26 февр. 2011 г.

Այս հրամանի ներդրումը պատասխանատվություն է ապահովում

2010- 2011 ուս.տարուց սկսել է կիրարկվել "Հանրակրթական դպրոցի սովորողի ծնողի և հաստատության միջև կնքվող անվճար կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև"  /ՀՀ ԿԳ նախարարի հրաման /26 դեկտեմբերի 2009 թվականի N 1105-Ն/, որով կարգավորվում են դպրոցի, ծնողի, աշակերտի իրավունքներն ու պարտականությունները: Հետաքրքիր է, թե ի՞նչ է ներկայացնում իրենից այդ պայմանագիրը, ինչպե՞ս առաջացավ այն դպրոց ներդնելու անհրաժեշտությունը, այն…արևմտյան հերթական մոդե՞լ էր, թե` ժամանակի հրամայական: Հետաքրքող այս հարցադրումների պատասխանները գտնելու ակնկալիքով զրույց ունեցանք Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թելման Աբրահամյանի հետ:

"Հասկանալով ձեր, երևի, ոչ անհիմն մտայնությունը, միանգամից ասեմ, որ, անկախ այն բանից, թե այս նորամուծությունը փոխառված էր, թե` տեղում մտահղացած, այն շատ ժամանակին մուտք ունեցավ դպրոց, հավելեմ, ինչու ոչ բազմանշանակ` մերօրյա դպրոց,-ասում է տնօրենը: -Ամենակարևորը` 3 կողմերն էլ` դպրոց, ուսուցիչ, աշակերտ, այն անցնցում ու օրինաչափ ընդունեցին: Երևի դա նրանից էր նաև, որ մինչ մոդելի կիրարկումը, քննարկումների ու զրույցների, ծնողական ժողովների արդյունքում, բոլորն արդեն քաջատեղյակ էին": Տնօրենը պատմեց, որ ծնողն ինքն է գնում օրինակելի ձևը / 2 օրինակից,1 օրինակը` 150 դրամ/: Հետո արդեն կնքվում է պայմանագիրը:

Ամենաընդհանրական ձևակերպմամբ` Թ, Աբրահամյանն ասաց. "Այս պայմանագիրը դպրոց-ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները բերեց առավել քաղաքակիրթ, առավել զուսպ ու զգաստ, առավել կարգավորված ու հստակ հարթություն":

Դպրոցի փոխտնօրեն, 40 տարվա մանկավարժի կենսագրություն ունեցող Աիդա Ղահրամանյանն էլ հավելեց, որ մերօրյա` առավելապես բարձր դասարանի աշակերտների պարագայում, այն, պարզապես, հրամայականի պես էր. "Առկա լավի հետ ես մի ցավալի դիտարկում ունեմ. այսօրվա դպրոցականները, չգիտեմ, համակարգիչների, թե՞ բջջայինների գերշահագործումից է, շատ դյուրագրգիռ են դարձել ու քիչ կառավարելի: Նրանց համար պատասխանատվության այս վավերագիրը շատ տեղին ներդրվեց":

                                                                                                              Անի Կոստանդյան 

Комментариев нет:

Отправить комментарий