24 апр. 2013 г.

Երթուղայինում

Քրիստինե Հայրապետյան
Արդեն գարուն է, բայց ծիծեռնակները դեռ չեն եկել: Տխուր է գարունն առանց արևի, առանց ծիծեռնակների…Քաղաքի վրա կախված մառախուղի գորշ ֆոնին մարդիկ էլ տխրամած, մռայլ տեսք ունեն: «Ոչինչ, մի քանի օրից քաղաքն ու մարդիկ կպայծառանան»,-մտածեցի ես:

Աշխատանքային օրս ավարտվել էր, մի քիչ մրսած ու քաղցած` քայլերս արագ ուղղեցի կանգառ: Րոպե առաջ տուն հասնելու ցանկությունս մեծ էր, չեմ էլ հիշում, թե վերջին անգամ, երբ էի էդպես քաղց զգացել:

Նստել ու սպասում էի, թե երբ Սուրիկի «ամենագնացը» կշարժվի , բայց նա համառորեն չէր շարժվում: Օրվա նախավերջին պտույտն էր, դա էր պատճառը, որ միշտ էդ ժամին Սուրիկը «ճշտապահ» էր դառնում, որ ինչքան հնարավոր է, շատ ուղևորներ հավաքեր: Երթուղայինը կամաց-կամաց լցվում էր մարդկանցով: Մի խումբ ուրախ-զվարթ պատանիներ կային նստած, անընդհատ ծիծաղում էին, խոսում: Մինչև երթուղայինի լցվելը` հարմար տեղավորված էին, բայց հետո այդ փոքր ջենտելմեններն իրենց տեղը զիջեցին կանանց, աղջիկներին, հետո նաև տղամարդկանց: Տղաներից միայն երկուսը չէին տեղներից շարժվում, «պինդ» նստած էին: Իրենց ընկերներն առաջամասում իրար գլխի էին հավաքվել, իսկ հետևի մասն ազատ էր, կանգնելու տեղ կար, նոր եկողներն էլ մի կերպ էին խցկվում երթուղային:

Վերջապես մեր «ամենագնացը» տեղից պոկվեց: Ինձ թվում է, որ այդ երթուղայինի բոլոր նստարանների համար ամրագոտիներ են պետք, բայց եթե լիներ` դժվար թե կապեինք: Իսկ կանգնած ուղևորների համար ի՞նչ է պետք, երևի միայն պինդ բռնվել…չնայած նստածներին էլ դա չի խանգարի: Եթե արագությամբ շրջադարձ անելու պահին պինդ բռնված չլինես` կարող է ծիծաղելի վիճակում հայտնվես…Մի անգամ մի երիտասարդ կին, շրջադարձերից մեկի ժամանակ նստած տեղից ընկել էր :

Նստածներս` բոլորովին անտարբեր կանգնածների հանդեպ` սլանում էինք առաջ: Միայն տղաներն էին ուրախ աղմկում: Կանգառներից մեկում երկու կին բարձրացան երթուղային: Նստած երկու տղաները կանգնեցին, որ նրանք նստեն: Կանանցից մեկը շնորհակալություն հայտնեց, մյուսն էլ ասաց. «Ախր դուք ինչի՞ եք էն գլխից նստել, որ հիմա էլ վեր կենաք »:

Ծայրամաս էինք հասել, մի կին բարձրացել էր երթուղային, դռան կողքի նստարանին ուզում էր նստեր ու էդ պահին տղաներից մեկն անզգուշաբար արմունկով խփեց կնոջ աչքին: Կինն ափով փակեց աչքն ու վրդովված ասաց. «Վա~յ, մի քիչ զգույշ էլի, աչքս փշրեցիր»,- և շարունակում էր ափով փակած պահել «փշրված աչքը»: Ամեն ինչ լսել էի, բայց «աչքը փշրելն» առաջին անգամ էի լսում: Մի քիչ անցել էր, նկատեցի, որ կինը մի քանի անգամ խեթ հայացքով տղայի կողմը նայեց, փորձում էր նրա հայացքը որսալ. ի վերջո տղայի մեղավոր, խեղճացած հայացքին հանդիպեց, ու կնոջ դեմքին ժպիտ հայտնվեց…

Կամաց-կամաց դատարկվում էր երթուղայինը, էլ աղմուկ չկար… Արդեն իջել էին երթուղայինի աղմկոտ ջենտելմենները …

Комментариев нет:

Отправить комментарий