6 мая 2012 г.

Հնարավոր է չէ՞, որ հենց իմ ձայնը որոշիչ լինի

Անահիտ Գրիգորյան
,,Վե’ր կաց, էն նոր առած շորդ հագի, գնա ընտրության,, -մայրս այսօր առավոտյան ինձ այսպես արթնացրեց:

Մեծ ոգևորություն ապրեցի, առաջին անգամ պիտի մասնակցեմ ընտրության: Երկար խորհում էի, թե ում ընտրեմ , սկզբում որոշեցի` գնամ, թղթի վրա ամեն մի կուսակցության հասցեին մի քանի տող գրեմ, որ ամսից ավելի է, եթերում մեկը մյուսին կրկնում են, հետո էլ մտածեցի, որ վերջիվերջո հնարավոր է , որ իմ ձայնն էլ է որոշիչ:

Գնալուց առաջ պապիկս հարյուր անգամ հիշեցրեց, որ անձնագիրս չմոռանամ: Ճանապարհին էլ չմոռացավ հարցնի, թե անձնագիրս վերցրե՞լ եմ:
Հպարտ քայլում էի փողոցով, հանդիպեցի մեր հարևան Համոյին, հարցրի, թե ինչու՞ կինը ևս չի գալիս քվեարկելու, դժգոհ-դժգոհ պատասխանեց. ,,Գա, ի՞նչ անի, ես էլ գնում եմ ընտրեմ, որ մի 5 տարի էլ փոսի մեջ մնանք,, : Չեմ հիշում թե ինչ էին խոսում ինձ հետ քայլող պապիկս, հայրս, Համոն , որովհետև շարունակ մտածում էի, թե ու՞մ ընտրեմ, փորձում էի խոստումները հիշել հերթով, բայց`ապարդյուն:

37/07-րդ ընտրատարածքի տեղամասում մեծ հերթ էր: Մարդիկ փորձում էին մեկը մյուսից առաջ ընկնել, երևի ոչ այն պատճաով, որ ոգևորված էին իրենց քաղաքացիական պարտքը կատարել, ուղղակի օրը կիրակի է, երևի հարյուր գործ ունեն: Կանգնածներից մեկը, մատնացույց անելով հերթը խախտողներից մեկին, նկատեց. "Էստեղ էլ մեջք ա պետք,որ շուտ պրծնես":

Մեկ էլ մի ուրիշը էնտեղից եկավ. ,,Կներեք էլի, ես պիտի Երևան գնամ, ,- ասաց ու առաջ ընկավ. պարզվեց, որ տաքսու վարորդ է: Նրան մեղադրել չի կարելի, եկել էր ընտրության, գուցե հույս ուներ, որ իր երկրի վիճակը կփոխվի և մի օր ոչ թե ինքը վարորդ կլիներ, այլ ծառայական ավտոմեքենա ու վարորդ կունենար: Մեկ ուրիշը փորձեց հերթից դուրս քվեարկել. ,,Սվաղ ենք անում, թողեք, քվեարկեմ գնամ, ցեխը կչորանա,,:

Պապիկս մի պահ կորցրի իմ տեսադաշտից. Մեկ էլ ի՞նչ տեսնեմ` արդեն քվեարկել, պրծել էր, դրսում սպասում էր. փաստորեն մեջք ուներ:

Վերջապես հերթը հասավ ինձ. անձնագիրս վերցրին, գրանցեցին, մեկ էլ էն եմ հիշում, որ երկու թուղթ տվեցին: Մտա քվեախցիկ, ի՞նչ էր կատարվում ինձ հետ, ասես ես էի որոշում թե ով է լինելու , ու՞մ ընտրեմ, ի՞նչ անեմ ,անգամ համալսարանում` բաժինս ընտրելուց, այդպիսի զգացում չունեի : Ընտրակաշառք վերցրած լինեի, պարտավորված մեկին կընտրեի: Մեծավարի մտքիս մեջ ծանր ու թեթև արի ու` Էհ, ընտրում եմ, ինչ լինելու ,է, թող լինի , ու հիշեցի, որ պապիկս տնից դուրս գալուց ասեց` պտիչկա կդնես …դրեցի ու դուրս եկա: Սկզբում նայեցի բոլորի խեղճ դեմքերին. ամենքն էլ մի հույսով եկել էին ,հետո էլ գլուխս բարձր գնացի, վերցրին անձնագիրս, կնքեցին /մարդիկ անձնագրերում դրա տեղը վիզաներ ունեին խփած, իմն էլ ի~նչ, ընտրության կնիք էր, որ մինչ տուն հասնելս գրեթե չէր էլ երևում/:

Տանն ինձ դիմավորեց մայրս. նրա համբույրից հասկացա, որ իրականում տոն էր ինձ համար, իսկ ես դա միայն հիմա եմ զգում: Փորձեցի ուրախությունս կիսել Համոյի հարս Նելլիի հետ, հարցրի, թե ինչու՞ ընտրության չի գնում, զայրացավ. ,,Որ ընտրեմ, ամուսինս Ռուսաստանից կգա՞: Անցած ընտրություններին քվեարկեցի, հույսով, որ Հայաստանում աշխատանք կլինի, կգա: Չորս տարի հետո էլ, միևնույն է, պատկերը չի փոխվելու : Շատ-շատ այդ ժամանակ հնարավոր կլինի սկայպով խոսելուց իրար ձեռք բռնել, թե չէ ի~նչ համամասնական, ի~նչ մեծամասնական….,,

Ի՞նչ, Նելիի կարծիքով ես իզու՞ր եմ գնացել ընտրության. չէ, ճիշտ եմ վարվել, ես ինձ վստահում եմ, հնարավոր է չէ՞, որ հենց իմ ձայնը որոշիչ լինի:





Комментариев нет:

Отправить комментарий