18 сент. 2012 г.

Գորիսում մեկնարկեց Հայաստանի Շախմատի տղամարդկանց 73-րդ առաջնությունը

Մարիամ Մաթևոսյան
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մաքսիմ Հակոբյանի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 16-30-ը Գորիսում կանցկացվի Հայաստանի շախմատի տղամարդկանց 73-րդ առաջնությունը:

Այսօր Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ վիճակահանությունը: Բացման արարողությանը ներկա էին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Սամվել Մարգարյանը, առաջնության գլխավոր մրցավար Արամ Իսկանդարյանը:
Քաղաքապետը հանդես եկավ ողջույնի խոսքով. " Ուրախ եմ տեսնել ձեզ Գորիսում: Թող հաղթի ուժեղագույնը: Պայքարի ոգին պահեք մինչև վերջ":

Ներկաները ևս մեկ անգամ hոտնկայս ծափահարեցին Հայաստանի շախմատի ազգային հավաքականին՝ Ստամբուլում կայացած համաշխարհային օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի համար:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ս. Մարգարյանը. “Մրցաշարին մասնակցում են լավագույնները: Համոզված եմ, որ շախմատիստները կցուցադրեն իրենց լավագույն պարտիաները: Ցանկանում եմ լավ տրամադրություն, լավ հանգիստ”: Հետո մրցավար Իսկանդարյանը ներկայացրեց խաղի կանոնակարգը ու հավելեց.”Ցանկանում եմ տեսնել արդար և ուժեղ խաղ”:

Մրցույթի ընթացքում շախմատիստներին կտրվի մեկօրյա հանգիստ, որի ժամանակ նախատեսվում են այցելություններ Գորիսի պատմամշակութային վայրեր:

Մրցաշարը կանցկացվի Գուսան Աշոտի անվան մշակույթի տանը, բոլոր օրերին էլ մեկնարկը կտրվի ժամը 15:00-ին: Այն կընթանա 13 խաղափուլով, ամեն խաղակեսի համար կտրամադրվի 90-ական րոպե: 1-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցել բարձրագույն առաջնությանը: 1-5-րդ տեղերը համարվում են մրցանակային: Նախատեսվում է 1-ին տեղի համար 300 000, 2-րդի` 200 000, 3-րդի` 100 000, 4-րդի` 80 000 և 5-րդ տեղի համար՝ 70 000 դրամական պարգևՙներ:
Հ.Գ. Շախմատը ոչ միայն սպորտ է, այլև` արվեստ:

Комментариев нет:

Отправить комментарий