27 сент. 2012 г.

Միակ բեռնակիրը էշն է, բայց Արզումանի կամուրջը կվերակառուցվի և «Սյունիք կբերի ուխտավորների»

Անահիտ Բաղդասարյան 
Սիսիանի տարածաշրջանի Լորձորի հովտում է տեղակայված Դարբաս (նախկինում՝ Ծղուկ գավառի Ըղուերծ, հետո՝ Դարաբաս) գյուղը: Մոտ 20 տարի է` այդ գյուղի զավակներ Արամ և Արմեն Ստեփանյանները բնակվում են Մոսկվայում, բայց շարունակում են գործել նաև հայրենի գյուղում: Նրանց միջոցներով է Դարբասում կառուցվել Սբ. Ստեփանոս եկեղեցին:

Իսկ այս անգամ Ստեփանյաններն իրենց ուշադրությունը սևեռեցին Դարբաս գյուղից ներքև՝ Որոտան գետի վրա գտնվող Արզումանի կամրջի վրա: Նրանց նախաձեռնությամբ բացված «Դարբաս» հայրենասիրական միություն» հիմնադրամի հավաքված գումարով էլ հոգում են Արզումանի կամրջի վերակառուցման ծախսերը:


«Ստեփանյանների կատարած ահռելի աշխատանքի շնորհիվ տարեցտարի պակասում է գյուղացիների արտագաղթը: Կարևորն այն է, որ մեր երիտասարդներն իրենց հացը վաստակում են հենց տեղում: Ներկայումս Շամբ, Դարբաս և շրջակա գյուղերից գործարաններում աշխատում են մոտ 150 գյուղաբնակներ»,- պատմում է Դարբաս համայնքի նախկին գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը:

Կամրջից պահպանված միակ արձանագրության համաձայն՝ այն կառուցվել է 1675թ.-ին: 17-րդ դարում կառուցված կամուրջը տարիներ շարունակ ավերված վիճակում էր:

Կամուրջ հնարավոր է միայն ոտքով հասնել. ճանապարհ գրեթե չկա: Շինարարական աշխատանքները մեծ դժվարությամբ են ընթանում, քանի որ միակ բեռնակիրն էշն է: Պահպանված միակ արձանագրությունը տեղադրվել է կամրջի ճակատային մասում: Հարևանությամբ կառուցվում է նաև դիտակետ, որը հնարավորություն կտա մարդկանց ավելի մոտից գնահատելու բնության գեղեցկությունը: «Դիվան հայ վիմագրության» գրքում (հեղինակ` Սեդրակ Բարխուդարյան) կամրջի մասին ասվում է. «Կամուրջ. գտնվում է գյուղից ներքև, Որոտան գետի վրա. Միակամար գեղեցիկ կառուցվածք է, կամարը սրբատաշ քարերով. Աջ ափն հենված է քարաժայռերի վրա, իսկ ձախ, ցածր ափը արհեստականորեն բարձրացված է պատնեշներով ու թմբով: Համաձայն արձանագրության` շինված է 1675թ.: Իսկ արձանագրությունը տեղադրված էր միակամար կամուրջի ձախափնյա կրունկի հարավային կողին. 9 տող. Գրված է բարձր և անմատչելի տեղում և միայն հեռադիտակով հնարավոր է կարդալ: Վերջին տողը փոքր տառերով է գրված, տեղի նեղության պատճառով»:

Իսկ Գուրգեն Ալավերդյանի «Ըղուվերձ – Դարբաս» գրքում ասվում է. «... Կամուրջը կառուցվել է Ռզվան աղայի հիշատակին, պարսից շահ Սուլեյմանի և տեղի իշխան Մախսութ բեկի օրոք: Սերնդից սերունդ անցնելով` կամուրջը կոչվել է Ըրզմանի կամ Արզումանի: Այդ կամրջով է կապ պահպանվել Տաթևի և Ծղուկի գավառի մյուս գյուղերի միջև: Այդ կամրջով է անցել Խութիս- Շամբ- Դարբաս- Լծեն- Տաթև քարավանային ճանապարհը, որով Պարսկաստան և Արևելքի մյուս երկրներ էին շարժվում Ծղուկ գավառի, Սյունիքի բեռնավորված քարավանները»:

«Տաթև տանող այս կամրջի վերաբացումը նորից կամրապնդի կապը հոգևոր մշակույթի հետ: Արզումանի կամուրջը իր մոտ կկանչի հազարավոր ուխտավորների: Փորձենք բացահայտել բնությունից ժառանգած մեր ազգային հարստությունները»,- ասում է Դարբաս գյուղի քահանա Տեր Ընծան:

«Երեխաներս մոտ են կանգնած իրենց ակունքներին,- հպարտությամբ պատմում է բարերար եղբայրների հայրը՝ Ներսես Ստեփանյանը: - Նրանց հիմնական նպատակն է խթանել գյուղի բարգավաճմանն ու կանխել արտագաղթը: Ու չնայած Մոսկվայում ունեն սեփական բիզնես, այնուամենայնիվ, որդիներս իրենց երեխաների ապագան տեսնում են հայրենիքում»:

Հ.Գ.Գործարար եղբայրները 2010թ.-ին Շամբ գյուղում կառուցել են ջրերի («Արսեն և Ներսես» ՍՊԸ) և պահածոների («Շամբ բիզնես» ՍՊԸ) արտադրության գործարանները: Դրանք ղեկավարում են ծնողները՝ Ամալյա և Ներսես Ստեփանյանները:

Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում՝ լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում
                                                                                                                                                   
         hetq.am



Комментариев нет:

Отправить комментарий