28 мар. 2013 г.

Ավագ հինգշաբթի-Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա

Այսօր Գորիսի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց և տվեց տասներկու աշակերտներին ու ասաց. «Առե'ք, կերե'ք, այս է Իմ մարմինը»: Ապա բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե’ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար»(Մատթ. ԻԶ 17-30, Մարկ. ԺԴ 12-26, Ղուկ. ԻԲ 7-14, 21-23, Հովհ. ԺԳ 21-30): Պատարագն իմաստավորվում է մարդկանց փրկության համար Քրիստոսի զոհաբերությամբ:(Հովհ.Զ55):

Ոտնլվա: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո Հիսուսը ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով (Հովհ. ԺԳ 5)` հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք»(Հովհ.ԺԳ 1-20):
Ոտնլվայի արարողության ծիսակարգի ու աղոթքների հեղինակ է համարվում սուրբ Եփրեմ Խուրի Ասորին (306-373):
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը (1066-1105) ԺԱ դարում այդ կարգը թարգմանել է հայերեն և ներմուծել Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգ: Հետագայում կարգը հարստացել է նաև զուտ հայկական շարականներով ու աղոթքներով, որոնցից են «Սիրտ իմ սասանի» և «Ուր ես, մայր իմ» գեղեցկահյուս մեղեդիներն ու Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խորիմաստ խրատը:
Եպիսկոպոսը կամ եկեղեցու քահանան տասներկու մանուկների կամ եկեղեցու սպասավորների հետ բարձրանում է խորան: Հոգևորականը խաչով ու Ավետարանով և «Թող օրհնվեն և սրբագործվեն այս յուղն ու ջուրը» խոսքերով օրհնում է խորանում դրված ջուրը և յուղը:
Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը «Խավարում» է կոչվում: Սա արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն Ավագ հինգշաբթի երեկոյան մութն ընկնելուց հետո է կատարվում:




Комментариев нет:

Отправить комментарий