11 мая 2011 г.

Մեր դարդության տանգոն

2006 թվականից ի վեր Եվրատեսիլին մասնակցող Հայաստանն առաջին անգամ ձախողվեց կիսաեզրափակիչում եւ զրկվեց եզրափակչին մասնակցելու հնարավորությունից: Եվրոպան անհաղորդ մնաց մեր “Բում, բումին”: Ըստ երեւույթին, Հայաստանի նախորդ մասնակիցները այնքան դհոլ-զուռնա նվագեցին եվրոպական բեմերում, որ եվրոպացիները հայերից դրանից բացի ոչինչ չեն սպասում, եւ եթե հայերը բեմ են բարձրանում առանց դհոլի ու զուռնայի անգամ թեթեւ ելեւէջների, եվրոպացիները դառնում են խուլ եւ կույր:

Այս անգամ ոնց որ թե սփյուռքն էլ չօգնեց: Կամ հոգնել է սփյուռքը, ձանձրացել, կամ սփյուռքի նախարարին է տվել ուշքն ու միտքը, կամ էլ պարզապես մենք տարիներ շարունակ գերագնահատել են սփյուռքի դերը Եվրատեսիլում:

Բա հիմա ինչ ենք անելու: Թվում է, որ եթե 8-րդ, կամ 4-րդ տեղերով իրար էինք անցնում եւ գրեթե համազգային տոնակատարության մակարդակի հասցնում աղմուկը, ապա ներկայիս անհաջողությունը պետք է հասցնենք ողբերգության մակարդակի: Ընդ որում, նույնիսկ չի էլ բացառվում, որ Էմմին, նրա հարազատները, մտերիմները, նրա ջերմ երկրպագուները հենց այդպես էլ տանեն կատարվածը:

Ոմանք էլ, օրինակ ասենք Եվա Ռիվասը, կարող են հիշել նախորդ տարվա Եվրատեսիլի հայաստանյան մասնակցի ընտրության աղմուկը, որ բարձրացրին Էմմին ու նրա մայրը, հայտարարելով, որ Ռիվասը կեղծ ընտրությամբ է ընտրվել: “Սրա համա՞ր էիք աղմկում”. գուցե հեգնական կխայթեն շատերը:

Նաեւ պարզվեց, որ այդ մեզ է թվում, թե ամբողջ աշխարհը հիանում է ասենք մեր Արթուր Աբրահամով: Իրականում պարզվեց, որ Էմմիի երգի հոլովակում նրա ներգրավումն ամենեւին էլ որեւէ լուրջ ազդեցություն չի թողել եվրոպացի հանդիսատեսի վրա:

Անշուշտ, տեղի ունեցածը կդառնա մամուլի բազմաթիվ հրապարակումների, վերլուծությունների, մեկնաբանությունների առարկա: Բայց, այն հասարակությունների կամ այն ժողովուրդների համար, որոնք կարող են ամենաչնչին մրցույթի մի հաղթանակը ազգային սնապարծության տոն դարձնել եւ լցվել օդով, անհաջողությունները թերեւս դաս քաղելու եւ հետեւություններ անելու ամենապատեհ ժամանակն են:

Միգուցե հարմար պահ է մտածելու, թե արդյոք Եվրատեսիլն արժե այդքան, որքան ուշադրության է արժանանում Հայաստանում: Արժե արդյոք ազգային-ազատագրական հրճվանք կամ ողբերգական ճիչեր արձակել Եվրատեսիլում հաղթանակի կամ պարտության կապակցությամբ, արժե արդյոք ընդհանրապես Եվրատեսիլի շուրջ որեւէ աղմուկ անել: Ժամանակը չէ արդյոք մի քիչ թեթեւ տանել այդօրինակ շոուները: Մտանք եզրափակիչ, չմտանք եզրափակիչ, Ռիվասը գնաց, թե Էմմին գնաց, թե գնաց Հայկանդուխտը, “բում, բում” երգեց, թե “դըմբ, դըմբ”:

Հասկանալի է, որ Հայաստանի շոու-բիզնեսի այսպես կոչված աստղերը Տաշիրի բնակարանների ու մեքենաների ձգտելուց բացի, նաեւ Եվրատեսիլի համերգի են ձգտում, քանի որ Հանրայինի հաշվին այսպես ասած ռասկրուտկա են լինում Եվրոպայում, նաեւ հնարավորություն են ստանում Եվրոպայի մեծ բեմում երգել եւ իրենց ցույց տալ արտասահմանցի ձայնագրիչներին ու պրոդյուսերներին: Թող անեն, ոչ ոք դեմ չէ: Միայն թե թող անեն իրենց համար, իրենց շրջապատի համար, իրենք իրենցով ուրախանան, իրենք իրենց դարդով տապակվեն: Հասարակությունը շատ ուրիշ դարդեր ունի, որոնց դարման գտնելը շատ ավելի լուրջ եւ կենսական հարց է: Ու խոսքը միայն քաղաքականության մասին չէ: Թեկուզ հենց արվեստի, թեկուզ հենց շոու-բիզնեսի բնագավառներում հանրային ուշադրության եւ քննարկումների, հասարակական կարծիքի արժանի շատ ավելի լուրջ հարցեր, երեւույթներ կան, քան Եվրատեսիլի դարդը:

Սակայն քիչ է հավանականությունը, որ այս համեմատական անհաջողության “շնորհիվ” մենք այդ դարդից կպրծնենք: Հաջորդ տարի, ըստ ամենայնի, լինելու է նույն պատմությունը: Եթե հայ ժողովրդի կյանքում պատմությունն ամեն դար, ամեն տասնամյակ, ամեն տարի, ամեն ամիս ու ամեն շաբաթ կրկնվում է, ինչու պետք է Եվրատեսիլը բացառություն լինի:

                                                                                                  ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ
                                                                                                  lragir.am

Комментариев нет:

Отправить комментарий