9 мар. 2011 г.

“Որ ճաշարանը փակված չլիներ, երեխես գոնե օրը մի անգամ տաք ճաշ կուտեր ու էդ քայլին չէր դիմի…”

Երբ փորձեցի զանգահարել “Առաքելություն Հայաստան” կազմակերպության ջանքերով Գորիսում գործող բարեգործական ճաշարանի շահառուներին, պարզվեց, որ նրանց մեծ մասի բնակարանների հեռախոսները բաժանորդային վարձը չվճարելու պատճառվ արդեն երեք ամսից ավելի է, ինչ անջատված են: Պատճառներից մեկն, ըստ Արամ Մարությանի, ով ևս այդ խմբում է, այն է, որ վեց տարի շարունակ սոցիալապես անապահով 60-ից ավելի մարդ օրական մեկ անգամ անվճար ճաշում էր ճաշարանում, որի շնորհիվ կարողանում էին որոշակի խնայողություններ կատարել կենցաղային ծախսերը հոգալու համար: Սակայն անցյալ տարվա նոյեմբերի կեսերից բարեգործական ճաշարանը փակվել է, և առանց այն էլ, սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդիկ ոչ միայն կոմունալ վճարումներ կատարելու միջոցներ չունեն, այլև հացի խնդրի առաջ են կանգնել:


Բարեգործական ճաշարանի շահառուներից է նաև Անժելա Բաղդասարյանը. “Ե’վ առաջին էին տալիս, և’ երկրորդ, հյութ, միրգ, խմորեղեն, դրանցից մեկը ես էի ուտում, մնացածը բերում տուն` մյուսների համար: Պատահում էր, որ ես միայն լիմոնադն էի խմում, մնացածը հասցնում տնեցիներին, բա ո±նց ապրեինք, աշխատող ձեռք չկա տանը”: Նրա ընտանիքը դստեր, որդու և թոռան հետ ապրում է ծանր պայմաններում` առանց կոմունալ հարմարությունների: Անժելան ասում է, որ պատրաստ է ամենածանր աշխատանքը կատարել, եթե միայն առաջարկեն:

Նախկինում երբեմն կարողանում էր աղջկա հետ ինչ-որ մեկին օգնել տնային գործերում, բայց սոցիալական ծանր պայմանների պատճառով ստացած հիվանդությունից հետո հիմա շատերը խուսափում են իրենից: Հենց սոցիալական խնդիրների պատճառով դուստրը ստիպված հիվանդանոցում թողեց նորածին երեխային, փոխարենը տուն բերելով հոգեբանական ծանր սթերսը, որն ավելի նեղ վիճակի մեջ դրեց առանց այն էլ թշվառ ընտանիքին: Անժելայի խոսքով, ինչ փակվել է բարեգործական ճաշարանը, իրենք դեռ կուշտ հաց չեն կերել:

Հայ-ադրբեջանական հակամարտությունների պատճառով Բաքվից գաղթած Գրիգոր Ղազարյանը ևս պատմում է, որ ինքն ամեն օր ՙմի փոր հացի՚ համար Քարահունջ գյուղից, որտեղ ապրում է կիսաքանդ լքված մի տան, ոտքով հասնում էր Գորիս, ճաշից հետո էլ սպասում` եթե բացակա մարդ էր լինում, նրա բաժին ճաշը տուն էր տանում, որ գոնե հաջորդ օրը 8 կմ ճամփան նորից չանցներ:

"Առաքելություն Հայաստան"  բարեգործական հասարակական կազմակերպության Գորիսի բարեգործական ճաշարանի պատասխանատու Ալիսա Հարությունյանի խոսքով իրենց շահառուները բոլորն էլ սոցիալապես անապահով էին կամ միայնակ ծերեր, անկողնային հիվանդներ, որոնց համար ճաշարանի սոցիալական աշխատողն ամեն օր ուտելիք էր տանում: Նրանք նաև ամսական մեկ անգամ անվճար բուժօգնություն էին ստանում:

"Թեպետ ամեն օր գոնե մեկ անգամ հարմարավետ պայմաններում տաք ճաշով ապահովելը կարևոր խնդիր է, սակայն իմ կարծիքով ոչ պակաս նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ մեր շահառուները տարիների ընթացքում դարձել էին մի մեծ ընտանիք և, չնայած ճաշը պատրաստ էր լինում կեսօրին, նրանք երկու ժամ առաջ հավաքվում էին, զրուցում: Հարմարավետ կահավորված ճաշարանը դարձել էր հավաքատեղի, ինչ որ առումով սոցիալական տուն, որտեղ մարդիկ շփվում էին միմյանց հետ, կիսում հոգսերը: Տոնական օրերին նաև միջոցառումներ էինք կազմակերպում, միասին նշում ծննդյան օրերը: Ալիսան ասում է, որ այն օրից, ինչ բարեգործական ճաշարանը դադարեց գործել, ինքը խուսափում է փողոցում նախկին շահառուներին հանդիպել, որովհետև տեղյակ է նրանց ապրելակերպին և իրեն մեղավոր է զգում, որ չի կարողանում օգնել: 

Ալիսայի խոսքով խնդիրը հնարավոր է լուծել միայն համայնքային իշխանության աջակցության միջոցով, որովհետև ճաշարանը փակվելու միակ պատճառն այն է, որ տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո վարձատուն` Գորիսի բժշկական կենտրոնը, հրաժարվել է երկարացնել այն: ՙՊայմանագրի ժամկետը լրացել է 2010 թվականի հուլիսին,- ասում է կենտրոնի գլխավոր բժիշկ Սլավիկ Ամիրյանը:

