31 мая 2012 г.

Գորիսի թիվ 2 նախակրթարան. հեքիաթային, տաքուկ օջախ

Մարիամ Մաթևոսյան
Շատերը կհամձայնեն, որ առջևում ամենագեղեցիկ տոներից մեկն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որն ավանդաբար նշվում է հունիսի 1-ին: Այդ օրը տոն է բոլոր փոքրիկների համար: Յուրաքանչյուրը տոնում է յուրովի: Յուրովի է նշում նաև Գորիսի թիվ 2 նախակրթարանը՝ տնօրեն Ժասմենա Խաչատրյանի գլխավորությամբ:

“Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, կնշենք երեխաների միջազգային տոնը: Նախատեսվում է հետաքրքիր ու յուրօրինակ միջոցառում Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում: Օրվա “մեղավորները” կփորձեն արտահայտել իրենց իսկ իրավունքները, որը տրված է ի վերուստ: Տոնական միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով՝ երգ ու պարի զուգորդությամբ”,-սիրով տեղեկացնում է Ժ. Խաչատրյանը:

Ինչպես զրույցից տեղեկացանք, նախակրթարանը մեծ շուքով է նաև նշում բոլոր հիշարժան տոները: Նշել են մանկապարտեզի 20 և 25- ամյակները, քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, հայկական բանակի 15 և 20 -ամյակները: Իրենց սաները մասնակցում են նաև համաքաղաքային միջոցառումներին:

Թիվ 2 նախակրթարանը գործում է 1982թ.-ից, ունի 240 սան, որոնցից ձևավորվել է 7 խումբ: Ամեն աշխատանքային օր, ժամը 8:00-ից մինչև 17:00-ն բաց են նախակրթարանի դռները: Այստեղ գործում է ամենօրյա ռեժիմ. երեխաների ընդունելություն, առավոտյան մարմնամարզություն, նախաճաշ, զբոսանք, խաղեր, ճաշ…Նախատեսված են հատուկ ժամեր, որոնց ընթացքում ծանոթանում են մայրենի լեզվին, շրջակա միջավայրին: Եվ` նկարչություն, գեղարվեստական ընթերցանություն, երաժշտություն: Երեխաների համար ստեղծված են բոլոր պայմանները՝ նրանց օրը հետաքրքիր ու բազմազան դարձնելու համար:

Ներսում, պարզապես, հրաշալի է` շատ թարմ ու տրամադրող, ճաշակով ու կոկիկ: Ամենուր խաղալիքներ են, ժամանցային սրահներ: Ամեն խմբասենյակ ունի իր գունային գաման ու հարմարավետ, ներդաշնակ գույքը: Բոլոր անկյուններից քեզ ժպիտներ են ուղարկում Բուրատինոն ու Չեբուրաշկան, մոխրոտիկն ու պույ-պույ մկնիկը: Իսկ միջանցքների հեքիաթային հերոսները, որ ողջ օրվա ընթացքում “ուղեկցում’’ են փոքրիկներին…

Նախակրթարանն ամեն կերպ փորձում է ներգրավել նաև անապահով երեխաներին. “Այժմ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը իրականացնում է “Մանկությունից դպրոց” ծրագիրը,-ասում է Ժասմենա Խաչատրյանը,- որի նպատակն է` Գորիսի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների 5-6 տարեկան երեխաներին նույնպես ընգրկել նախակրթարան՝ նախապատրաստելով մանուկների սահուն անցումը դեպի դպրոցական կյանք”:

Տնօրենի վկայությամբ` “Փրկենք երեխաներին” միջազգային կազմակերպությունը` Լինսի հիմնադրամի ու Գորիսի համայնքային իշխանության հետ համատեղ, մեծապես նպաստում են, որ մանկապարտեզն էլ ավելի ջերմ ու տաքուկ…օջախ դառնա: Քաունթերփարթ Ինթերնեշլի օգնությամբ էլ 2011թ.-ին մանկապարտեզի բակը բարեկարգվել ու տեսքի է բերվել;

Սիրելի’ փոքրիկներ, շնորհավոր ձեր տոնը…Անհոգ մանկություն բոլորիդ:






Комментариев нет:

Отправить комментарий