Քրիստինե Հայրապետյան
Դոլարի փոխարժեքի բարձրացումն ազդում է պարենային մի շարք ապրանքների գների վրա, որն էլ, իր հերթին, խիստ ազդում է մարդկանց` առանց այն էլ դատարկ գրպանների վրա: Պարենային ապրանքների գների աճից առավելապես տուժում է սոցիալապես անապահով խավը: Սովորաբար մարդիկ ավելի շատ փող ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքների վրա. դրանք են` հացամթերքը, բուսական յուղը, շաքարավազը, կաթնամթերքը, սուրճը, թեյը, ինչպես նաև` ծխախոտը:
Վերջերս շաքարավազի պարկի գինը բարձրացել է 400-500 դրամով, իսկ մեկ կիլոգրամը թանկացել է 10 դրամով, սակայն տարբեր խանութներում գները տարբեր են` 450-ից մինչև 500 դրամ: Խանութներից մեկում, երբ հարցրի, թե քանի դրամով է բարձրացել շաքարավազի պարկի գինը, խանութի սեփականատերը պատասխանեց` 500 դրամով և ավելացրեց նաև, որ իրենք մանրածախի գինը չեն բարձրացրել, գինն անփոփոխ է մնացել` կիլոգրամը վաճառում են 480 դրամով` ինչպես առաջ էր: Եթե որոշ խանութներում շաքարավազի գինը վերջերս է սկսել բարձրանալ, ապա այդ խանութում վաղուց շաքարավազը վաճառվում էր 480, իսկ մի այլ խանութում ամիսներ շարունակ շաքարավազի կիլոգրամը 500 դրամ էր: Այսինքն` ստացվում է այնպես, որ մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվողները, առիթից օգտվելով, գներն արհեստականորեն բարձրացնում են` գերշահույթ ստանալու նպատակով: Ասում են, որ մի շարք ապրանքների գների աճը պայմանավորված է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ, բայց, պարզվում է, որ դա ազդում է ոչ միայն ներմուծվող, այլև` տեղական արտադրության որոշ ապրանքների վրա:
20%-ով բարձրացել է “Ջերմուկ Գրուպ” ընկերության հանքային ջրի գինը, իսկ թե դա ինչով է պայմանավորված` անհասկանալի է: Թանկացել են գրեթե բոլոր առաջին անհրաժեշտության մթերքները…Մարդիկ դժգոհում են, որ եթե հիմա Հայաստանում շաքարավազ է արտադրվում, ինչո՞ւ պիտի շաքարավազի գինը այդքան բարձրանա. երբ ներմուծվում էր` էժան էր, իսկ հիմա գինը օր-օրի աճում է: Նույնը նաև կարելի է ասել ալյուրի, բուսական յուղի և այլ մթերքների մասին:
Մարդիկ իրենց չնչին աշխատավարձով կամ թոշակով հազիվ մի կերպ ծայրը-ծայրին են հասցնում: Խանութից գնումներ արած մի տարեց, թոշակառու կնոջ մոտեցա: Կինը, ինչպես ներկայացավ` Վարսիկը, ասաց, որ բողոքելու, այս կյանքից դժգոհ լինելու շատ առիթներ ունի, բայց …”Է~հ, շատ բան չեմ ասի, չեմ կարող… Թոշակս չի բավականացնում, մի կերպ ենք յոլա գնում: Հարևանիցս պարտքով փող եմ խնդրել, որ մի քիչ առևտուր անեմ: Թոշակս ստանամ`պարտքը կվերադարձնեմ: Թոշակները մի քանի գրոշով բարձրացնում են ու դրա հետ մեկտեղ` ամեն ինչը թանկացնում` “հոր գին” դարձնում: Չեմ ուզում`թող ոչ թոշակս բարձրացնեն, ոչ էլ` թանկացումներ լինեն: Մեծ կին եմ, կուզեմ ձմեռվա համար մի երկու կիլոգրամ մուրաբա եփել, բա ո՞նց. մի կիլոգրամ մուրաբան “ոսկու գին” է դառնում”:
Խանութի տերերը, ինչքան էլ դժկամությամբ սպասարկեն “պարտքասեր” հաճախորդներին, միևնույնն է, գիտեն, որ առանց պարտքով ապրանք տալու`հնարավոր չէ նորմալ շահույթ ունենալ, մանավանդ, որ իրենց առևտրի շահույթի մի մասը հենց պարտատերերն են ապահովում ... Խանութներից մեկի տիրուհին էլ, պարտատետրը ցույց տալով, դժգոհությամբ ասաց, որ մարդկանց մոտ սովորություն է դարձել պարտքով առևտուր անելը. “Փողը գրպաններում գալիս են, բայց չեն ուզում փողով առևտուր անել”:
Ի՞նչ անեն մարդիկ, ո՞վ պիտի մտածի նրանց մասին…
Կենտրոնական բանկի պահուստնե՞րն են պակասել…Երկի՞րը դոլարի կարիք ունի…Խանութատերերի ախորժա՞կն է կտրուկ մեծանում…Մարդի՞կ են հոգնել դժգոհելուց…
Բայց տուժում ենք միայն մենք. մենք պիտի վճարենք` փակենք բոլոր ճեղքերը…
Փակենք, բայց ինչո՞վ, ինչպե՞ս, մինչև ե՞րբ…
Комментариев нет:
Отправить комментарий