27 февр. 2011 г.

Առողջության իրավունքը պաշտպանելու դեղատոմսը բարեկեցությունն է

Վերջին տարիներին ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի լուսաբանումը կարծես թե ավելի է ակտիվացել, զանգվածային լրատվամիջոցներն ավելի հաճախ են խոսում խնդրի մասին, առանձին դասընթացներ կազմակերպվում անգամ թեմային վերաբերող հրապարակումներում ճիշտ տերմիններ օգտագործելու համար:

Սակայն, մյուս կողմից հասարակությունը պատրաստ չէ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել վարակակիրների նկատմամբ և, ԶԼՄ-ներն էլ այդ առումով պակաս քարոզչական աշխատանք են տանում: Պատճառներից մեկն, ըստ էության, այն է, որ համապատասխան մասնագիտական կառույցները սովորաբար թաքցնում են թեմային վերաբերող տեղեկատվությունը, ավելի հաճախ, խուսափում անգամ վիճակագրական ճիշտ տեղեկատվություն տրամադրել:

Եվ հենց այս արհեստածին քողարկված խորհրդավորությունն է նաև պատճառը, որ հասարակությունը որոշ առումով բացասական հետաքրքրասիրությամբ է վերաբերվում գրեթե սարսափի զգացում համակող, այսպես ասած, "սպիդին": Հարյուրամյակներ առաջ, թերևս նույն զգուշավորությամբ խոսում կամ գրում էին բորոտության մասին, անգամ ֆիլմեր էին նկարահանվում` ակամա հասարակության մեջ բացասական վերաբերմունք սերմանելով նրանց նկատմամբ: 

Այն ժամանակ էլ, հասարակությունը պատրաստ չէր հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես հիմա: Ու, որքան էլ ցավալի է, պիտի խոստովանել, որ այսօր ոչ բոլորս կարող ենք ՙքաջություն՚ ցուցաբերել ու սուրճ խմել նրա հետ, ում… սպիդ են ախտորոշել: Եվ գրելով այս թեմայի մասին, կարող ենք ինչ-որ շատ ծանոթ ոջիլի անեկդոտի նման անընդհատ կրկնել, թե հիմնական պատճառն արտագաղթն է, արտագնա աշխատանքից վերադարձած անհավատարիմ ամուսինը…

Անգամ եկեղեցին, օրինակ Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդությունը, նախորդ տարիներին  "Ժուժկալությունն ու ընտանեկան հավատարմությունը որպես ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոց"  ծրագիր է իրականացրել, որի շրջանակներում քահանան և բժիշկն այցելելում էին Գորիսի տարածաշրջանի գյուղեր՝ իրազեկելու, որ միայն հավատարմությամբ է հնարավոր կանխել հիվանդության տարածումը:

Ուրախալի է, որ ըստ պաշտոնական աղբյուրների, աշխարհում ՁԻԱՀ-ից մահացությունների թիվը տարեցտարի նվազում է: ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի գլոբալ հաշվետվության մեջ նշվում է, որ ՁԻԱՀ-ի համաճարակը փոխում է իր ընթացքը, նվազում է նոր վարակվածների թիվը: Բնականաբար, այս արդյունքների հիմնական պատճառը լայն մասշտաբով հիվանդության բուժման արդյունավետության բարձրացումն է, բայց ոչ երբեք սոցիալական պայմաններով թելադրված արտագաղթի կրճատումը կամ հակաբեղմնավորիչների մասին հանրության իրազեկության մակարդակի բարձրացումը: 

Թվերի նվազման կամ, ավելի ճիշտ, չաճելու միտումները մնում է բացատրել այն հանգամանքով, որ արտագնա աշխատանքի մեկնում են հիմնականում սոցիալական ծանր պայմաններից դրդված, իսկ այդ առումով, ամենախոցելին հեռավոր բնակավայրերն են, որտեղ անգամ խուսափում են թեմայի մասին խոսել, ուր մնաց, թե հանդուրժեն նրանց ընկերակցությունը և հանդուրժող վերաբերունք տածեն այն հարևանի նկատմամբ, ով…վարակակիր է:

Պատահական չէ, որ Սյունիքի արյան փոխներարկման մարզային կենտրոնի տվյալներով 2010 թվականին հետազոտված 2554 անձանց մոտ գրանցված ՁԻԱՀ-ի 20 դեպքերը, ըստ կենտրոնի տնօրեն Արթուր Առաքելյանի, արձանագրվում են հիմնականում հեռավոր գյուղական բնակավայրերում: Եվ, եթե նյարդահոգեբուժական մարզային դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանը ՁԻԱՀ-ի տարածումը կապում է հիմնականում թմրամոլության հետ, ինչը նրա կարծիքով ևս սոցիական հիմքեր ունի, դժվար թե իրականում ՁԻԱՀ-ից մահացությունների թիվը տարեցտարի նվազեր, որովհետև հենց նույն հեռավոր բնակավայրերում սոցիալական լարվածությունն ու արտագաղթն օրեցօր են թափ առնում: 

Պարզապես, մարդիկ վստահ են, որ եթե անգամ ՁԻԱՀ-ի բուժման արդյունավետությունը մեծացել է, դա հաստատ, իրենց գրպանին հասանելի չէ, որքան էլ որ պետական հոգածության խնդիր լինի: 

Ո՞վ է կարդում, որտեղի՞ց կարդան կամ ո՞նց իմանան. ռիսկային բնակավայրերում ո՞վ է տեղեկացնում,ո՞նց:

                                                                                                                    Ալիսա Էյլազյան

Комментариев нет:

Отправить комментарий