16 мая 2011 г.

Վերաբերմունքի էս "օժիտով" էլ գնացի Թուրքիայից Հայաստան ժամանած լրագրողների հետ հանդիպման

Մեր գյուղի կինոմեխանիկ Գիրոն, չգիտես ինչու, այն ժամանակ, երբ ֆիլմերի ազդագրերը ձեռագիր էին, պատերազմին վերաբերող ֆիլմերի վերնագրերը միշտ սև տուշով էր գրում, հնդկական կինոնկարներինը` կարմիր: Ու այնքան հետևողական էր այդ գործում, որ դպրոցական երեխաներս կարծում էինք, թե դա պարտադիր է: Ու պատերազմին, իհարկե էն ժամանակ միայն Մեծ հայրենականին, վերաբերող ֆիլմերը դեռ չսկսված,. արդեն արմատացած կարծրատիպ վերաբերմունք ունեինք. ֆաշիստները կմեռնեն, մերոնք էլ, թեկուզ մեկ տանկով, հաստատ կհաղթեն: Երևի դրանից էր նաև, որ դիմացինին վիրավորելու ամենասպանիչ պիտակը ֆաշիստն էր:

Մի օր Գերմանիայից մեր դպրոց հյուրեր էին եկել: Դպրոցի տնօրեն հայրս պիտի նրանց հյուրընկալեր մեր տանը: Տատս, որի ամուսինը մահացել էր Մեծ հայրենականում` այդպես էլ չտեսնելով դստեր ծնունդը, լսելով այդ մասին, ընդդմիացավ. ,,Ես դրանց առաջ հաց դնող չեմ,,: Խոսքի տերը եղավ, սենյակից դուրս չեկավ: Մի քանի օր էլ նեղացած էր, հանդիմանում էր հորս, որ, ով գիտի, գուցե հենց նրանցից մեկի ձեռքով է զոհվել պապս: Այդ տարիներին ֆաշիստի կերպարն այնքան էր արմատացած մեզանում, որ բոլորս հոգու խորքում համաձայն էինք նրա հետ, բայց ,,ռայկոմից էին կարգադրել,,:

Տարիների հետ այս զգացումը չգիտեմ տեղի տվեց, թե սերունդները փոխվեցին. ավելի հանդուրժող ու բարյացակամ դարձանք: Նույն կերպ էլ, հավանաբար, ամենքիս մեջ նստել ու դուրս չի գալիս թուրքի կերպարը ու հիմա էլ, այդ բառն է հոմանիշի վերածվում, եթե ուզում ես մեկի մասին վատ կարծիք ստեղծել: Հենց վերաբերմունքի էս օժիտով էլ գնացի Թուրքիայից Հայաստան ժամանած լրագրողների հետ հանդիպման: Որքան էլ, որ Գորիսում նրանց հյուրընկալողներս, նախապես մտածում էինք չլարվել, այնուամենայնիվ, սկզբում ինչ-որ անջրպետ կար, որը, բարեբախտաբար, կամաց-կամաց հաղթահարվեց: 

Թերևս սա այն եզակի դեպքերից էր, երբ զրույցի թեման պակաս կարևոր էր /մեկից էլ մեկ պարզ է, որ այն, եթե ոչ ամբողջությամբ, ապա հիմնականում վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին/, քան այն, որ մենք նստել էինք իսկապես կլոր սեղանի շուրջ, սուրճ էինք խմում ու ծիծաղով պատմում, թե հանդիպումից մեկ ժամ առաջ ինչպես էին Տաթևից ճոպանուղով վերադառնալիս մի քանի րոպե մնացել օդից կախված: Ու վստահ եմ, եթե սեղանի շուրջ չլինեինք, ինչ որ մեկն այդ մասին պատմեր, երևի կասեի` տեղն է դրանց: Հիմա, ընդհակառակը, որքան էլ զարմանալի է, չարություն չկա մեջս, անգամ հանդիմանում եմ նրան, ով կատակում է, թե դիտմամբ էինք արել: 

