2 мар. 2011 г.

2010-ին 1.45 մլրդ դրամի վնաս է կրել Սյունիքի գյուղատնտեսությունը

2010 թ.-ին Սյունիքի մարզում խոշոր եւ մանր եղջերավորների, ինչպես նաեւ ընտանի թռչունների ու խոզերի շրջանում, ըստ անկախ իրականացված հակահամաճարակային եւ պրոֆիլակտիկ անասնաբուժական միջոցառումների` հիվանդությունների տարածման եւ գլխաքանակի անկում է գրանցվել: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն` տարվա ընթացքում արձանագրվել են խոշոր և մանր եղջերավոր անասունների 238 գլուխ բրյուցելոզի, 6 գլուխ տուբերկուլյոզի, 172 գլուխ խոզերի աֆրիկական ժանտախտի դեպքեր: Շատ ավելի մեծ տարածում էին գտել հավերի ժանտախտի բռնկման դեպքերը, 12 հազ. թև ընտանի թռչուններ վարակվել էին ժանտախտով, որի պատճառով մարզում զգալի պակասել է հավերի թիվը:


Ընդհանուր առմամբ 2010 թ.-ին անասնապահության բնագավառին խոզերի աֆրիկական ժանտախտի և հավերի ժանտախտի հետևանքով հասցված վնասը կազմել է 68.9 մլն դրամ:

2010 թ.-ը անբարեհաջող տարի էր ոչ միայն գյուղատնտեսության այս ճյուղի, այլեւ Սյունիքի մարզի ողջ գյուղատնտեսության համար:

2010 թ.-ին գարնանային ցրտահարությունները, կարկտահարությունը, երկարատև անձրևները, ջերմաստիճանի կտրուկ իջեցումը խիստ բացասաբար են անդրադարձել գյուղատնտեսական մթերքների արտադրության վրա: Մարզի բոլոր համայնքներում գյուղացիական տնտեսությունները և ֆերմերները կրել են զգալի վնասներ` մոտ 1,37 մլրդ դրամի չափով, որից փտախտի, սնկային և ժանգային հիվանդությունների հետևանքով աշնանացանի ցանքատարածություններին հասցվել է 774.0 մլն դրամի, պտղատու այգիներին` 467.5 մլն դրամի, նորատունկ տնկիներին` 130.3 մլն դրամի վնաս:

Ընդհանուր վնասը մարզում կազմել է 1,45 մլրդ դրամ:

                                                                                                                      Մերի Սողոմոնյան
                                                                                                                                       Hetq.am

2 комментария: