Անահիտ Գրիգորյան
Հունիսի 28-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում բացվեց գեղանկարիչ Արմեն Վանցյանի առաջին անհատական ցուցահադեսը, որին ներկա էին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, մշակութասեր հանրության ներկայացուցիչներ:
Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին և խոսելով իր ստացած հաճելի տպավորությունների մասին, Արմեն Վանցյանին քաղաքապետարանի կողմից շնորհակալագիր և "100 խմբագրություն" գիրքը նվիրեց:
Ցուցահանդեսի մասին իրենց տպավորություններով կիսվեցին Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, ՀՀ Գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արկադի Ծատուրյանը: Մի տպավորություն բոլորն էին ստացել` գեղանկարիչը աշխարհին նայում է հստակ հայացքով ու այն պատկերում` բարի վրձնահարվածներով, կենսունակ գույներով, սիրով...
Ցուցահանդեսից հետո Գորիսի մամուլի ակումբի երիտասարդ լրագրողները ցանկություն հայտնեցին Արմեն Վանցյանին, նրա կնոջը ու ցուցահանդեսի մասնակիցներին հյուրընկալելու ակումբում: Անկեղծ ու հետաքրքիր զրույց ծավալվեց:
Արմենը ծնունդով Ախալքալաքցի է, ապրում և ստեղծագործում է Երևանում, դասավանդում է արվեստի ուսումնարանում: Նրա կինը` մասնագիտությամբ երաժշտագետ Կարինեն, նշում է, որ հպարտ ու երջանիկ է, որ իր ամուսինը նկարիչ է. "Մեր տունը նաև Արմենի արվեստանոցն է: Ես սիրում եմ ակամա մասնակիցը լինել նրա` նաև ստեղծագործական կյանքին. հրաշք բան է կտավի ծնունդը...":
Սեր, հայրենիք, ընտանիք. թեմաներ, որոնք առաջնային են նկարչի աշխատանքներում: Ընդունելով, որ տաղանդը կարևոր է` Արմենն ամեն դեպքում առաջնայնությունը տալիս աշխատասիրությանը: "Նկարիչ դառնում են և ոչ` ծնվում",-նշում է Արմենը:
Իսկ թե ի՞նչ է պատկերել նկարիչն իր առաջին ստեղծագործության մեջ` չհիշեց:
"Գեղանկարչությունը ինձ համար վեր է մասնագիտություն լինելուց. այն իմ կյանքն է: Եթե անգամ արտերկրում աշխատանք առաջարկվի` կմեկնեմ, բայց, իհարկե, անպայման հետ գալու հավատով",-ասաց Արմենը:
Ասուլիսին ներկա Ժիրայր Մարտիրոսյանը նշեց. "Արմենը, իրոք, հրաշալի զգոցողություն ու...աչք ունի: Նրա փնտրտուքը զգալի է, ու հենց այդ փնտրտուքն է դեպ կատարելություն ու անկեղծություն տանող ուղին:
Վերջում Արմենը նշեց, որ Գորիսն իրոք հիասքանչ է, որ այստեղ կարելի է անվերջ նկարել, որ բազմաթիվ...պատկերներ ու զգացողություններ անպայման կտավ են դառնալու, որ Գորիսը ներշնչանքի քաղաք է...
Комментариев нет:
Отправить комментарий