1 июн. 2011 г.

Հայաստանի մայրաքաղաքում էժանացել են բնակարանները

Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանի մայրաքաղաքում բազմաբնակարանային շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի միջին շուկայական գինը կազմել է 257,1 հազար դրամ կամ 688 դոլար: Անցած տարվա նույն ամսվա համեմատ գինը նվազել է 20 հազար դրամով ($53,5) կամ 7,3 տոկոսով:

Միջին գների առավելագույն անկումը նկատվել է Արաբկիրում` 41,9 հազար դրամ կամ 10,8 տոկոս եւ Շենգավիթում` 26,1 հազար դրամ կամ 10,2 տոկոս: Հետաքրքիր է, որ 1 քառակուսի մետր բնակտարածքի միջին մայրաքաղաքային գնի համեմատ Արաբկիրի ցուցանիշը 1,35 անգամ բարձր է, իսկ Շենգավիթում 0,9 անգամ ցածր է:

Ավանդաբար բացարձակ ռեկորդակիրը Կենտրոն համայնքն է: Այստեղ գինը նվազել է 21,9 հազար դրամով կամ 4,7 տոկոս: Այդուամենայնիվ Կենտրոնի թանկությունը կարող է զարմացնել նույնիսկ զարգացած հարուստ երկրների գնորդներին` բնակարանի 1 քառակուսի մետրը 447,3 հազար դրամ է ($1197): Կենտրոնի այդ ցուցանիշը մայրաքաղաքային միջին գինը գերազանցում է 1,74 անգամ: Միջին ցուցանիշից աննշան` 1,02 անգամ բարձր են նաեւ Քանաքեռ-Զեյթունի գները:

Երեւանցները համայնքների հստակ արտահայտված դասակարգում ունեն: Էլիտար Կենտրոնը բոլոր ժամանակներում եղել է հարուստների թիրախում: Այդ հանգամանքից են օգտվում վաճառողները եւ անշարժ գույքի գործակալությունները, որոնք ժամանակին նպաստեցին գների բարձրացմանը:

Ավելի քիչ ապահովվածները բավարարվում են լավ համարում ունեցող Արաբկիրով եւ Քանաքեռ-Զեյթունով, որոնց վերջին տարիներին գումարվել է նաեւ Դավիթաշենը: Իսկ ավելի փոքր ֆինանսական հնարավորություններ ունեցողները բնակարան են գնում Մալաթիա-Սեբաստիայում, Նոր Նորքում:

Հայաստանի մայրաքաղաքում բնակարանի գների դինամիկան ցույց է տալիս պահանջարկի կրճատում: Կարելի է ենթադրել նաեւ միջին բարեկեցության գնորդների կրճատման մասին` հաշվի առնելով Արաբկիրում գների անկումը:

Հետաքրքիր է նշել, որ բացառություն է Նուբարաշենը: Այստեղ բնակարանների գներն աճել են 3,5 տոկոսով: Սակայն Նուբարաշենում բազմաբնակարանային շենքերում 1 քառակուսի մետրի գինը 144,5 հազար դրամ է ($400), ինչը մայրաքաղաքի ընդհանուր ցուցանիշի ընդամենը 58,1 տոկոսն է:                                                               news.am

Комментариев нет:

Отправить комментарий