Անահիտ Բաղդասարյան
Մարտի 21-ին Գորիսի մամուլի ակումբում տեղի ունեցավ ԱՄՆ-ի փոխհյուպատոս Ջեյ Զագուրսկիի դասախոսությունը «Հյուպատոսական ծառայությունները» թեմայով: Հանդիպման սկզբում պրն. Զագուրսկին ողջունեց բոլորին և ասաց, որ նմանատիպ հանդիպումները լավ հնարավորություն են հանրությանը ներկայացնելու իրենց մատուցած ծառայությունները:
Դասախոսության ընթացքում Ջ. Զագուրսկին ներկայացրեց, որ Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան հյուպատոսական բաժինը սպասարկում է ամերիկյան քաղաքացիներին և ԱՄՆ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին: ԱՄՆ-ի քաղաքացիներին մատուցում է անձնագրային, նոտարական, ԱՄՆ-ից դուրս երեխայի ծնունդի գրանցման և մի շարք այլ ծառայություններ:
Փոխհյուպատոսը նաև ներկայացրեց, որ ԱՄՆ մեկնելու համար կա ներգաղթային և ոչ ներգաղթային արտոնագրեր: Երևանում ամերիկյան դեսպանատան հյուպատոսական բաժինը ԱՄՆ մուտքի արտոնագրերի գործընթացը Հայաստանում բնակվող քաղաքացիների համար իրականացնում է 2006թ-ից, իսկ արդեն 2011թ-ից նաև Պարսկաստանի քաղաքացիների համար:
ԱՄՆ ժամանակավոր այցելել ցանկացող յուրաքանչյուր անձ պետք է մասնակցի հարցազրույցին և մուտքի ոչ ներգաղթային արտոնագիր ստանալուց հետո կարողանա մեկնել Միացյալ Նահանգներ:
Փոխհյուպատոսն ասաց, որ ներգաղթային արտոնագիր ստանալու համար կան երեք հիմնական ուղիներ. ԱՄՆ քաղաքացու կամ օրինական մշտական բնակչի հետ ընտանեկան կապի, աշխատանքի կամ բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով (գրին քարտի վիճակախաղ) և ներկայացրեց դիմելու գործընթացները:
Ջեյ Զագուրսկին ավելացրեց նաև, որ բազմազանություն արտոնագրեր սկսեցին տալ ԱՄՆ-ում բնակչության բազմազանությունն ապահովելու համար:
Այդ արտոնագրի խաղարկությունը լինում է տարին մեկ անգամ: Քաղաքացիները կարող են դումումները առցանց լրացնել: Արտոնագրերը տրվում են պատահականության սկզբունքով: Տարեկան մոտ 1000 հայ ստանում է բազմազանության արտոնագիր:
Վերջում ներկաները ստացան բոլոր իրենց հուզող հարցերի պատասխանները: Հիմնականում հարցերը վերաբերում էին հենց ներգաղթային՝մասնավորապես բազմազանության արտոնագրին:
Комментариев нет:
Отправить комментарий