Գորիսի տարածաշրջանում մարդիկ չեն կարողանում հանրային ծառայությունների տարբեր ոլորտներում օրենքով նախատեսված տեղեկատվություն ստանալ, մատուցված ծառայությունների վատ որակի համար իրենց վերաբերմունքն արտահայտել:
Հասարակությունն անտեղյակ է հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող քաղաքականությանը, որոշումների կայացման գործընթացին, ծառայությունների մատուցման որակի ապահովման համար իշխանությունների կողմից իրականացվող նախաձեռնություններին, քանի որ հանրային ծառայություն իրականացնող կազմակերպությունները և տեղական իշխանություններն այդ մասին չեն տեղեկացնում հանրությանը, մյուս կողմից` հասարակական հնչեղություն չի հաղորդվում հանրային ծառայությունների մատուցման ոլորտում առկա խնդիրներին:
Գորիսի տարածաշրջանի, հատկապես գյուղական բնակավայրերում, բնակչությունը տեղեկացված չէ հանրային ծառայությունների որակին վերաբերող օրենսդրությանը, որն ընդունվել է մարդկանց կյանքը զգալիորեն բարելավելու համար: Շատ հաճախ, ձգտելով հասնել ծախսերի կրճատման, ծառայություն մատուցողները նվազեցնում են իրենց կարծիքով ավելորդ ծախսերը, որոնք, իրականում ,անհրաժեշտ են ծառայության որակի ապահովման համար:
Մարդիկ իրենց խնդիրները ներկայացնելիս նշում են էներգամատակարարման ցանցի մաշվածության, որոշ համայնքներում թվայնացված հեռախոսակապի դեպքում հոսանքազրկման պատճառով նաև հաղորդակցության հաճախակի ընդհատման, անհարկի հոսանքի անջատումների, դրանց մասին հանրությանը չտեղեկացնելու, ինչպես նաև խմելու ջրի մատակարարման որակի, ոչ բավարար ժամանակով ջրապահովման, խմելու ջրի վարձավճարների համար դատական քաշքշուկների և այլ հարցերի մասին:
Հանրային ծառայություններից օգտվողների իրազեկության բարձրացման, մատուցվող ծառայությունների ցածր որակի դեպքում մարդկանց կարիքները ներկայացնելու գործում կարևոր դերակատարում կարող են ունենալ տեղական ԶԼՄ-ները, սակայն եթե մայրաքաղաքում ԶԼՄ-ները հրապարակումների, մամուլի ասուլիսների, կոնֆերանսների միջոցով կարողանում են իրազեկել հանրությանը, ապա հեռավոր մարզում տեղական էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցները հազվադեպ են անդրադառնում այդ խնդիրներին:
2008թ.հունվար-փետրվար ամիսներին փաստաթղթային մոնիտորինգ է կատարվել Սյունիքի մարզի 3 տպագիր լրատվամիջոցներում, տեղական հեռուստաընկերության երեկոյան հաղորդումներում, որի արդյունքում հանրային ծառայությունների ոլորտին անդրադարձել է միայն մեկ լրատվամիջոց` 1 անգամ: Դրա հետ միասին, հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունների ոլորտում բացակայում է թափանցիկությունը, չի գործում հաշվետվողականության համակարգ:
2006թ. մեր կազմակերպության կողմից Գորիսի տարածաշրջանում հանրային ծառայությունների ղեկավարների հետ անցկացված հարցազրույցների ժամանակ հարցվողների մեծ մասը հաստատել է, որ չնայած 2003թ. ընդունված ՙՏեղեկատվության ազատության մասին՚ օրենքը տարածվում է նաև հանրության որոշ ոլորտներում ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների վրա` ըստ որի այդ ծառայությունների ղեկավարները պարտավոր են օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տարածել հանրային ծառայությունների մատուցման որակի, խնդիրների, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, այնուամենայնիվ, չեն կատարում օրենքով իրենց վերապահված պարտականությունները և այդ գործում ակնկալում են լրագրողների աջակցությունը:
ՙՏեղական ինքնակառավարման մասին ՚ ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջով, համայնքի ղեկավարները ևս պարտավոր են կազմակերպել և կառավարել ներհամայնքային հաղորդակցության ուղիները, ջրմուղի, ոռոգման և այլ կառուցվածքների շահագործումը, սակայն մեր կողմից իրականացված տարբեր ծրագրերի շրջանակներում հրատարակված հոդվածները վկայում են, որ պատշաճ մակարդակով չեն իրականացնում այդ պարտականությունները, ինչպես նաև տեղական իշխանությունները պատասխանատվություն չեն կրում մատուցված ծառայությունների համար:
Արդյունքում ոչ միայն հանրությանը մատուցված ծառայության որակը չի վերահսկվում, այլև հանրային ծառայությունների մատուցման ոլորտում տեղեկատվության պակասի պատճառով մարդիկ անտարբեր են դառնում շատ խնդիրների նկատմամբ, այսպիսով իշխանությունների համար կոռուպցիայի դաշտ ապահովում:
Գորիսում էներգամատակարարման հասանելիությունը կազմում է մոտ 100 տոկոս, գրեթե բոլոր տնային տնտեսությունները միացված են էլեկտրական էներգիայի մատակարարման ցանցին:
էլեկտրականության վճարումները կազմում են ընտանեկան ծախսերի զգալի մասը, իսկ կենցաղային ծառայությունների` մոտ 80 տոկոսը:
Սակայն էլեկտրականություն մատակարարող կազմակերպությունները որևէ պատասխանատվություն չեն կրում ծառայության որակի համար. հին ցանց, մատակարարման կանոնների խախտում, անջատումների կամայականություն և այլն: Կամ, խմելու ջրի ներքին ցանցերը, որոնք որպես կանոն համայնքապատկան են, իսկ ջրամատակարարում կատարում է Հայջրմուղը, և երկակի կառավարումը խոչընդոտում է որակյալ ծառայության մատուցմանը:
Այս տարվա սեպտեմբերից կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող "Տեղեկատվության ապահովումը հանրային ծառայություններում" ծրագրի շրջանակներում նախաձեռնել է լրագրողական տպագիր և հեռուստատեսային նյութերի, քննարկումների, մամուլի ասուլիսների միջոցով հասարակական հնչեղություն հաղորդել հանրային ծառայությունների մատուցման ոլորտի խնդիրներին, հանրությանը տեղեկացնել հանրային ծառայություների` էներգամատակարարման, ջրամատակարարման ոլորտներում կատարվող ծառայության մատուցման վիճակին, օրենսդրությանը:
Նախաձեռնության մեկնարկին կազմակերպությունը Գորիսի տարածաշրջանի համայնքներում հանրային ծառայությունների մատուցման իրավիճակը գնահատելու համար իրականացրել է մոնիտորինգ, որի հաշվետվությունը շուտով կհրատարակվի, կքննարկվի հանրային ծառայությունների ղեկավարների, հասարակության տարբեր խմբերի հետ, կներկայացվի ՙՀայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՚:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է հրատարակել նաև ներդիրներ: Ներկայացնում ենք առաջին հրապարակումը, որն այս անգամ հիմնականում անդրադառնում է հանրային ծաեայությունների ոլորտում մատակարարի և սպառողի պարտականություններին:
Սպասում ենք արձագանքների` ինչպես նաև, թե ինչ խնդիրների մասին կցանկանային անդրադառնալ առաջիկայում պատրաստվելիք հեռուստահաղորդումներում:
Ակնկալում ենք, որ նախագծի արդյունքում կբարձրանա տեղական իշխանությունների և հանրային ծառայություն տնօրինողների պատասխանատվությունն իրենց գործունեության մասին հանրությանն իրազեկելու, թափանցիկ գործունեություն ապահովելու, մատուցվող ծառայության որակը բարձրացնելու գործում:
Գորիսի մամուլի ակումբ
ամենասկզբի նկարը շատ լավն ա :))))))))
ОтветитьУдалить