27 февр. 2011 г.

"...Որ հանկարծ առողջ չհամարեն"

Լիդա Ղահրամանյանն ամուսնու, աղջկա և թոռան հետ ապրում է 24 քառակուսի մետր տարածքում: Մասնագիտությամբ մանկավարժ է, բայց արդեն քանի տարի է, սպասարկման ոլորտում է աշխատում. ինչպես ինքն է ասում, այդ աշխատանքն էլ մի կերպ է գտել, որի դիմաց ամսական 6 հազար դրամ աշխատավարձ է ստանում:  "Տան միակ աշխատողը ես եմ, ստիպված եմ առանց ինձ խնայելու աշխատել, նույնիսկ, եթե անգամ ֆիզիկապես դժվար է ինձ համար", -ասում է Լիդան և շարունակում, որ հենաշարժողական խնդիր ունի, բայց ամեն օր քաղաքի ծայրամասից հասնում է կենտրոն, որ մի քանի մետր տարածք մաքրի. "Հիմա սկի ջահելներին գործ չեն տալիս, եթե բարետես արտաքին չունի ու անգլերեն չգիտի, ինձ ո՞վ պիտի ուրիշ գործ առաջարկի", -ինքն իրեն մխիթարում է Լիդան:


Նա երրորդ կարգի հաշմանդամ է, բայց զարմանալին այն է, որ ի ծնե հաշմանդամությունը "հաստատելու"  համար մշտապես բժշկական  "կամիսյա" է անցնում, և ինչպես ինքն է ասում, ոչ ոք հաշվի չի առնում ոտքի աչքի զառնող թերությունն ու ստիպված է լինում ամեն անգամ հազար դուռ ծեծել, որ հանկարծ առողջ չհամարեն:

Մի քանի անգամ դիմել է սոցիալական անապահովության նպաստ ստանալու համար, մերժել են, ասելով, թե ընտանիքի սոցիալական պայմանները բավարար են. "բալերը չեն հերիքում": Եվ հետաքրքրականն այն է, որ որևէ սոցաշխատող երբևէ չի այցելել, տեսնի, թե ինչ պայմաններում են ապրում, իրենց աչքով տեսնի, որ անգամ հեռախոս ու գազօջախ չունեն: Ձմռան կեսն առանց ջեռուցման են անցկացրել, մինչև որ բարեկամները մի քիչ փայտ տվեցին: Տան միակ հարստությունը գրքերն են, որոնք անկանոն շարված են տարբեր անկյուններում:

Լիդան դառնությամբ է հիշում, որ երբ քսանամյա տղան մահացավ ողբերգական մահով, ունեցած չունեցած երկու մահճակալը հանեցին, որ…դագաղը տեղավորվի տանը:

Երբ տղային Ազգային բանակ ճանապարհեց, ինքն էլ շատ մայրերի նման հպարտանում էր, որ որդին ծառայում է հայրենքին: Մի քանի ամիս հետո, սակայն, լուր եկավ, որ որդին հիվանդ է և տեղափոխել են Աբովյանի տուբդիսպանսեր: Հետո հաշմանդամության կարգ տվեցին որդուն և ժամկետից շուտ զորացրեցին, հաշմանդամության թոշակ էլ նշանակեցին:

Մեկ տարվա ընթացքում տղան շատ էր նիհարել, մայրն իր սուղ միջոցներով խնամում էր որդուն, որ ուժերը վերականգնի: Մի քանի ամիս հետո, սակայն, բժշկական հանձնաժողովը գտավ, որ տղան առողջ է և դրանից հետո հաշմանդամության թոշակը ՙկտրեցին՚,  հիվանդ երիտասարդն աշխատանքի ընդունվեց, որ թեթևացնի ընտանիքի հոգսը."ՈՒզում էր հեռուստացույց առնի",-արցունքն աչքերին ասում է մայրը: Ընդամենը երեք օր աշխատեց. տղայի կյանքն ընդհատվեց ոգբերգական մահով:

Լիդան պատմում է նաև, որ անցած տարի ամուսնալուծված աղջկա որդին` Հարութը, ընդունվել է Գորիսի Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջ և շատ էին ուրախացել, որ տղան նաև կրթաթոշակ կստանա. գոնե իր ճանապարհածախսը կհոգար: Բայց ուսանողական երկրորդ ամսվա մեջ հիվանդության պատճառով Հարութը մեկ շաբաթ դասի չգնաց և, քանի որ ֆինանսական միջոցների պատճառով բժշկի չէին դիմել, ով տեղեկանք կտար հիվանդության մասին, այդ պատճառով զրկվեց...թոշակից:

Լիդային սփոփում էր, որ Գորիսի ՙԱռաքելություն Հայաստան՚  բարեգործական ճաշարանի աշխատակիցներից մեկը խոսք էր տվել նրանց ընտանիքն էլ ընդգրկել շահառուների խմբում, սակայն վերջերս ճաշարանը փակվեց, և Լիդայի նման էլի շատ կարիքավորներ զրկվեցին օրական մեկ անգամ անվճար ճաշելու հնարավորությունից:

Ամբողջ զրույցի ժամանակ լուռ էր Լիդայի ամուսինը` Զավենը, ով երկար տարիներ վարսավիր է աշխատել, բայց աշխատանքը կորցնելուց հետո սկսել էր հաճախակի խմել. "Հիմա էլ չի խմում,-ասում է Լիդան, որովհետև մի կերպ ենք յոլա գնում, ինքն էլ թոշակ չի ստանում, որ օղի առնի, նպաստի գործերը դասավորելու համար էլ մեծ գումարներ են անհրաժեշտ":

Այս ամենը տիկին Լիդան պատմում է հուզված, բայց ասում է, որ հույսը չի կորցնում և հավատում է, որ մի օր իրենց ընտանիքում խնդիրները կպակասեն: Հիմա միակ սփոփանքն այն է, որ վաղամեռիկ որդու մասին բանաստեղծություններ է գրում:

                                                                                                                  Անահիտ Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий