15 мая 2011 г.

Հ1-ը ոչ թե պետք է քմահաճություններով զբաղվի, այլ պրոֆեսիոնալների ներգրավի. Լեյլա Սարիբեկյանը՝ «Եվրատեսիլի» մասին

«Հ1-ը ոչ թե պետք է քմահաճություններով զբաղվի, այլ պետք է պրոֆեսիոնալների ներգրավի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Լեյլա Սարիբեկյանը՝ անդրադառնալով «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Էմմիի ձախողմանն ու Ադրբեջանի ներկայացուցիչների հաղթանակին:

«Առհասարակ , եթե ազգ ենք ներկայացնում, եթե որոշում ենք մասնակցել այդ մրցույթին, եթե գնում ենք դրան, ապա պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերենք,- ասաց նա և հարցադրում արեց:- Ես ինչո՞ւ «Եվրատեսիլի» համար երգ չեմ գրում. որովհետև գիտեմ, որ իրենք իրենց թայֆաբազությունը վերջը անելու են: Եթե դա Հ1-ի մասնավոր գործն է, մասնավոր ցանկությունն է, ապա չխառնվենք, ինչ ուզում են, թող անեն, բայց եթե ազգի ներկայացման հարց է, չենք կարող չմտահոգվել»:


««Եվրատեսիլին» ներկայացված մեր բոլոր երգերը եղել են շինծու, արհեստական և նպատակային գրված, իսկ նպատակային գրված երգերը միշտ տանուլ են տալիս»,- ասաց Լեյլա Սարիբեկյանը՝ հավելելով, որ «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացրած երգերից «մի քիչ մեղեդային» է եղել միայն Հայկոյի երգը:

Ինչ վերաբերում է Էմմիի ելույթին, Լեյլա Սարիբեկյանն ասաց. «Էմմիի վոկալային, տեխնիկական հնարավորությունները շատ ավելի մեծ էին և նա ավելի մեծ հաջողություն կունենար, եթե իրեն բնորոշ, խորքային և տակը նյութ ունեցող երգով ներկայանար»:

Լեյլա Սարիբեկյանն ասաց, որ ինքը Էմմիին՝ որպես երգչուհի, հավանում է: «Ես Էմկային հավանում եմ և ափսոսում եմ, որ նրա ուժերը և հնարավորությունները չկարողացանք ըստ արժանվույն ներկայացնել դրսում: Ամոթ է, երբ հնչում է «Արմենիա» բառը, և մենք ներկայացնում ենք այդքան պարզունակ երգ»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի մասնակցության կազմակերպչական կողմին ու փիարին՝ երգչուհին ասաց. «Բավական թույլ էր կազմակերպված: Նույնիսկ Հայաստանում երգը չհնչեց, տեսահոլովակը քանի՞ անգամ ցուցադրվեց»:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Էմմին չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանի նախորդ բոլոր ներկայացուցիչները հասել էին եզրափակիչ փուլ:                          tert.am

Комментариев нет:

Отправить комментарий