31 мая 2011 г.

Էլ չդիմացա

Վերջին ժամանակներս մասնավորապես այլընտանքային լրատվության տարածման ջատագովները հաճախ են վկայակոչում տեղեկատվության տարածման նոր միջոցների մասին (ինչը, բնականաբար, շատ հետաքրքիր ու ողջունելի է), բայց նույն կերպ էլ անընդհատ խոսվում է հանրային նշանակություն ունեցող տեղեկությունների տարածման, հրապարակայնացման կարևորության մասին: Այ ցավդ տանեմ, ինձ կամ հասարակության մեջ ո՞ւմ է հետաքրքիր, թե երեկ մեկ, էսօր երկու, վիրահատությունից հետո Եվա Ռիվասը քայլում է:

Երկուշաբթի օրով ուզում ես տեղեկանալ, թե ինչ կարևոր իրադարձություններ են եղել էս երկրում, ի՞նչ է լինելու այն հազարավոր հիվանդների վիճակը, ովքեր դեղորայքի հերթական թանկացումից հետո կգերադասեն մեռնել, քան դեղատներում պարտքի ցուցակն ավելացնել:

Մտածում ես, որ մի օր գոնե կբռնի այն բուժքրոջ ձեռքը, ով կիրակի օրը սրտի ԷԿԳ անելու համար կանգնում է հիվանդի գլխավերևում, 2 հազար դրամ ուզում ու հավելում, որ ևս հազար դրամն էլ իր տաքսու ճանապարհավարձն է: Ի՞նչ անի աղջիկը, մեղավո՞ր է, որ քաղաքում կիրակի օրերը երթուղային տաքսի չի աշխատում: Կամ հոր տնից բերած ԷԿԳ ապարատը մարշրուտով ո՞նց տեղ հասցնի:

Հույս ունես, որ կարող է աշխատանքային շաբաթվա առաջին օրը գաս գործի ու ասեն' վերջ, էլ ինտերնետային կայքերում արյուն ու դանակ չես տեսնելու, երիտասարդ մի սպանվածի' դեպքի վայրում անտեր մնացած... կոշիկ չես տեսնելու ու փառք աստծու, որ այդ երիտասարդի մայրն այդ օրերին հաստատ սիրտ չի ունենա «ինտերնետ մտնելու»:

Կամ էլ գուցե կարողանամ մի մխիթարիչ խոսք գտնել 16-ամյա աղջկաս համար, ով երեկ' ամբողջ երեկո, դիտում էր, թե ինչպես են ինքնասպանություն գործած իր հասակակցի դիակը քաշում: Իսկ մի քան օր առաջ էլ քարացել էր, թե ոնց է աղեկտուր մղկտում Կիևյան կամրջից իրեն վայր նետած, բայց ողջ մնացած երիտասարդը:

Ջհանդամը, թե երգչուհի Շուշանի համար մամուլի ասուլիսում աթոռ չէին նախատեսել. վաթսունն անց Վահանը, ով գերազանցությամբ ժամանակին ավարտել է Երևանի պետական համալսարանը, արդեն քանի տարի է, քնում է լիմոնադի շշերի երկու արկղը միացնող տախտակին ու անձնագիր էլ չունի:

Քաշունի գյուղում ուրախանում են, որ գիշերվա տեսած երազն իրականանում է, ու իրենց գյուղն ավտո է գնում, ամեն օր հարյուրավոր ջնջխված մերսեդեսների ու BMV-ներ են ցուցադրում: Ու այնքան է լոճվել էդ թեման, որ Քյարքիի ձորի նետված մեքենայի վարորդի դին հանելու արարողությանը երկու օր շարունակ մասնակցող, ձորի գլխին կանգնած ոստիկանության աշխատակիցների դեմքին ֆոտոլրագրողը ուրախ ժպիտն է արձանագրել:

Գիտեմ, էս տողերը կարդացողները 100 անգամ կասեն, թե գավառական մտածելակերպ է, կամ էլ նորը չեմ ընկալում: Կարող է' ճիշտ է, թե չէ խուլ ու համր չէի ձևանա, թե ոնց վերջերս Գորիս քաղաքի թիվ 4 դպրոցի հարևանությամբ մի օրում կտրեցին ծառերն ու իբր թե հանգստի վայր են կառուցում:

Չէի սսկվի, որ ամեն աստծու օրը անցնելով Օրբելյանների փողոցով, կարող ես ականատես լինել սահմռկեցուցիչ տեսարանի, թե ոնց են... մարդ հերձում, որովհետև ամենատարրական պայմաններ չունեցող դիահերձարանի մասին այնքան եմ գրել, որ վախենում եմ' քեն պահեն ու... ստիպված լինեն մահից հետո ինձ նույն օրը թաղել:

Ճիշտ այսօրվա դիահերձարանի կողքին էլ ընդամենը 1 տարի առաջ էս քաղաքի սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ օրական 1 անգամ անվճար ճաշ էին ստանում, բայց «հիվանդանոցի պայմանները բարելավելու նպատակով» ծերերին վտարեցին, իսկ նոր կառուցված բարեկարգ հիվանդանոցի տարածքում մի անկյուն չգտնվեց:

Էսպես էլ ինչքա՞ն շարունակեմ: Մինչև շաբաթվա վե՞րջ, երբ ուրբաթ օրերին մարզպետի ընդունարանի առաջ տասնյակ մարդիկ են հավաքվում' հիմանականում բուժվելու նպատակով աջակցություն խնդրելու նպատակով: Ու որպես էս երկրի մարդիկ' հաստատ նրանց հեչ պետքն էլ չի, թե Եվա Ռիվասի արգանդը վիարհատել են: Մեկ է, նրա համար ճար կլինի, ամենալավ վիրաբույժն էլ նրան փեշքեշ:                      
                                                                                       Սուսաննա Շահնազարյան
                                                                                                                      hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий