22 февр. 2011 г.

Զինծառայողները խուսափում են օմբուդսմենի գրասենյակ դիմելուց

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն` օմբուդսմենը բանակում մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնում է երկու ուղղությամբ` դիմում-բողոքների միջոցով և իր սեփական նախաձեռնությամբ: Սակայն մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմ մուտքագրվում են բավականին փոքր թվով դիմում-բողոքներ` զինված ուժերի կամ զինծառայողների անունից:


«Ուղղակիորեն չի կարելի ասել, որ բանակում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը բարձր է, կամ խախտումներ չկան` դրա համար է այսպես: Այլ ընդհակառակը, կան որոշակի կարծրատիպեր` նույն զինծառայողների կողմից, որ իրենք կամ չեն ցանկանում ՄԻՊ-ին դիմել, կամ դիմելիս ենթադրում, որ կարող է իրենց համար որոշակի անցանկալի հետևանքներ առաջանան»,- այսօր կազմակերպված կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ զինծառայողների հարցերով խորհրդական Ռուստամ Մահմուդյանը:

Ի տարբերություն կոնկրետ զինվորներից ստացվող դիմումների փոքր թվի` երբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն են այցելում զորամասեր և առանձնազրույցներ ունենում զինծառայողների հետ, վերջիններից շատերն արտահայտում են իրենց դժգոհությունը կամ իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր տալիս ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին:

Անդրադառնալով Ազգային ժողովի մեծ օրակարգում ընդգրկված «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքին»` Ռուստամ Մահմուդյանն ասաց, որ այն ընդունելու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել: ՄԻՊ աշխատակազմը կանոնագրքում արձանագրել է մոտ 20 թերություն և անհամաձայնություն, որոնք ուղարկել է պաշտպանության նախարարությանը:

«Իհարկե, հաշվի առնելով մեր երկրի կարգավիճակը ռազմավարական այլ խնդիրների պայմաններում` այնուամենայնիվ, «Կարգապահական կանոնագիրքը» խստիվ պետք է համապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի պահաջներին: Ազատության անձեռնմխելիության իրավունքը, դաժան, անմարդկային վերաբերմունքի չարժանացնելու սկզբունքները թե մեր Սահմանադրության, թե միջազգային իրավական փաստաթղթերի մեխն են»,- ասաց Ռուստամ Մահմուդյանը:

«Կարգապահական կանոնագրքից» զատ` պաշտպանության նախարարությունը ԱԺ-ին է ներկայացնելու պաշտպանական բարեփոխումներին ուղղված մի շարք օրինագծեր: Սակայն այս առումով Ռուստամ Մահմուդյանը հետևյալ դիտարկումն է անում. «Մի բան է կատարյալ օրենքներ ունենալը, մեկ այլ բան է այդ օրենքները գործնականում կիրառելը, որովհետև մենք այս պայմաններում էլ վատ օրենքներ չունենք, և այդ օրենքներում հնարավորինս արտացոլված են զինված ուժեր – սպայական կազմ – զինծառայողներ փոխհարաբերությունները»:

Անգամ արդեն իսկ ընդունված լավ օրենքների պայմաններում որոշ հարցեր մնում են բաց: Պաշտպանության նախարարն իր անցյալ տարվա ուղերձում նշել էր, որ սպան պետք է լինի զինվորի ավագ ընկերը: Սակայն ՄԻՊ գրասենյակի կատարած ուսումնասիրությունները վկայում են, որ բանակում կա որոշակի սպայակազմ, որը չի ցանկանում հարմարվել այն մտքի հետ, որ ի տարբերություն ԽՍՀՄ տարիների` այժմ զինվոր-սպա փոխհարաբերություններում անջրպետ չպետք է լինի: Ռուստամ Մահմուդյանի խոսքերով` որոշ սպաների համար անհասկանալի և անսավոր է, որ սպան պետք է լինի զինվորի ավագ ընկերը:

Օմբուդսմենի զինծառայողների հարցերով խորհրդականի խոսքերով` ՄԻՊ-ի գրասենյակի և պաշտպանության նախարարության միջև ձևավորվել է բավականին սերտ համագործակցություն: «Այսօր մարդու իրավունքների պաշտպանվածության ուղղությամբ ՄԻՊ-ի ցանկացած գործողություն, ցանկացած առաջարկություն, ցանկացած որոշում պաշտպանության նախարարությունում անարձագանք չի մնում»,- ասաց Ռուստամ Մահմուդյանը:
                                                                                      Սոնա Ավագյան  HETQ.AM

Комментариев нет:

Отправить комментарий