27 февр. 2011 г.

“Աննան լավ մայր է, բայց առողջությունը խնամք է ենթադրում, որն ուղղակիորեն կապված է միջոցների հետ”

Նանե Բուդաղյանը 7 տարեկան է: Իր հասակակիցներից ոչ միայն չտարբերվող, այլև շատ ակտիվ, անմիջական աղջնակ է: Արդեն դպրոց է հաճախում, առաջին դասարանցի է: Դասվար Ժաննա Մարգարյանի վկայությամբ՝ Նանեն պարտաճանաչ, սովորելու շատ մեծ ձգտումով երեխա է. “Նանեն իմ մանկավարժական պրակտիկայի ամենաբարի երեխաներից է”:

Բայց Նանեն, ցավոք, առողջական մի խնդիր ունի, որը, իրեն անհանգստացնելուն զուգահեռ, խորապես հուզում է և ծնողներին:

“Խնդիրը երեխայի ծնվելուց հետո անմիջապես զգացնել տվեց. նա շատ դժվար էր բացում աչքերը՝ կոպերը: Երևանում էլ հաստատվեց ախտորոշումը՝ ակնաճեղքի բնածին նեղացում՝ ոչ բավարար բացվածք”,-պատմում է Նանեի մայը՝ 28-ամյա Աննան:


Աննան ասում է, որ 1,5 տարեկանում երեխային առաջին անգամ վիրահատել են Երևանում. “Չէի ասի, թե էապես փոխվեց վիճակը. կրկին նույն դժվարությունը. տեսնելը ոչ այնքան կոպերի, որքան դեմքի բարձրացմամբ էր իրականացնում: Երեխան արդեն շրջապատի ուշադրությունն էր գրավում…”:

Հետո, երբ Նանեն 2,5 տարեկան էր, Գորիսի Ս.Ամիրյանի անվան պոլիկլինիկայի և “Մանկական ասոցիացիայի” /Երևան/ համագործակցության արդյունքում, նպատակահարմար է գտնվել բուժումը շարունակել ու նոր վիրահատություն իրականացնել Գերմանիայում:

“Մեզ համար շատ դժվար էր առանց ծնողների նրան տնից այդքան հեռու ուղարկելը, բայց հույսը, որ Նանեի վիճակը կբարելավվի, մեզ հանգստացնում էր: 6 ամիս հետո Նանեն վերադարձավ՝ վիճակի անհամեմատ բարելավմամբ: Խնդիրը չէր վերացել, բայց լավացումն ակնհայտ էր: Երախտապարտ ենք բոլորին”:

Մանկական ակնաբույժ Շողիկ Բեգլարյանը փաստում է, որ հիվանդությունը մշտական ուշադրության կարիք ունի, որ անվճար դեղորայք, սրացումների դեպքում, երեխային տրամադրվում է: ”Խնդիրն այն է, որ ակնաճեղքի ոչ նորմալ բացվածքի պատճառով մշտապես առկա՝ խրոնիկ բորբոքային պրոցեսը, կարող է սպառնալիք դառնալ տեսողության համար: Էլի համամեմատաբար դրական ելք կարող է ապահովել վիրաբուժական նոր միջամտությունը”:

Տեղամասային բժշկուհի Էլլա Հայրապետյանը պատմելով հիվանդության մասին, նաև մի շատ մեծ մտահոգության շուրջ կիսվեց. “Իրոք, որ երեխայի համար մի նոր շրջան է սկսվել՝ դպրոց գնալը, որը, իր պարագայում, վտանգ ունի՝ դասերը պատրաստելուց աչքերի լարվածությունը: Գիտե՞ք, խնդիրը մի այլ ասպեկտով ինձ, որպես այդ ընտանիքի հետ մշտապես շփվող մարդու, ավելի է անհանգստացնում: Ի՞նչ խոսք կարող է լինել նորմալ բուժման, լիարժեք սննդի մասին, երբ ծնողներից ոչ մեկն աշխատանք չունի: Աննան լավ մայր է, բայց առողջությունը խնամք է ենթադրում, որը ուղղակիորեն կապված է միջոցների հետ ”:

“Ինչ ասեմ, իսկապես դժվար է, աշխատանք չկա, ամուսինս առաջ արտագնա աշխատանքի էր մենում, հիմա այդ էլ չի ստացվում. Մեկնելու համար էլ միջոցներ են պետք: Մեզ համար խնդիր է ամեն անգամ Երևան գնալ-գալը, սնունդը, պարզապես գոյատևելը…,-նեղսրտած պատմում է Աննան,-Նպաստ չենք ստանում, պատճառաբանությունը կեսրարիս աշխատելն է”:

Հաշմանդամության նպաստի առիթով Աննան ասաց, որ մի քանի տարի առաջ մերժել են՝ ասելով, որ տեսողությունը նորմալ է: “Իսկապես այդ ժամանակ վատ չէր, բայց հիմա, ամեն օր դաս պատրաստելու լարվածությունից…”,-հուզմունքը խեղդում է ու Աննան չի շարունակում:

Գուցե վաղուց արդեն ժամանակն է նոր բժշկական փաստաթղթերով նոր բժշկասոցիալական փորձաքննության ներկայանալը: Այս ընտանիքը, իրոք, բարոյականից առաջ, նյութական սատարումի կարիք ունի. չէ՞ որ առողջությունը, որքան էլ բարոյական…վսեմ արժեքներից խոսենք, առաջին հերթին ուղիղ համեմատական է բարեկեցությանը …

Հուսանք, որ Նանեի՝ դասվարի վկայակոչած բարությունը, նրան շրջապատող աշխարհից ու…մարդկանցից, բումերանգի պես նրան կվերադառնա. չէ՞ որ պայծառ ու շատ անուշիկ այդ աղջնակը՝ Նանեն, իր հասակակիցների նման, ուզում է աշխարհին…պայծառ աչքերով նայել...

Եվ՝  կնայի: Հուսանք, որովհետև առողջության իրավունքը ի վերուստ խտրական չէ…
                                                                                                          Լենա Հովսեփյան 
                                                                                                          Մարիամ Մաթևոսյան

Комментариев нет:

Отправить комментарий