27 окт. 2011 г.

Երևանյան մամուլի գլխավոր թեման Երևանի քաղաքապետի հրաժարականն է. տեսություն

Հայաստանյան մամուլը տարատեսակ վարկածներով ու հոդվածներով անդրադարձել է երևանի քաղաքապետ Կ. Կարապետյանի հրաժարականին: Ստորև ներկայացնում ենք թերթերի մեկնաբանությունները խնդրի շուրջ և կանխատեսումները ապագա քաղաքապետի նշանակման մասին:

«Հայկական ժամանակ»-ը «Այդ ո՞ւր առանց ծաղիկ» վերնագրի ներքո գրում է.«Նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրը մենք լուրջ չընդունեցինք: Կարեն Կարապետյանն ասում էր, որ դրայվ է զգում այդ պաշտոնում, որ իրեն ահավոր հետաքրքիր է այդ պաշտոնում աշխատելը, վերջիվերջո, դեռ մեկ տարի էլ չկա, որ նա դարձել էր Երևանի քաղաքապետ, և իշխանական կուլիսներում քաղաքապետի պաշտոնանկության հարց իսկապես չէր արծարծվում: Իշխանական աղբյուրները հայտնում են, որ նախօրեին ծանր խոսակցություն է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև: Վերջինս ասել է, թե հրաժարականի դիմում է գրում, Սերժ Սարգսյան էլ առանձնապես դեմ չի արտահայտվել, միայն պայման է դրել, որ այդ մասին հրապարակվի այս օրերին Երևանում գտնվող Մոնրեալի քաղաքապետ ժերալդ Թրեմբլեյի գնալուց հետո:
Կ. Կարապետյանը ասել է, որ մամուլում իր դեմ արշավը կազմակերպվում է նախագահականից, և ինքը հրաժարական կտա: Խոսքը մասնավորապես մայրաքաղաքի կրպակների ապամոնտաժման շուրջ մամուլում բարձրացված աղմուկի մասին է եղել: Սերժ Սարգսյանը չի ընդդիմացել ու ասել է, որ այդ դեպքում քաղաքապետի պաշտոնին կվերադարձնի Գագիկ Բեգլարյանին»,- ապա թերթը հավելում է.

«Բանն է, որ Կարապետյանը ժամանակին համարվում էր Ռոբերտ Քոչարյանի մարդը, և ոմանք իշխանական շրջանակներում գտնում էին, որ հենց դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանն առանձնապես չի ընդդիմացել նրա հրաժարականին: Ավելին, խոսվում էր, որ Կարապետյանի հրաժարականի հարցում մեծ դեր է խաղացել Սերժ Սարգսյանի փեսան և աշխատակազմի ղեկավարը՝ Միքայել Մինասյանը:

Երբ վերջնականապես որոշվել է, որ Կարեն Կարապետյանն այլևս չի աշխատելու Երևանի քաղաքապետի պաշտոնում, և վերջինս էլ արդեն հեռացած է եղել նախագահական նստավայրից, Սերժ Սարգսյանը, ինչպես երեկ պատմում էին իշխանական մեր աղբյուրները, իր մոտ Է կանչել փեսային՝ քննարկելու ապագա քաղաքապետի հարցը: Վերջինս երբ լսել Է Գագիկ Բեգլարյանին քաղաքապետի պաշտոնին վերադարձնելու` Սերժ Սարգսյանի գաղափարի մասին, խիստ ընդդիմացել է: Ավելին, նույն աղբյուրները պատմում Էին, որ Մինասյանը սպառնացել է, որ եթե Սերժ Սարգսյանը Բեգլարյանին վերադարձնի, ինքն ու իր երիտասարդ թիմը դուրս կգան, այսինքն` չեն մասնակցի քաղաքական հետագա գործընթացներին: Մի խոսքով, Մինասյանը պարզ ասել Է, որ Բեգլարյանի վերադառնալու դեպքում Սերժ Սարգսյանը չի կարող իր վրա հույս դնել: Խոսք է եղել անգամ Մինասյանի աշխատանքից ազատվելու մասին: Ծանր խոսակցության արդյունքում փեսա և աներ կանգ են առել Երևանի ներկայիս փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածության վրա:

«Ժողովուրդ»-ի խմբագրականում «Գաղթ իշխանաց» վերնագրով գրված է.

«Ինչպես տեղեկացրել էինք «ժողովուրդ»-ի երեկվա համարում, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել: Ու թեև պաշտոնապես այդ մասին դեռ չի հայտարարվում (քանի որ Կարապետյանը դեռևս մի քանի կանխավ պայմանավորված արարողակարգային հանդիպումներ ունի), սակայն երեկ՝ օրվա ընթացքում, արդեն իսկ շրջանառվում էր հաջորդ քաղաքապետի անունը, որը, ըստ ամենայնի, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը կլինի, ով կղեկավարի նաև ՀՀԿ Երևանի շտաբը:

Նկատենք, որ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրը բոլորի համար անսպասելի էր, թվում էր, թե «դրայվով» լի քաղաքապետը վատ չէր աշխատում և դատելով փողոցային առևտուրը մաքրելու և կրպակները ապամոնտաժելու վճռականությունից՝ ամուր նստած է իր աթոռին ու հեռու ապագային միտված պլաններ է մշակում: Բայց, ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ ավելի կոնկրետ՝ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից մոտ 10 ամիս անց»,- ապա թերթը հավելում է.

