14 июн. 2011 г.

Ի՞նչ արժե պտղի սեռն իմանալը Հայաստանում. Տղա երեխաների պաշտամունքի հիմքերը

Երեխա ունենալ պատրաստվող ծնողների շրջանում, որպես կանոն, ընդունված է օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունից եւ մինչ ծնվելը ստուգել էմբրիոնի` պտղի սեռը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ հասարակությունը «տղայապաշտ» է, ապա իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ «վիզ է դնում»` անպայման տղա երեխա ունենալու համար (աղջիկ երեխաները հաշիվ չեն):

Հատկանշական է, որ, որպես կանոն, ընտանիքի հայրերը մուննաթ են գալիս կնոջ վրա, երբ պարզվում է, որ երեխան աղջիկ է լինելու, մոռանալով, որ կենսաբանորեն կինը երեխայի սեռի ձեւավորման հարցում ունի զրո տոկոս դերակատարություն: (Կնոջ մոտ երկու X քրոմոսոմներ են, իսկ տղամարդու մոտ մեկ X եւ մեկ Y քրոմոսոմ: Սերմաբջիջները տարբեր քրոմոսոմներն են կրում՝ X քրոմոսոմով սերմաբջիջները թույլ են տալիս աղջիկ երեխա բեղմնավորել, Y քրոմոսոմովը՝ տղա):

Պատկերացնել կարելի է այն ծնողների, մանավանդ հայրիկների ուրախությունը, երբ համապատասխան սարքն ավետում է, որ նրանք տղա երեխա են ունենալու: Այն էլ, երբ այդ սեռի երեխան ծնվում է իր մի քանի քույրիկներից հետո:

Իսկ երբ նույն այդ սարքի օգնությամբ պարզվում է, որ ընտանիքում պետք է ծնվի հերթական աղջիկը, ապա, մեծամասամբ գործի է դրվում ավանդական մեթոդը` հղիության արհեստական կասեցում, ձերբազատում երեխայից: «Սեռ ստուգող սարքն» այս դեպքում դառնում է պատուհաս ծնելիության նվազում եւ դեմոգրաֆիական խնդիր ունեցող Հայաստանի համար եւ դառնում սեռային բնական հավասարակշռության խախտման պատճառ: Սա են վկայում նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց` 2010 թվականին հանրապետությունում ծնվել է 23 հազար 886 հարյուր տղա, մոտ երեք հազարով ավելի քան աղջիկները, որոնց թիվը 20 հազար 924 հարյուր է:

Այս ցուցանիշով մտահոգ է նաեւ ԵԽԽՎ-ն: Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում եւ Վրաստանում տղա երեխաների թվաքանակի գերակշռությանը հանգեցնող պատճառների ուսումնասիրության համար ԵԽԽՎ համապատասխան զեկուցողը հունիսի 16-ին այցելելու է Հայաստան: Եվրոպացի մասնագետները եւս Հայաստանում, ինչպես նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրներում նորածինների շրջանում տղա եւ աղջիկ երեխաների հարաբերակցության խախտումը կապում են տեխնոլոգիական առաջընթացի, նույնն է թե` «սեռ ստուգող» սարքի ի հայտ գալու հետ:

Խնդրի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է Հանրապետության գլխավոր գինեկոլոգի` Ռազմիկ Աբրահամյանի հետ, ով նշեց, թե արծարծված խնդիրը միայն Հայաստանում չէ, որ առկա է: «Շատ երկրներում կա այդ խնդիրը: Սակայն Հայաստանում ծնվող երեխաների սեռային հարաբերակցության տարբերությունն այն աստիճան չէ, որ մտահոգության տեղիք տա, եւ դա պետք չի կապել տեխնոլոգիաների զարգացման հետ»,-նշեց նա:

Աբրահամյանը հավաստեց նաեւ, որ առողջապահության նախարարությունը Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ պատրաստվում է հետազոտություն իրականացնել, ուսումնասիրել մոտ 3 հազար ընտանիք եւ պարզել, թե ինչ չափերի են հասնում նորածինների սեռային տարբերությունները: «Ընդհանրապես, Հայսատանում այդ ուղղությամբ մասսայական հետազոտություն կատարված չէ, որպեսզի պնդենք, որ տղա երեխաների ծնվելու բարձր միտում կա»,-հայտարարեց հանրապետության գլխավոր գինեկոլոգը:

Հայաստանում առկա «տղայապաշտության» պատմական հիմքերը պարզելու համար NEWS.am-ը զրուցեց Ազգագրության ինստիտուտի մասնագետներից մեկի` Արմենուհի Ստեփանյանի հետ: «Տղա երեխաներին նախապատվություն տալը գալիս է դեռեւս ավատական ժամանակներից, որտեղ ժառանգականության իրավունքը վերապահվում էր արական սեռին`տղան էր համարվում հոր ժառանգորդը, իսկ աղջիկ երեխաներին հոր ժառանգությունից բաժին չէր հանվում:

Իսկ հասարակ գյուղացին, հողագործը տղա երեխա ունենալուն նախապատվություն էր տալիս, քանի որ նա դիտվում էր որպես աշխատող ձեռք` աջակցություն տունը կերակրող հորը: Եվ պատահական չէ, որ աղջիկը համարվում էր տան ներսի պատ, քանի որ հեռանում էր հոր տնից եւ իր հետ օժիտ էր տանում, իսկ տղան համարվում էր դրսի պատ` քանի որ ամուսնանում եւ բաժինք էր բերում տուն` հարսի բերածի շնորհիվ շատացնելով տան ունեցվածքը ու ժառանգ ապահովում»,-բացատրեց ազգագրագետը:

Նա նաեւ նշեց, որ ժամանակակից հասարակության մեջ եւս պահպանվում է պատմական իներցիան, որը բնորոշ է ոչ միայն հայ, այլ նաեւ այլ ժողովուրդներին:

Ի դեպ, ինչպես պարզեցին NEWS.am-ի ուսումնասիրությունները, պտղի սեռի ստուգումը հայաստանյան բուժհաստատություններում տատանվում է 5-8 հազար դրամի սահմաններում: Մասնավորապես` «Էրեբունի» ԲԿ-ում գինեկոլոգիական սոնոգրաֆիան, այդ թվում եւ պտղի սեռի ստուգման ծառայությունն արժե 8 հազար դրամ (սովորական` ընդհանուր սոնոգրաֆիան` 6 հազար դրամ), «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում` 7 հազար դրամ, «Արմենիա» ԲԿ-ում գինեկոլոգի կաբինետ այցելությունն եւ երեխայի սեռն իմանալն արժե 6 հազար դրամ, Պերինատոլոգիայի եւ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում` 5 հազար դրամ:

Երբ NEWS.am-ը փորձեց պարզել, թե քանի տոկոս ճշգրտությամբ են կանխատեսում պտղի սեռը, բոլոր կլինիկաներում միաբերան ասացին` «համարյա 100 տոկոսանոց»: Տեղին է հիշել «նոր ժամանակների» մի անեկդոտ. «առաջադեմ» մի ընտանիքում երեխա է ծնվում: Ծնողներից հետաքրքրվում են` տղա՞ է, թե՞ աղջիկ: «Չգիտենք, թող մեծանա, ինքը որոշի»,-լինում է արձագանքը:

                                                                                        Պատրաստեց Ելենա Գեւորգյանը

Комментариев нет:

Отправить комментарий