30 окт. 2012 г.

Մանկապատանեկան մամուլի թիվ մեկ խնդիրը՝ հասնել ընթերցողին

Մետաքսե Պետրոսյան
Դեռևս խորհրդային ժամանակներից են լույս տեսնում «Աղբյուր», «Ծիծեռնակ» մանկապատանեկան ամսագրերն ու «Կանչ» թերթը: Անցյալում նրանք լուրջ ներգործություն ունեին սովետական երեխայի հոգևոր դաստիարակության հարցում: Կրպակներում, դպրոցներում այս պարբերականները պահանջված ու սպասված էին: Կար նաև բաժանորդագրություն, որի միջոցով նրանք առկա էին գրեթե յուրաքանչյուր ընտանիքում: Անկախությունից հետո նշվածները հայտնվեցին բավականին դժվարին վիճակում: Ճիշտ է, 1991թ. որոշում ընդունվեց այս պարբերականները պետական հոգացության ներքո առնել և ֆինանսավորել նրանց հրատարակումը, սակայն ժամանակները փոխվել էին, իսկ նախկին փառքը մնացել ետևում:
«Աղբյուրն» ու «Ծիծեռնակը» այսօր լույս են տեսնում 2000 տպաքանակով, ինքնարժեքը կազմում է համապատասխանաբար 700-800 և 450-500 դրամ, բայց վաճառում են 200 դրամով: Սակայն սա ևս չի օգնում, որ ամսագրերը գտնեն իրենց ընթերցողին: Ինֆորմացիայի բազում միջոցներն ու ինտերնետը այսօր երեխային հետ են վարժեցրել ընթերցանությունից, գրադարան հաճախելուց կամ կրպակներում սիրված թերթ ու ամսագիր փնտրելուց:

«Իրացման խնդիրները շատ բարդ են, դեռևս անցյալ տարի մինչև վերջին հատիկը կարողանում էինք հասցնել ընթերցողին: Ինքներս ենք իրացնում և վերադարձ երբեք չենք ունեցել: Հիմա դժվարացել է, որովհետև մեր կրթության նախարարը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հայտարարությամբ, որ դպրոցներում կոռուպցիոն ռիսկերը կանխելու նպատակով որևէ բան չպետք է վաճառվի»,- ասում է «Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը: Նույն մտահոգությունն է արտահայտում «Կանչի» խմբագիրը նշելով, որ իրացումը կատարվում է բացառապես իրենց ուժերով, փոխադրամիջոց անգամ չունեն և թերթը ընթերցողին հասցնում են ոտքով, հասարակական տրանսպորտով կամ, լավագույն դեպքում, տաքսիով: Իրացումը կազմակերպում են մայրաքաղաքի դեռևս անցյալից նշված պարբերականներին հավատարիմ մնացած դպրոցներում և մայրաքաղաքին մերձակա համայնքներում:

Մանկապատանեկան մամուլին պետբյուջեից ֆինանսավորումը կրթության և գիտության նախարարության միջոցով է տրվում: «Պարադոքս է, ֆինանսավորում են, որ երեխաների համար թերթ լույս տեսնի, իսկ երբ փորձում ենք իրացնել դպրոցներում, անմիջապես, դպրոցի տնօրենը բերում է նախարարի հրամանը՝ չի թույլատրվում երեխաներից ավելորդ գումարներ հավաքել: Համարի ինքնարժեքը 455դրամ է, մենք վաճառում ենք 100 դրամով, համարյա նվիրում ենք»- բողոքում է «Կանչի» գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը:

«Կանչը» ևս լույս է տեսնում 2000 տպաքանակով, նախկին՝ 200.000-ի փոխարեն: Գործում է նաև շուրջ կեսդարյա պատմություն ունեցող «Շավիղը»՝ պատանի ստեղծագործողների խմբակը, որոնց պատրաստած լրագրողական հրապարակումները լույս են տեսնում ներդիրով: Կրթության ու գիտության ներկայիս նախարարի հետ հանդիպելու ու խնդրին լուծում գտնելու խմբագիրների փորձերն ապարդյուն են անցել: Նրանք նշում են, որ նախկին նախարարներն իրենց ընդառաջում էին, կարևորում մանկապատանեկան մամուլի դերը պատանիների հոգևոր զարգացման ու ճշմարիտ դաստիարակության գործում: «Ժամանակ եղավ, որ կառավարությունը մեզ ուղարկում էր մարզպետների դռները, ասում էին՝ գնացեք չոքեք, աղաչեք, չգիտեմ ինչեր արեք: Ծիծաղելի բաներ առաջարկեցին, որպեսզի կտրեին մեր ֆինանսավորումը, որ այս ասպարեզն ընդհանրապես վերանա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեզ ընդառաջեց, նա ուղղակի ասաց. «Եթե բյուջեում նախատեսված է, ինչո՞ւ եք հանում»»,- տեղեկացրեց «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը:

