Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հայ թատերարվեստի ներկայացուցիչների մասնակցությամբ նշվեց թատրոնի միջազգային օրը: Ողջունելով հանդիսույթի մասնակիցներին՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մասնավորապես նշեց. «Սիրելի հայրենակիցներ, հարգարժան պրն. Ղազանչյան, ուզում եմ ողջունել Ձեզ և Ձեր թատերական խմբի ներկայացուցիչներին՝ Սյունիքի տարածաշրջանում գտնվելու համար: Սրտանց շնորհավորում եմ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Իսկապես, սյունեցիներիս համար թատրոնը միշտ էլ եղել հարազատ միջավայր: Քանի որ մեր նախնիները դեռևս 1500 տարի առաջ ունեցել են ժայռափոր թատրոն, որը մինչև հիմա պահպանվել է: Այն որպես մշակութային արժեք հիացնում է շատ շատերին»:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ ողջունեց ներկաներին, ևս մեկ անգամ շնորհավորեց բոլորին՝ թատրոնի օրվա առթիվ: «Ուրախ եմ այսօր ներկա գտնվել այն դահլիճում, որտեղ իր վերջին ներկայացումն ունեցավ մայրս՝ Գայլա Նովենցը: Արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանի թատերական գործիչների միության անդամներն ավանդույթի համաձայն՝ թատրոնի օրը նշում են ոչ միայն Երևանում, այլև մարզերում»:
Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Սուրեն Խաչատրյանը՝ «Մշակութային կյանքում ունեցած ակտիվ դերակատարության, թատերական արվեստի զարգացման գործում անձնական նշանակալի վաստակի» և թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Ակսել Բակունցի ոսկե հուշամեդալով պարգևատրեց Հակոբ Ղազանչյանին: «Հայ թատերական արվեստի զարգացման և երիտասարդության գեղագիտական դաստերակության գործում ունեցած վաստակի» և թատրոնի օրվա առթիվ՝ ՀՀ Սյունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեցին Քեթրին Մանասյանը, Սամվել Բաղինյանը, Իրինա Հարությունյանը, Արթուր Կարապետյանը, Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան և Կապանի Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվները՝ «Տարածաշրջանում մշակութային կյանքում ունեցած ակտիվ դերակատարության, թատերական արվեստի զարգացման և երիտասարդության գեղագիտական դաստերակության գործում ունեցած ավանդի» և թատրոնի օրվա կապակցությամբ: Թատերական արվեստի բնագավառում շնորհալի աշխատանքի» և թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Գորիսի քաղաքապետարանի կողմից շնորհակալագրեր տրվեցին դերասաններ Արմեն Մարգարյանին, Երվանդ Ենգիբարյանին, Սամվել Դանիելյանին, Իշխան Ղարիբյանին, Արսեն Գրիգորյանին:
Комментариев нет:
Отправить комментарий