6 мая 2012 г.

Մենք, “Ավանգարդ” երթուղայինը և Սուրիկի անվերջանալի դժգոհությունը

,,Ավանգարդ,, երթուղային տաքսու վարորդը
Քրիստինե Հայրապետյան
Գորիսում գրեթե բոլորը ճանաչում են ,,Ավանգարդ,, երթուղային տաքսու վարորդին՝ Սուրիկին: Երթուղայինից օգտվողները քաջ ծանոթ են Սուրիկի անվերջանալի դժգոհություններին. որ կամ դուռը ուժեղ, շրխկոցով փակելու համար է խոսում կամ էլ…Մի խոսքով՝ մարդը դժգոհ լինելու առիթի պակաս չի ունենում...
Քաղաքի` առանց այն էլ սակավաթիվ երթուղայինների վարորդներից ոչ մեկը, դժգոհողի իր մշտական կերպարի մեջ, երևի, նման չէ նրան:

Ուղևորները նրանից են դժգոհ, նա էլ՝ ուղևորներից:
Սուրիկի ,,ուշադրությանը” արժանանում են գրեթե բոլորը՝ աղջիկ, կին, երեխա, տղամարդ, կարելի է ասել` սեռային ու տարիքային սահմանափակում չկա: Եթե ուղևորներից մեկը իջնելիս` երթուղայինում գտնվող իր ծանոթի տոմսի համար վճարում է առանց տոմս վերցնելու՝ ուղղակի 50 դրամ վճարելով, ապա դրանով նրան հաստատ ,,լավություն,, չի անում: Ու եթե Սուրիկը ,,անտոմս” ուղևորի դեմքը մտապահած չի լինում` (սովորության համաձայն կամ շրջվում է ուղևորների կողմը կամ էլ դիմացի հայելիով է տեսնում, թե որ ուղևորի տոմսի համար են վճարել) իջնելիս հետևից նետում է` ,,Բա քու տեղը հու՞ պիտի քիցի էէէէէ~,,: Նրա տոմսերի քանակը, ինչպես միշտ, սահմանափակ է… Եղածն էլ՝ սևացած, ճմրթված…

Ամեն օր Սուրիկի երթուղայինում մի ,,հետաքրքիր,, բանի եմ ականատես լինում` և’ զավեշտալի, և’ նյարդայնացնող:

Մի քանի օր առաջ էր. մի կին կանգառում իջնելիս իր ծանոթներից չորս հոգու համար տոմս խնդրեց Սուրիկից, բայց… էլի տոմս չկար: Նա կնոջը մեկնեց տոմսի համար վճարած գումարն ու ասաց. ,, Տու ավելի լավ ա էս 50 դրամներն իրանց տաս, որ իջնելիս իրանք իրանց տեղը քիցեն, տենց ավելի ճիշտ ա,,: Կինը մի պահ շփոթվեց, չիմացավ՝ ինչ անի: Սուրիկը պնդեց, բայց նա հետ չվերցրեց փողը, իր ծանոթների կողմը շրջվեց ու ասաց` ,,Կիջնե’ք,ստացած ա,,, ու իջավ:

Բայց միևնույն է, բոլորի հետևից խոսում է Սուրիկը ու անհարմար դրության մեջ գցում ուղևորներին:

Ուղևորներիս ուզածը բնավ էլ գերսիրալիությունը չէ: Գոհ կլինենք, եթե նա կարողանա իր տրամադրությունը մեզ վրա…չմանրել. չէ՞ որ նա գործ ունի մարդկանց հետ, որոնք առանց այն էլ սեփական այնքա~ն խնդիրներ ունեն…

Եվ, ի վերջո, նրա արածն էլ բարեգործություն չէ…

Անկասկած՝ վճարվում է…

Комментариев нет:

Отправить комментарий