31 мая 2011 г.

Դեպ մամուլ՝ բանականության ձիգ ամրագոտիներով

Մերօրյա լրագրությունը, կոնկրետ՝ լրագրողների մի ստվար զանգված, անհանգստանալու շատ կոնկրետ առիթ է տալիս ոչ այնքան լրջագույն այդ գործի, ոչ ավել, ոչ պակաս, վարկանիշի հերն ուղնուծուծով անիծելու, ոչ այնքան մարդկանց հավատի ու վստահության գործակիցը փութաջանորեն զրոյացնելու, ոչ այնքան տարրական գրագիտության հետ աղերսներ անգամ չունենալու, ոչ այնքան մասնագիտական ու թեկուզ ամենապարզ մարդկային էթիկայի հետ հպանցիկ իսկ հատումներ չունենալու, այլ իրենց արտոնված…գերկանաչ ճանապարհի պատճառով:


Չգիտես՝ գրում են հանրությանը պատմել-ներկայացնել-պարզաբանելու համա՞ր, թե՞ սեփական ամորֆ վերաբերմունքն ու իրենց ու իրենցից առավել «կարևոր» ոմանց ականջաաչքահաճո մաղձը վավերացնելու ու դիվային գոհացում ապրելու համար: Էն գլխից՝ ի պատասխան դիպլոմավոր լրագրողների «էս ո՞վ ա» տարակույսների, ասեմ, որ ես, ի տարբերություն ձեզ, բուն կրթությամբ ոչ լրագրող եմ, ոչ անգամ՝ բանասեր. ֆիզիկ եմ: Պարզապես, ինձ համար, լրագրությունը ոչ թե մասնագիտություն է կամ զբաղմունք, այլ՝ աշխարհի հետ հարաբերվելու, մարդկանց ու մարդկությանը զգալ-հասկանալ-չհասկանալու կերպ:

Մարդն ինձ համար արարած չէ, անհատ է՝ անկախ նախախնամության կամոք նրա համար նախատեսված…շերեփի տարողությունից ու…բաժին հանված զանգվածի խտությունից. Բոլորս նույն կերպ՝ մեր պորտալարն առած ենք լույս աշխարհ եկել, նույն կերպ՝ ճիչով ազդարարել մեր «ինքնուրույն» կյանքի սկիզբը: Հետո-ները հետո են եկել՝ դրսևորվել գենով, դաստիարակությամբ ու դեպքերի բերումով…Այնպես որ՝ մեր բոլորիս հերոսները նույն կերպ աշխարհ եկած մարդն է՝ լինի աշխարհակալ պրեզիդենտ, թե խցանված կոյուղագիծ բացող մունջ բանվոր, Հռոմի Պապ, թե կյանքից զիգզագներով հետ սահող մոլորյալ մեկը:

Չեմ ասում՝ կեցցեն համատարած, անխտրական մեծահոգությունը կամ ոչ հասցեական բարությունը, չեմ ասում, թե գրենք այնպես, որ այն համարժեքվի երակից վիտամին կամ գլյուկոզա ներարկելուն: Անկեղծ լինենք, անաչառ լինենք, բայց, ի սեր Աստծո, մեր գրչի գերագույն նպատակը չդարձնենք մեր ստորագրության վրա «կուրացուցիչ» լույսի շիթ ուղղելը մեր՝ «սենսացիոն» վերնագրերով ու տեքստերով, «մարգարեական» հայտնագործություններով, փնովելով կամ ներբողելով: Մերօրյա մամուլը հաճախ հորձանուտ է հիշեցնում, որտեղ մտնելուց առաջ ամուր պիտի կապես բանականությանդ ամրագոտիները, որ կարողանաս զանազանել լուրը բանսարկությունից, իրողությունը՝ հիվանդ կամ հիվանդացնելու կոչված երևակայությունից, միտքը՝ զառացանքից…

Հավատացեք՝ այդօրինակ «լրագրությունը», անկախ ապրուստի միջող դառնալու չափից, ինֆեկցիոն հիվանդության նման է, որը ոչ միայն ինֆեկցում է, այլև ախտահարում է սեփական մարմինը, չբուժվելու դեպքում էլ…Բայց, ցավ է՝ ախտահարում է-ունի իր «շուկան», որի համար աշխատում է, որի համար էլ նրան արտոնում են գրել ու տպում են: Է~հ, շատ արդիական է ձկան՝ գլխից հոտած լինելու մասին ցավալի փորձառությունը…Ես, օրինակ, չեմ ամաչում խոստովանել, որ չեմ հասկանում, թե ինչ հաճույք եք ստանում կամ որչափ եք վճարվում ամենատարբեր «աստղերի» ամենատարբեր օրգանների ամենատարբեր հիվանդությունների կամ վիրահատությունների մասին ձեր «վանգա-ական» գուշակություններից կամ նրանց ձախողումների մասին «ծիծեռնակելուց»: Զարմանալի է, բայց լրագրողների մի տեսակ կա, որոնց համար «նեկտար» են ամեն ինչ, բացի…լավից…

Եթե ուրիշ բան չեք կարողանում անել ու ձեզ լրագրության…առաքյալ եք համարում, ի սեր Աստծո, գոնե ստուգաբանեք «լրագրող» բառը ու լուր գրեք՝ չոր պատճենեք, ախր, ինքներդ էլ չեք պատկերացնում ձեր վայ-լրագրության, վայ-հայերենի, վայ-բարոյականության երիցս վայ հետևանքը՝ ոչ այնքան հայեցի մացողության ու խոսքի իսպառ…ամորձատումը, որքան չարության, անհոգիության ու անտարբերության բուծարանի բարգավաճումը՝ չմարդասիրությունը: Այսինքն, թե այդքանին զորու լինեիք, չէիք հանդգնի գրել...Հասկացա, «թարգմանեցի» ձեր ոչ անհավանական քամահրալից հեգնանքը՝ ո՞վ է այսօր վաստակում, ո՞վ է պահանջարկված…

Լռեցի, բայց միևնույն է՝ առ Աստված գոհացումով…        
                                                                                                       Լենա Հովսեփյան
                                                                                                                       hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий