հետազոտությունը, որը ևս մեկ անգամ կհաստատեր երկար աշխատանքային օրվա ու ինֆարկտի առաջացման կապը։

Ավելի վաղ Բիրմինհեմի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սրտային հիվանդությունների առաջացման պատճառը ոչ թե ֆիզիկական ծանրաբեռնվածության մեծացումն է, այլ օդի աղտոտվածությունը։

Комментариев нет:

Отправить комментарий