15 мар. 2011 г.

Միջազգային շուկայում ցորենը էժանացել է, իսկ Հայաստանում ալյուրը դեռ թանկ է

Անցյալ շաբաթ միջազգային շուկայում տեղի է ունեցել ցորենի գների կտրուկ անկում։ Չիկագոյի բորսայում ներկայում ցորենը վաճառվում է 264 դոլարով՝ 1 տոննայի դիմաց, իսկ Փարիզի բորսայում ցորենի գինը իջել է մինչեւ 303 դոլար։ 2011 թ. ընթացքում սա ամենացածր գներն են։

Փետրվարի համեմատ ցորենի միջազգային գները նվազել են 15-20 տոկոսով։ Ցորենի էժանացման հիմնական «մեղավորը» ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունն է, որը հայտարարել է ցորենի պաշարների ավելացման մասին։


Թեեւ ցորենի միջազգային գների նվազման միտումը պահպանվել է համարյա ողջ մարտի ընթացքում, Հայաստանում այն գրեթե չի զգացվում։ Այսօր՝ մարտի 15-ին Սուրմալուի տոնավաճառում բարձր կարգի ալյուրի 50 կգ-անոց պարկը վաճառվում էր 12,6 հազ. դրամով։ Այսինքն՝ 1 կգ ալյուրի մեծածախ գինը 252 դրամ է՝ շատ քիչ զիջելով փետրվարի սկզբի գներին։ Հնարավոր է՝ ալրաղացները ալյուրն ավելի էժանացնեն միայն այն բանից հետո, երբ կսպառեն հունվար-փետրվարին համեմատաբար թանկ գներով ներմուծված ցորենը:

Չի բացառվում, որ ցորենի գնի վրա ազդեն Ճապոնիայում տեղի ունեցող աղետները։ Առայժմ իրավիճակը նպաստում է ցորենի գնի անկմանը, սակայն Commerzbank-ի փորձագետները հայտարարել են, որ ճապոնական ալրաղացներում պահվող հացահատիկի մոտ 20 տոկոսը վնասվել է երկրաշարժի ու ցունամիի պատճառով։

Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի՝ Ճապոնիան պետք է հացահատիկի մեծածավալ ներկրումներ իրականացնի, հիմնականում՝ ցորեն, եգիպտացորեն եւ սոյա։ Իսկ դա կարող է բարձրացնել հացահատիկայինների միջազգային գները։
                                                                                                                     News.am

Комментариев нет:

Отправить комментарий