5 апр. 2011 г.

Հայաստանին սպառնում են պոլիէթիլենե տոպրակները. բնապահպանները խորհուրդ են տալիս հրաժարվել դրանցից

Պոլիէթիլենային տոպրակներում լցված սնունդը քաղցկեղածին է, կարող է առաջացնել հորմոնալ խանգարումներ և այլ հիվանդություններ: Այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց բնապահպան Թամարա Գալստյանը՝ խորհուրդ տալով հրաժարվել այս տոպրակների կիրառումից կամ սահմանափակել դրանց քանակը ոչ միայն հանուն սեփական առողջության, այլև առավել հանուն բնության պահպանության։

Ամենավտանգավորները, ըստ էկոլոգների, ցածր խտություն ունեցող տոպրակներն են, որ թեթև են, էժան և շատ տարածված: Սրանք բնության մեջ քայքայվում են շուրջ 150 տարվա ընթացքում, և քանի որ փոքր են ու թեթև, աղբ վերամշակող ընկերությունները չեն հավաքում դրանք։ Աղբի հետ համաշխարհային օվկիանոսն աղտոտելով` այս պոլիեթիլանային մնացորդները, շշերի խցանները, կրակվառիչները, ամեն տարի դառնում են մոտ մեկ միլիոն թռչնի տանջալի մահվան պատճառ:


Հիշեցնելով, որ դրանք չեն մասնակցում բնական շրջապտույտին՝ «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի ղեկավար Գրետա Գաբրիելյանը նշեց. «Տոպրակի կյանքը քսան րոպե է՝ խանութից մինչև տուն, բայց հետո պետք են հազարավոր տարիներ, որ այն վերջնականապես քայքայվի»։ Պոլիէթիլենային տոպրակներն արտադրվել են միայն սննդամթերքի խոնավությունը պահպանելու համար, սակայն դրանք ահավոր մեծ քանակությամբ` ամիսը 4-5 տրիլիոն հատ սկսեցին արտադրվել, երբ տեսան, որ շահավետ է։

Բանախոսները նշեցին, որ իշխանությունները պիտի նախապատրաստեն առավել անվտանգ նյութից տոպրակներ և խթանեն դրանց կիրառումը կենցաղում՝ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը սահմանափակող օրենքներ ընդունելուց առաջ նախապատրաստելով համարժեք այլընտրանք։ «Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը սահմանափակող օրենքներ կան ոչ միայն զարգացած երկրներում, այլև, օրինակ, Տանզանիայում, Մոզամբիկում, Բանգլադեշում»,- նշեցին բանախոսները:

Ծրագրերից մեկն էլ, ըստ նրանց, բիոպոլիմերների ստացումն է եգիպտացորենից, սնկերից, այլ բույսերից, որի արտադական արժեքը, ճիշտ է՝ երեքից-հինգ անգամ ավելի է, քան պոլիմերներինը, սակայն լիովին անվտանգ է և մասնակցում է բնական շրջապտույտին։

Բանախոսները հորդորեցին համաքաղաքացիներին խանութում կամ դեղատանը չպահանջել ևս մեկ տոպրակ, կամ պարզապես խանութ գնալ կտորե կամ թղթե տոպրակներով:

                                                                                                                 Tert.am

Комментариев нет:

Отправить комментарий