Չարություն չկա, ոչ թե նրա համար, որ աչքիս լույսն են, այլ որովհետև զրուցելու, խոսելու հնարավորությունը չեմ ուզում կորցնել. վերջը, պի՞տի առանց կողմնակի մեկնաբանությունների, հենց նրանցից լսեմ, թե ինչ են մտածում հայի` ապրելու չափանիշ դարձրած խնդրի, համարյա մի դար տևող թշնամության ու այն ամենի մասին, ինչը վերաբերում է հակամարտությունների արմատին, նաև նրանց կրտսեր եղբայր Ադրբեջանի` աշխարհով մեկ արած ստերին: Թող հանդիպման մասնակից բիզնեսմեն Շահենը խոսի Թուրքիայի` Եվրոխորհրդի անդամակցության խնդրի մասին, Մարատն էլ, որպես իրավապաշտպան, անդրադառնա Եվրոդատարանում Թուրքիայից ստացվող մեծ թվով հայցերին, Ռուզանը պատմի, թե ոնց են աջակցում կանանց ակտիվության բարձրացմանը կամ Թուրքիայում կանայք գլխաշորով ման կգան, թե` գլխաբաց: 

Ինձ համար /երևի ոչ միայն ինձ/ կարևորը երկխոսության հնարավորությունն է, այն, որ կարողացանք լսել միմյանց, խոսել մեր առանձին ու ընդհանուր խնդիրների մասին, ու այդ ամենը, բարեբախտաբար, հարցաքննության չվերածվեց, որի վտանգը թերևս կարելի էր ենթադրել: Նաև լուսանկարվեցինք և, երբ հանդիպումից հետո նայում էի լուսանկարները, հիշեցի, որ համակարգչիս մեջ մի քանի հին լուսանկար ունեմ, որտեղ մեր գյուղի դպրոցի ուսուցիչներին էին ու..Լաչինի էն ժամանակ չգիտեմ որ դպրոցից հյուրեր: Լուսանկարները ջնջելու ցանկություն չեմ ունեցել անգամ այն ժամանակ, երբ 92-ին Գորիսը գնդակոծվում էր, ու գրադից անմասն չմնաց նաև մեր տունը: Երևի պահել էի այսօրվա համար, որ կարողանայի առանց չարության հարցնել, թե ինչ են մտածում իրենց արյունակից /արյունակի՞ց/ ադրբեջանցիների մասին, ովքեր շարունակում են չգնահատել խաղաղությունը: Ու, երբ լսում եմ զրուցակիցներիս, ովքեր բնականաբար, չեն ժխտում Թուրքիայի` Ադրբեջանի հովանավորությունը, կարծես թե հավատում եմ, որ, այնուամենայնիվ, ինչ որ սերունդ ուժ է ունենալու խոստովանելու կատարված ոճիրը և հայի ներողամտությունն էլ տեղի է տալու:

Սա ժամանակի խնդիր է, չգիտեմ քանի տարվա, բայց համոզված եմ, որ եթե ոչ

դիվանագետները, իշխանությունները, քաղաքագետները, այլ սովորական մարդիկ, հասարակությունը հաճախ հնարավորություն ունենան այսպիսի հանդիպումների, շփումների, երկխոսության, նույնքան թշնամանքի զգացումը երկուստեք կմեղմանա, ու ավելի հեշտ կլինի խոսել բաց սահմանների ու խաղաղության մասին: Սա ավելի կարևոր է մայրաքաղաքից դուրս, որտեղ ևս համոզված են, որ հայ-թուրքական հարաբերությունները երբեմն նաև շահարկվում են սոցիալական խնդիրների քննարկման ընթացքում, և սահմանի բացումը կամ պատերազմի վերսկսման վտանգը սրի նման ճոճում հասարակության գլխին: Ու, եթե հասարակությունն ինքը հնարավորություն ունենա լսելու, որ, այնուամենայնիվ, սահմանից այն կողմ էլ կան մարդիկ, ովքեր սառը կամ իրական պատերազմների կողմնակից չեն, ովքեր քաղաքացիական համարձակություն ունեն իրենց լրատվամիոցներում նաև ճշմարտությունը ներկայացնել, կհասկանա, որ եթե ոչ հավերժական, ապա գոնե երկարատև խաղաղությունը, համագործակցությունն այնքան էլ անիրական չեն:

Տատս էլ չէր հավատում, որ նեմեցներին կհյուրընկալենք մեր տանը…
                
                                                                                            Սուսաննա Շահնազարյան
                                                                                                           

Комментариев нет:

Отправить комментарий