Մանկապատանեկան մամուլի խմբագիրները նշեցին, որ չնայած այս ամենին, իրենք շարունակում են կատարել իրենց առաքելությունը՝ մամուլը հասցնել ընթերցողին: «Աղբյուրի» խմբագիրն օրեր առաջ եղել էր Շիրակի մարզի դպրոցներում և ամսագրի համարները տարել Բասենի և Ջաջուռի դպրոցներ, աշակերտներին նվիրել ամսագրի համարներից, որպեսզի նրանք ծանոթանան և կապ հաստատեն իրենց հետ, չէ՞ որ նրանք կարող են դառնալ իրենց թղթակիցները:

Ի դեպ, խմբագիրները միաբերան հաստատում են, որ բավական է երեխաները մի անգամ ծանոթանան իրենց ամսագրերին ու թերթին, այլևս դառնում են նրա ընթերցողն ու գրչակիցը, հանդես են գալիս սեփական ստեղծագործություններով, քննարկումներ ու հանդիպումներ կազմակերպում հետաքրքրող նյութերի ու դրանց հեղինակների հետ: Խնդիրը մեկն է՝ ուսուցիչը կամ դպրոցը պետք է այն ներկայացնի, ծանոթացնի աշակերտին: Չմոռանանք ոչ վաղ անցյալը, թե ինչպես այդ օրինակով «Կանչի» «Շավիղ» պատանեկան խմբակում հասունացավ լրագրողական մի ողջ սերունդ:

Պետական սուբսիդավորումը հնարավորություն է տալիս այս ամսագրերին ու թերթին իրականացնել հրատարակչական ծախսերը, պահել մի փոքրիկ աշխատակազմ, առավելագույնը՝ 7-9 հոգանոց, տարածքի վարձ վճարել, հարկային պարտավորություններ կատարել: Պրն Տոնոյանը ճիշտ է համարում լրատվամիջոցներին ոչ թե ֆինանսավորելու, այլ օգնելու քաղաքականությունը: Հատկապես մանկապատանեկան մամուլի համար, ոչ միայն ճիշտ, այլև անհրաժեշտ ու անխուսափելի է, քանի որ նմանատիպ ամսագրերն աշխարհի ոչ մի երկրում բիզնես նպատակներ չեն կարող հետապնդել: «Մենք չենք կարողանում գումար տնտեսել և գոնե մի համակարգիչ գնել, մերը 90-ականների համակարգիչ է, նույնքան հին մի սկանավորման գործիք և մի հին մեքենա, որը մեզ օգնում է կապը պահպանել շրջանների հետ»,- խմբագրության հնարավորություններն է ներկայացնում պրն Տոնոյանը: Խմբագրության կահավորանքը խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած գույքն է:

«Աղբյուր»-ի խմբագրի մտահոգությունները նույնությամբ կրկնում է նաեւ «Կանչի» խմբագիրը: «Գործուղումների մեկնելու հնարավորությունն էլ չկա, որը թերթի կարևորագույն գործառույթներից է: Հազարից մեկ անգամ, մի խիստ կարևոր բանի համար մեկին գործուղում ենք Վանաձոր կամ Գյումրի»,- սրտնեղում է «Կանչի» խմբագիրը:

Տեխնիկական հագեցվածության առումով բարվոք վիճակում է «Ծիծեռնակ»-ը, նրանք կարողացել են նոր գույք գնել, տեխնիկապես համալրել իրենց հրատարակչությունը, ունեն վարձակալած չորս սենյակ: «Տեղավորվում ենք բյուջեի մեջ, եթե հնարավորություն տրվի՝ կարող ենք տպաքանակն էլ ավելացնել, ինչպես տարիներ առաջ, երբ տպաքանակը հասցրինք մինչև՝ 8000-ի, որովհետև մեր ընթերցողն անհամբեր սպասում է մեր ամսագրին: Միայն անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է պետությունը ֆինանսավորում, եթե չպետք է թույլ տա, որ այն հասնի իր ընթերցողին»,- ասում է տիկին Վարդանյանը:

Եղած խնդիրներով հանդերձ նրանք աշխատում են պահել իրենց մամուլի վարկը՝ չնահանջել, որակապես բարձր նյութեր ապահովել: Չէ՞ որ այս ամսագրերն ու թերթը հիմնադրել և նրանց համար գրական կենսագրությունն են հարթել մեր անվանի գրողներն ու մտավորականները՝ Եղիշե Չարենց, Հրանտ Մաթևոսյան, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան և այլոք:

Անցյալ տարի «Կանչը» նշեց իր ծննդյան 85-ամյակը: Հոբելյանական համարում տեղ էին գտել տարբեր տարիներին նրանց թղթակցած ամենատարբեր ոլորտի մարդկանց հաջողված ու տպավորիչ նյութերը, ինչպես նաև պիոներական կարգապահության վերաբերյալ հրահանգներն ու կարգազանցներին պատժող պիոներական կոմիտեի համապատասխան որոշումներն ու հայտարարությունները:
Այսօր մանկապատանեկան մամուլի խնդիրը մեկն է՝ հասնել ընթերցողին և հույս ունեն, որ ինչպես նախկինում է եղել, բաժանորդագրության սկզբունքով կկարողանան մտնել դպրոցներ:
Սույն հրապարակումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի, և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում ՝ "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ" միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ"-ին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:









Комментариев нет:

Отправить комментарий