«Իսկ ի՞նչը կարող էր Կարապետյանին ստիպել հրաժարական տալ: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ քաղաքապետի պաշտոնից հեռանալու որոշումը եղել է հենց Կարապետյանինը և ոչ թե Սերժ Սարգսյանինը: Սակայն դա իհարկե չի նշանակում, որ նույն Ս. Սարգսյանի շրջապատի կողմից չեն կիրառվել հետևողակւսն և անընդմեջ ջանքեր, որոնք ի վերջո կստիպեին Կարապետյանին հոգնել և հեռանալ: Սակայն կատարվածի դրդապատճառներն իրականում բազմաշերտ են, որոնցից առաջնայինը կապված է Ռուսաստանի հետ: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Կարապետյանը այսպես ասած՝ «Ռուսաստանի մարդն» էր՝ այդ երկրի բիզնես և քաղաքական էլիտայում ունեցած լայն կապերով: Եվ երբ ոչ ՀՀԿ-ական Կարապետյանին նշանակեցին Երևանի քաղաքապետի պաշտոնում, շատերը կանխատեսում էին, որ նա կլինի ՀՀ հաջորդ վարչապետը:

Սակայն ինչպես իր անվանակցի և քավորի՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի դեպքում, այստեղ էլ ակնկալիքները չարդարացան: Մեր ունեցած տեղեկություններով` Կ. Կարապետյանին առաջարկվել է առաջիկա ընտրություններում ակտիվորեն աշխատել ՀՀԿ-ի օգտին՝ բացառելով որևէ այլ քաղաքական ուժի, առաջին հերթին քոչարյանամետ ԲՀԿ-ի հանդեպ լոյալությունը՝ փոխարենը հստակ չխոստանալով վարչապետի պաշտոնը: Կարապետյանն էլ, ով Ռոբերտ Քոչարյանի կադրն է ու բարեկամը, խորհրդակցելով իր ռուսական հովանավորների հետ, հրաժարվել է նման տարբերակից: Առավել ևս, որ դրա համար կային նաև այլ պատճառներ՝ ի դեմս Սամվել և Կարեն Կարապետյանների՝ Ս. Սարգսյանի ու փեսա Միքայել Մինասյանի հետ ունեցած լարված հարաբերությունների և, ամենակարևորը, առաջիկա նախագահական ընտրություններում անկանխատեսելի հեռանկարների:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ այս հրաժարականը որոշակիորեն պայմանավորված է նաև Սերժ Սարգսյանի՝ Պուտինի հետ ունեցած վերջին գիշերային հանդիպման արդյունքներով»:

«Առավոտ»-ը, անդրադառնալով քաղաքապետի հրաժարականին, «Եվս մեկ թեկնածու» վերնագրի ներքո գրում է.

«Երեկ ամբողջ օրը Էլեկտրոնային կայքերում, սոցիալական ցանցերում և քաղաքական կուլիսներում շրջանառվում էին Երևանի նոր «քաղաքապետացուների» անունները: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ այդ շարքում Է նաև Երևանի ավագանու հանրապետական անդամ, ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը»:

Ըստ «Հրապարակ» օրաթերթի «Նյարդերը չդիմացան» վերնագրով անդրադարձի` հրաժարականի պատճառը կրպակների ապամոնտաժման հարցի չլուծված լինելն է.

«Կ. Կարապետյանը, երբ իր հրապարակավ տված խոստումը չի կարողացել կատարել, գնացել է ՀՀ նախագահի մոտ և բողոքել, որ որոշ օլիգարխներ ու հեղինակություններ խոչընդոտում են այդ ծրագրի իրականացմանը: Սրան ի պատասխան, Սերժ Սարգսյանը հորդորել է առայժմ հրաժարվել այդ ծրագրից՝ այն կարող է բողոքի մեծ ալիք բարձրացնել, և այս անգամ բողոքողները ոչ թե շարքային մարդիկ կլինեն, այլ կարողություն և շրջապատ ունեցող մարդիկ, իսկ նրանց դժգոհությունը կարող է առաջիկա ընտրություններում որոշիչ լինել: «Բա՞ իմ խոսքը, բա՞ իմ հեղինակությունը»,- մոտավորապես նման հարցադրում է արել Կ. Կարապետյանը և շեֆից լսել, որ նրա հեղինակությունը «կսպասի»:

«Երկիր» օրաթերթը քաղաքապետի հրաժարականի մասին առայժմ պաշտոնապես հաստատված տեղեկություն չունի: Թերթի` «Հիվանդ համակարգ» առաջնորդող հոդվածում գրված է.

«Չնայած ողջ հանրապետությունը խոսում է այն մասին, որ Երևանի քաղաքապետ Կ. Կարապետյանը հրաժարական է տվել, սակայն պաշտոնապես դա ո՛չ հաստատվում է, ո՛չ էլ հերքվում»,- և ապա հավելում. «Խոսքը քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը հարգելու պետական տարրական պարտավորության ու հաշվետվողականության մասին է: Սա ցույց է տալիս, թե որքան փակ է պետական կառավարման սիստեմը և թե ներսից որքան հիվանդ է քաղաքական համակարգը»:

                                                                                    Պատրաստեց` Անի Եղիազարյանը
                                                                                                                                     1in.am           

Комментариев нет:

Отправить комментарий