25 июн. 2013 г.

Տեղեկատվության զտում ըստ տեղական իշխանությունների

Անահիտ ԲաղդասարյանՏեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեության հրապարակայնությունը պետք է ապահովեն ցուցատախտակների, պաշտոնական կայքերի եւ լրատվամիջոցների միջոցով: Իսկ թե նշվածներից որոնք եւ ինչ չափով է կիրառում Գորիսի քաղաքապետարանը հանրությանն իրազեկելու համար, պարզ դարձավ փոքրիկ ուսումնասիրության արդյունքում:

Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (հոդված 121), յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար նախատեսվում է ոչ պակաս, քան մեկ ցուցատախտակ: Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի համաձայն, Գորիսն ունի 23.261 բնակիչ, պարզ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում պարզ է դառնում, որ Գորիս քաղաքում պետք է տեղադրված լինի 11 եւ ավելի ցուցատախտակ: Այսօրվա դրությամբ ցուցատախտակ է տեղադրված միայն քաղաքապետարանի առաջին հարկում:Գորիսի համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի խոսքով` ցուցատախտակների չափերը փոքր են եւ հնարավոր չէ ամբողջ տեղեկատվությունն այնտեղ տեղավորել եւ դա է պատճառը, որ քաղաքում այլ ցուցատախտակներ չեն տեղադրվում: «Միայն ավագանու նիստերի նախագծերը կազմված են 60-70 էջից, եւ մի ամբողջ շենքի կեսը այդ նախագծերը կզբաղեցնեն. ես ինչպե՞ս փակցնեմ այդքանը: Հնարավոր չէ մի մասը փակցնել, մնացածը՝ ոչ»,- ասաց նա:

Այն հարցին, թե ինչպես են ընտրում հրապարակվող տեղեկատվությունը, Գագիկ Հայրապետյանը մեկնաբանում է. «Ցուցատախտակին տեղ են գտնում օրվա նորությունները, համայնքային ծառայության, տեղական ինքնակառավարման օրենքների փոփոխությունները, ավագանու որոշումները, իսկ նախագծերը 7-8 օրինակով դրված է լինում ավագանիների նիստերի դահլիճում: Ամբողջ փաթեթը տեղադրվում է նաեւ մեր կայքում»:

Ավագանիների որոշումների կապակցությամբ հիշեցի որ ըստ Գորիսի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (http://goriscity.am), մայիսի 14-ին կայացած ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր 10 հարց, բայց իրականում նիստի քննարկմանն էր ներկայացվել 14-ը. ավելացել էր հողատարածքների օտարման մասին 4 հարց: Թե ինչու նախապես չէին հրապարակել նշված 4 հարցերը, աշխատակազմի ղեկավարը մեղադրեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գորիսի տարածքային ստորաբաժանմանը: «Քանի որ կասկադը սեփականության վկայականները ներկայացրել է ընդամենը ավագանու նիստից առաջ, այդ պատճառով էլ կայքում նախապես տեղադրված չի եղել»,- բացատրեց նա:

Կայքում չեն տեղադրվում նաեւ ավագանու նիստի արձանագրությունները. Գ. Հայրապետյանի խոսքով` «դա արխիվային փաստաթուղթ է եւ մնում է քաղաքապետարանում»: Այդ դեպքում համայնքային կայքերի կառուցվածքը հաստատող տարածքային կառավարման նախարարությունը ինչո՞ւ է կայքում առանձին կատեգորիա հատկացրել արձանագրություններին:

Վերջին նիստում քննարկված հարցերից մեկը Գորիս համայնքի նախակրթարան հաճախող երեխաների ծնողներից գանձվող վարձավճարների նոր չափ սահմանելուն էր վերաբերվում: Այդ հարցի վերաբերյալ, ինչպես հայտնեց աշխատակազմի քարտուղարը, ավագանին որոշում չի կայացրել, որի մասին դարձյալ կայքում տեղեկատվություն չկա (նույնիսկ այն, որ որոշում չի կայացվել):

Գորիսի պաշտոնական կայքի մի շարք պատուհաններում (աշխատանք, զարգացման ծրագիր, ԶԼՄ-ները մեր մասին, մրցանակներ, շնորհակալագրեր) տեղեկատվություն ընդհանրապես տեղադրված չէ, իսկ մնացածներում էլ նախատեսված տեղեկատվության շատ քիչ մասը կարող ես գտնել:

«Աշխատանք» բաժին այցելելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Գորիսում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար ո՛չ ընթացիկ եւ ո՛չ էլ ժամկետանց մրցույթներ չեն հայտարարվել, չնայած այս պահին հենց կայքի «հայտարարություն» բաժնում քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի համար մրցույթ է հայտարարված:

Քարտուղարության բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Ղուկասյանն ասաց, որ ըստ սահմանված կարգի, թափուր աշխատատեղերի համար մրցույթի հայտարարությունը տեղադրվում է տարածքային կառավարման նախարարության կայքում (http://mta.gov.am/hy/), եւ եթե 15 օրվա ընթացքում դիմորդ չի լինում, հայտարարությունը տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://azdarar.am/): Այդ դեպքում, համայնքային կայում ինչո՞ւ են բացել «աշխատանք» պատուհանը...

Եթե հավատանք կայքի օպերատվությանը, ապա Գորիս համայքի ղեկավար Նելսոն Ոսկանյանը վերջին անգամ 2011թ.-ի դեկտեմբերի 25-ին է խորհրդակցություն հրավիրել: Քարտուղարության բաժնի 1-ին կարգի մասնագետ Աննա Դավթանի խոսքով` «տեխնիկական խնդիրների պատճառով չի տեղադրվում այդ ինֆորմացիան» : Միթե՞ հնարավոր չէ մեկուկես տարվա մեջ լուծել այդ խնդիրները:                                                          hetq.am  

Комментариев нет:

Отправить комментарий