-Վարձակալին` ՙԱռաքելություն Հայաստան՚ բարեգործական հասարակական կազմակերպությանը, նախապես տեղեկացրել էինք, որ պայմանագրի ժամկետները չեն երկարացվելու և խնդրել էինք տարածքն ազատել:

Սպասեցինք մինչև նոյեմբեր և, քանի որ, ինչպես հանրապետության այլ տարածաշրջաններում, Գորիսում ևս իրականացվել է առողջապահական հաստատությունների քարտեզագրում, որը ներառում է հիվանդանոցային բուժհիմնարկների առկա հզորությունների, գործունեության ցուցանիշերի և հիվանդների հոսքերի գնահատում, ուստի նախատեսում ենք այդ տարածքում հակատուբերկլյոզային ծառայության ստացիոնար բաժանմունք բացել, և ստիպված էինք նրանց խնդրել այլ տարածք փնտրել՚:

Այն, որ տարածքի ազատումից հետո անցել է արդեն երեք ամիս և բացի այն, որ ճաշարանի գույքը ժամանակավորապես տեղափոխվել է ՙԱռաքելություն Հայաստանին՚ կազմակերպության Սյունիքի մարզի Սիսիանի Համայնքային կենտրոն, որևէ փոփոխություն չի կատարվել տարածքում, վերանորոգման աշխատանքներ էլ չեն սկսվել, թերևս այլ խոսակցության թեմա է, սակայն տարօրինակ է, որ առողջության պահպանության գործին կոչված բուժհաստատությունը ձմեռնամուտին մարդկանց զրկել է անվճար սնունդ ստանալու հնարավորությունից, ինչը, բնականաբար, կարող է էլ ավելի վատթարացնել նրանց, առանց այն էլ, սոցիալապես անապահով վիճակով պայմանավորված առողջությունը;

Խնդրի լուծման համար իր մեկնաբանությունն ունի տեղական իշխանությունը: Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը նշում է, որ համայնքային իշխանությունը սոցիալական ոլորտում կամավոր լիազորություն է իրականացնում և այդ առումով կարող են ՙընդամենը բարի կամք դրսևորել և այլ տարածք առաջարկել՚: Իսկ թե երբ` հարցին քաղաքապետը պատասխանեց ՙԿմտածենք, գուցե նաև կառավարությանը դիմենք՚: Նրա խոսքով ինքը կարևորում է սոցիալական դժվարին պայմաններում ապրող մարդկանց աջակցելուն ուղղված ջանքերը, սակայն մոտ ապագայում խնդրի լուծումը չի տեսնում:

Իսկ մոտ ապագա ասվածն ըստ ՙԱռաքելություն Հայաստան՚ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի, կարող է լինել ցանկացած օր, երբ Գորիսի համայնքային իշխանությունը համապատասխան տարածք տրամադրի բարեգործական ճաշարանի գործունեությունը վերսկսելու, այսպիսով նաև սոցիալապես անապահով պայմաններում ապրող մարդկանց սննդով ապահովելու համար. ՙՃիշտ է, գույքը արդեն տեղափոխվել է Գորիսից, ապամոնտաժվել են սարքավորումները, բայց տարածք հատկացնելուց հետո հաշված օրերի ընթացքում մենք հնարավորություն ունենք նորից կահավորելու, շարունակելու սպասարկել մեր շահառուներին, օրական մեկ անգամ, ըստ նախապես կազմված ճաշացուցակի բավարար սնունդ ապահովել:

Բարեգործական ճաշարանը վերաբացելու համար շահառուները նամակներեն հղել նաև տարածաշրջանի լրատվամիջոցներին, սակայն որևէ արձագանք չեն ստացել, որոշել են նաև Սյունիքի մարզպետին դիմել:

Ճաշարանի երկարամյա աշխատակից Արմենուհի Չիրոյանը, ով այժմ աշխատում է Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում գործող տարեցների տանը, նշում է, որ շահառուները նաև իրեն են զանգում, խնդրում աջակցել, որովհետև Արմենուհին առաջիններից մեկն էր, ով տարիներ առաջ ընդգրկվեց բարեգործական ճաշարանի հիմնադրման աշխատանքներում. ՙԱյն ժամանակ հարյուրից ավելի շահառուի էինք կերակրում:

Սկզբում շատ դժվար էր նրանց ներգրավել, մարդիկ կարծես թե անհարմար էին զգում, որ պիտի անվճար սնունդ ստանան և երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի բարեգործությունն ընկալվի: Այսօր մարդկանց սոցիալական պայմաններն ավելի են վատացել, նրանք այդ աջակցության կարիքն ավելի շատ ունեն և ցավալի է, որ այդ գործում առավել մեծ շահագրգռվածություն հանդես չի բերում համայնքային իշխանությունը՚,- ասում է Արմենուհին:

Հ.գ. Լենա Քարամյանի տասնմեկամյա թոռը` Վահեն, օրեր առաջ գողություն կատարելու կասկածանքով տարվել է Գորիսի ոստիկանություն: Բարեգործական ճաշարանի պատասխանատու Ալիսա Հարությունյանը, ով բնակվում է Գորիսի ոստիկանության հարևանությամբ, պատմում է, որ շատ ծանր էր տեսնել ձեռնաշղթաներով երեխային ու տատին, որ աղեկտուր լաց էր լինում. ՙՈր ճաշարանը փակված չլիներ, երեխես գոնե օրը մի անգամ տաք ճաշ կուտեր ու էդ քայլին չէր դիմի: Քանի օր կարա մարդ սոված մնա....՚:

                                                                                                  Սուսաննա Շահնազարյան

Комментариев нет:

Отправить комментарий