Անահիտ Բաղդասրյան
Մայիսի 9-ին Գորիս քաղաքում ևս տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակին: Շուշիի ռազմական գործողության փայլուն հաղթանակը հայ ազատամարտիկների ռազմական բացառիկ սխրանքն էր: Շուշիի ազատագրման շնորհիվ Արցախը նվաճեց փաստացի անկախություն:
Հայրենական մեծ պատերազմում խորհրդային և դաշնակից զորքի տարած հաղթանակն անչափ կարևոր էր նաև հայ ժողովրդի համար: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարող մոտ 600 հազար հայ զինվորներից 9161-ը Գորիսի շրջանից էին: Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան այցելած գորիսեցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մայիսյան հաղթանակների բոլոր հերոսների սրբացած հիշատակին: Անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին Գորիսի պետական այրերը, վետերանները, զինվորականներն ու հոծ խմբերով` իրենց զավակների հետ եկող քաղաքացիները:
Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը ողջունեց բոլոր վետերաններին, զինվորներին, ողջ հայ ազգին մայիսյան հաղթանակների առթիվ:
Շնորհավորանքներն ու երախտիքի խոսքը ասացին նաև Գորիսի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանը, զինկոմի տեղակալ, մայոր Արմեն Հարությունյանը և այլոք:
Բոլոր ելույթների միջով, որպես հայրենասիրության ու արժանապատվության հենք, անցնում էին Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի, Գարեգին Նժդեհի և հայ ուրիշ երևելի զավակների խոսքերը:
Ներկաներն ականատես եղան նաև զորամասի զինվորական շքերթին:
Իսկ վերջում ներկա վետերաններին հրավիրեցին զինվորական դաշտային ճաշի:
Այսօրվա վետերանների գործ-սխրանքն իսկապես անգնահատելի է, իսկ հայրենիքի փրկության համար իր կյանքը զոհաբերած յուրաքանչյուր զինվորի անուն՝ անմահ:
Այս հաղթանակներն են կրթում այսօրվա զինվորին, ստիպում մեզ խոնարհվել՝ հանուն հաղթանակի և հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած պանծալի հայորդիների հիշատակի առջև:
Комментариев нет:
Отправить комментарий