30 июн. 2013 г.

Տաթև-Գորիս-Երևան տրանզիտ

Լուսինե Պողոսյան
(ուրախ ավտոբուս կամ զրույց քեզ հետ)


Բարև իմ սիրելի ու հավատարիմ ընթերցող: Կարճատև դադարից հետո ես նորից գրում եմ: Սակայն պետք չէ մտածել, որ այդ դադարը ինչ-որ կերպ կանդրադառնա իմ ու քո մտերմությանը (ռոմանտիկաս անպակաս է):

Դե ի՞նչ ասեմ: Այս ընթացքում ամեն ինչ ավելի սուր ընթացք է ստացել, hիմա ֆեյսբուքում ես միշտ օնլայն եմ: Իսկ եթե լուրջ, ապա ես քեզ մի ուրիշ տրանզիտ եմ պատմելու: Պատմե՞մ:
Եթե այո, ուրեմն մի բաժակ սառը ջուր խմիր և շարունակիր փչացնել աչքերդ:
Կփորձեմ սար ու ձոր ընկնել, որ թարմացնեմ հիշողությունդ:

Դե գիտես, որ ես մասնակցում էի «Ով էնպիսի մի լուր ասի» ծրագրին: Այս ծրագիրն ինձ համար կյանքի դպրոց էր, որտեղ ուսուցիչները ներում էին մեր բոլոր սխալներն ու գժությունները: Չեմ հասկանում ինչու եմ անցյալ ժամանակով խոսում, բայց ինչևէ...

Ջիգյար էտ ջրի բաժակը էն կողմ քաշի, հիմա էլ էտ կընկնի, խայտառակ կդառնանք:

Հա, այս ծրագրի մասին մի ուրիշ անգամ ավելի մանրամասն կպատմեմ, պարոն վարորդն արդեն գործի գցեց շարժիչը, անցնենք տրանզիտին:

Հունիսի 20-ն էր: Մութ ու ահավոր տոթ գիշեր: Մտքերս խառնված էին, աչքերիս սպիտակ մարդիկ էին երևում: Պառկել էի, բայց քունս չէր տանում: Վախեցած էի: Չէ՛, չէ՛, չէ՛, ես էլ հո 9 տարեկան չեմ, որ ուրվականներից վախենամ: Ուրվական ա էլի, իրա համար զբոսնում ա, դե հիմա ինչ անենք, որ հա՛մ գազն ա թանկացել, հա՛մ հագուստը, էտ մարդն էլ իր 32 500 դրամ աշխատավարձով էդ սպիտակ շորն ա կարողանում առնի:
Իրականում ես վախենում էի ուշանալ ... Ա՛յ քո տունը շինվի, ի՞նչ ժամադրություն: Պիտի Երևան գնայինք մեր ակումբով: Դե եթե քեզ համար 300 կմ-ը կարճ ճանապարհ է, ուրեմն Երևանի ճամփան կարճ էր ու ուրախ կյորեսեցիների համար:

Մի գաղտնիք բացե՞մ: Պապայիս հետ տեղ գնալը հանցագործություն ա, եթե ահավոր շտապում ես: Բայց այս անգամ բախտս բերեց՝ չուշացա, իսկ մինչև այդ վախենում էի ու գիշերվա ժամը 2-ին նստել էի ֆեյսբուքի շեմին, սպասում էի Արև տատիկին, որ արթնանամ:

Սաթենիկ, Արփի, Սառա, Լուսինե
Դե ինչ ասեմ, ես այդպիսի ուղևորություն կյանքում չէի վայելել: Նախ նշեմ, որ մեր վարորդը ռաբիզ չէր լսում, և դա մեր ուղևորության հաջողությունն էր: Մեր ուրախ ավտոբուսում կային հետաքրքիր դեմքեր, նաև՝ դեպքեր:

Ներկայացնեմ և ընթացքում դու էլ կհասկանաս որտեղ էի:

Վարորդի կողքին նստածները խոսում էին բարձրախոսով, քանի որ կապերը թույլ էին: Նրանց հետևին նստածները երբեմն մեզ էին միանում, երբեմն էլ մեզ էին գողանում:

Մեր դիմացին նստածները խաղամոլներ էին, իսկ մենք ընտրության ժամանակ լուրջ դեմքերով կանգնած (մեր դեպքում նստած) դիտորդներ:

Մեր ավտոբուսում նույնպես կային սուսիկներ, փուսիկներ և վիտամիններ:
Առաջիններին թողնենք, որ հանգիստ երգ լսեն, իսկ մենք միանանք վիտամինն Հեղինեին:

Նշեմ, որ մենք հայտնաբերեցինք 2 նոր վիտամին՝ Ավետ և Հեղինե: Եթե ցանկանում եք հրաշալի կազմակերպել ձեր հանգիստը բնության գրկում, ապա խմեք հենց այս վիտամինները, նրանք բարձրացնում են տրամադրություն, տալիս են էներգիա և իհարկե հետ են վերցնում մեծ քանակությամբ (Made in Goris):

Հեղինեն ու Ավետը էնքա~ն ծիծաղեցրին մեզ, որ նույնիսկ չեմ հիշում կա՞ր մի պահ, որ ես բերանս բաց չէի: Ամբողջ ճանապարհը թռանք անցանք ու չիմանաք թե սուտ եմ ասում, նրանց շնորհիվ ժամանակի զգացողությունը կորցրել էինք:

Ճանապարհին մորու, մալինայի օղի տեսանք, սակայն բախտի բերմամբ, թե պատահմամբ չվայելեցինք:

Մեր խաղացած խաղերից ամենաշատը «Բլիբելն» եմ սիրել, որովհետև իսկապես ծիծաղելի էր, երբ նկարագրածդ բայը շատ քիչ կամ շատ է օգտագործվում, ու չեն հասկանում ինչի մասին է խոսքը:

Դե ճանապարհին վատ զգալու մասին չեմ ուզում մանրամասնել, միգուցե հաց եք ուտում ...

Երևան հասնելուն այնքա~ն շատ էինք սպասում, որ 1-10 և 10-0 էինք հաշվում : Մի խոսքով բարով-խերով տեղ հասանք ու մեր` գորիսյան ոտքը դրեցինք Երևանյան ասֆալտի վրա: Մինչև հիմա հիշում եմ, որ ՓՈՂՈՑԸ ԶԳՈՒՅՇ ԱՆՑՆԵՆՔ , էստեղի նշագծերը ծառայում են իրենց բուն նպատակին:

Առաջին թիրախը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն էր:

Հոգնած, ջարդված իջանք մեր ուրախ ավտոբուսից և մոտեցանք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը: Գիտեք, երբ մտնում էինք ներս, ինձ համար ամեն ինչ բարդ էր թվում:
Գեղամ Մանուկյան
Ինչու՞ են մարդիկ շտապում, արագ-արագ խոսում, ընթացքում նյարդայնանում, ծիծաղում ... Բայց երբ մտանք տնօրեն Գեղամ Մանուկյանի աշխատասենյակ, ես ինձ ազատ զգացի: Բոլոր կապանքներս քանդվեցին, երբ մեզ հետ սկսեց խոսել հավասարը հավասարի հետ: Հենց այդ պահին ես ինձ լրագրող զգացի: Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում էր ... Հեռուստաընկերություն, ծանոթ դեմքեր, ջերմ ընդունելություն: Այսքանը ինձ և կարծում եմ բոլորիս էլ բավական էր, որպեսզի անցներ 4 ժամ ճանապարհ եկած մարդու հոգնածությունը:

Մտանք  «լուրերի սենյակ» : Դիզայնը, երկա~ր լարերի շարանը, որոնց դիպչել չէր կարելի և «Մանկական Երկիր» հաղորդաշարի երեխաները... Երկար չզրուցեինք, ուղղակի ես հասկացա, որ աչքերին նայելով կարողանում եմ մարդկանց մտքերը հասկանալ:

Եվ ամենածիծաղելի պահն այն էր, որ ուղիղ եթեր մտնելուց առաջ հաղորդավարը մարզում էր բերանը, աչքերը : Վերջում հարցազրույց տվեցինք, նկարվեցինք և ջերմ խոսքեր լսելով, արդեն ոչ թե հոգնած, այլ ոգևորված հեռացանք «Երկիր Մեդիա»-ից, բայց ոչ մեդիայից:

Ուղղակի միշտ հիշեք, մի օր մեզնից մեկին տեսնելու եք հեռուստատեսությամբ:

«Հետք»-ի խմբագրությունում
Հաջորդ կանգառը «Հետք.-ն էր: Գնում էինք Էդիկ Բաղդասարյանի հետքերով: Հաճելի էր տեսնել մի մարդու, ով մարդկանց այլ աչքերով է տեսնում: Իր հետ ունեցած զրույցից շատ բան եմ հիշում: Առաջինը այն, որ պետք չէ խելոք մնալ: Պետք չէ լսել ուսուցիչներին, պետք է լինել ոչ նորմալ, այսինքն ոչ մեկին չլսել: Իմանալ բոլոր օրենքներն ու խախտել դրանք: Իմ այն հարցին, թե նա արդյոք չի փոշմանել, որ ընտրել է լրագրողի մասնագիտությունը,նա ասաց՝ ո՛չ: Բայց նաև նշեց, որ եթե ցանկանում եք լրագրող դառնալ, ապա պետք է հիշեք, որ ձեր գրպանը լիքը չի լինելու, և պետք է նվիրված լինեք ձեր աշխատանքին, թե չէ լրագրողը տուն փող չի տանում:

Այստեղ նույնպես շատ հետաքրքիր էր, սակայն բոլորս էլ շտապում էինք :

Այնուհետև պետք է գնայինք «Ազգ»: Գիտե՞ք ինչն է տպավորվել իմ մեջ:
Երբ թակեցինք Հակոբ Ավետիքյանի աշխատասենյակի դուռը և ուզում էինք ներս մտնել, մի բան բոլորիս զարմացրեց: Նրա ամբողջ սենյակը գրքերի մեջ էր...Կարծես` գրքերով էր շինված: Այնպես կուզեի, որ մայրիկս տեսներ այդ գրադարակը: Ինչու՞: Որովհետև նա մտածում է, թե միայն իմ դարակներն են ծանրաբեռնված այդքան գրքերով, որ նույնիսկ դասագրքերս չեմ գտնում: Ինչևէ, «լրագրողների աշխատասենյակը» մեզ էր սպասում:

Գիտեք, սա այ տեղն էր, որ, եթե նույնիսկ հարցեր էինք նախապատրաստել, միանգամից ստացանք պատասխանները...կարծես` խմբագիրը գիտեր, թե մեզ ինչ կհետաքրքրի:
Մեզ մնում էր միայն լռել և լսել կյանքի մեծ փորձ ունեցող մարդուն: Նա մեզ ծանոթացրեց օրաթերթին, ցույց տվեց ինչպես են տպագրում թերթը:

Մեղմ ասած սոված էինք: Գնացինք հաց ուտելու, հետո էլի գնացինք, որովհետև տեղ չկար , նստեցինք խոհանոցում, այնուհետև վեր կացանք ու գնացինք մեզ հատկացված տեղը :

Ինչպես միշտ մենք սկզբում հյութը խմեցինք, նոր հաց կերանք (նկատել եմ, որ դա հայկական պիցցայանոցների ավանդույթ է): Մի բան էլ պատմեմ: Ուրեմն, մեր կողքի սեղանին ապագա հարս, սկեսուր ու որդի էին նստած: Էդ հարսը էնքա~ն խոսեց, էնքա~ն պատմեց, որ եթե ես սկեսուրը լինեի, նրան հարս չէի բերի մեր տուն:

Այնուհետև փորներս կուշտ ուղևորվեցինք «Ինտերնյուս»: Այդ պահին հիշեցի ֆուտբոլասեր հասարակության սիրելի արտահայտություններից՝ ուրիշի հարկի տակ ավելի լավ էին խաղում, մեր հարկի տակ հանգիստ էին ...

Իրականում այստեղ ամեն ինչ տրամադրող էր, համ էլ հաց կերած էինք:

Դե ինչպես միշտ մեզ հարցրեցին, թե ինչ ենք արել, խորհուրդներ տվեցին: Խորհուրդներից բացի նրանք մեզ գրքեր էլ տվեցին (շատ լավն էին այդ գրքերը):

Եվ ինչ ասեմ, մենք էլ բոլորին մեր ներդիրներից, գրիչներից ու դրոշակներից նվիրեցինք՝ որպես հուշ:

Մեր տրանզիտի ամենահուզիչ պահերից էր: 5 հոգու թողեցինք Երեևանում՝ մեր վիտամիններին էլ: Բայց ուրախ էինք, որովհետև ճանապարհին դեռ շատ բանի մասին պետք է մտածեինք:

Ես հետ գնալու ճանապարհը այդքան էլ լավ չեմ հիշում, հոգնած էի: Բայց հենց մտանք Սյունիք, հայրենի հողի մասին հայրենի հողում հայրենասիրական երգեր երգեցինք և մի քիչ էլ պարոն վարորդի գլուխը ցավեցրինք: Իսկ ամենավերջում կիսվեցինք մեր տպավորություններով:

Ինձ համար այս տրանզիտը մի նոր ճանապարհ էր դեպի նոր ու ավելի հաճելի աշխարհ: Հավատացեք, որ այս տրանզիտի ամեն մի բառը հիշողությանս մեջ տպված է:

Ես չգիտեմ` սա վերջինն տրանզիտն է, թե ոչ, բայց մի բանում համոզված եմ, այն ինչ-որ նոր՝ ավելի հետաքրքիր բանի սկիզբն է ...

Հ.Գ.  Մարիա՞մ, բա վերջում էն տոպրակները խի՞ չհավաքեցինք ...
















Комментариев нет:

Отправить комментарий