9 мая 2012 г.

Մեծ պապիս մասին կամ` հիշենք հերոսներին, որ խաղաղությունը շարունակի բացարձակ արժեք լինել

Արմենակ Թամրազյան 
Քրիստինե Հայրապետյան
Դեռ մանկուց հիշողությանս մեջ դրոշմվել է հորս Արմենակ պապի` շրջանակի մեջ դրված մեծադիր նկարը, որ միշտ կախված էր պապիս տանը:

Մեծ պապիս միակ նկարն էր, որ տեսել եմ երբևէ:
Ծնողներիցս լսել էի, որ Արմենակ պապս մեկնել է Մեծ Հայրենական պատերազմ ու էլ…

Ռազմաճակատ էր մեկնել Բաքվից: Այնժամ ինքն այնտեղ էր աշխատում-վաստակում, իսկ ընտանիքն գյուղում էր` Խնձորեսկում:
Մեծ տատիս խնամքին էր թողել իր չորս մանկահասակ երեխաներին ու գնացել…

Կռիվ մեկնել էր առանց հրաժեշտի ու մեկնել էր...անվերադարձ:
Իր երկու քույրերից ու եղբորից ավագն էր պապս. ընտանիքի հոգսը շուտ էր իր ուսերին առել, օգնել, սատար եղել մորն ու տատին, ողջ ընտանիքին: Կիսատ էր թողել ուսումը, որպեսզի ընտանիքի համար վաստակի հանապազօրյա հացը: Սովորել էր արհեստներ` է'լ դարբին ու հյուսն, է'լ... Աշխատել էր օրնիբուն: Հմուտ արհեստավոր է դարձել` իր ուսերին տանելով ընտանիքի հոգսը :

Բայց միշտ մի խորունկ վիշտ մնացել է նրա աչքերի խորքում, նրա հոգում: Երկար տարիներ հրաշքի են սպասել: Անորոշությունը, որ միշտ ու բոլոր հանգամանքներում էլ ահավոր է, տանջել է տնեցիներին` գոնե մի լուր, մի նամակ, մի թուղթ ստացվեր...Անհայտ կորած էր համարվում: Տարիներ հետո միայն պարզվել է, որ հորս պապը` Արմենակ Հայրապետի Թամրազյանը, զոհվել է 1943թ., Ղրիմում:

Պապիս խորունկ ու բարի աչքերում միշտ մնաց հոր հանդեպ ունեցած կարոտը, որ, իրենից անկախ հանգամանքներում, ճակատագրին դեմ հանդիման էր թողել ընտանիքն ու անդարձ գնացել… Ու, անկասկած, դեռ ինչքա~ն անկատար գործեր ու նպատակներ է ունեցել Արմենակ պապս:

Եվ որքա~ն ընտանիքներ են որբացել պապիս ընտանիքի պես, որքա~ն ճակատագրեր են բառացիորեն կոտրվել պատերազմի արհավիրքներից…

Իմ սերնդին բաժին է հասել հիշողությունների...շիթեր միայն, իսկ որքա~ն ցավ ու վիշտ են տեսել, ուղղակիորեն իրենց ուսերին կրել ավագ սերունդները...

Ժամանակը վերքեր է սպիացնում, բայց մենք, մենք պիտի այնպես անենք, որ հիշողությունները չխամրեն, որ սխրանքները հիշվեն, որ խաղաղությունը, հիրավի, բացարձակ արժեք լինի բոլոր ժամանակներում ու բոլոր սերունդների համար:

Եկող սերունդներն էլ չպետք է մոռանան Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին…

ՓԱ~ՌՔ ՁԵԶ, ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐ...

Комментариев нет:

Отправить комментарий