Համացանցի հասանելիության և մեդիա տեխնոլոգիաների անհամեմատ զարգացմանը զուգընթաց Հայաստանում թերթերի վաճառքի գինը կտրուկ իջել է: Շատ քիչ մարդիկ են տպագիր մամուլին «հավատարիմ» մնացել, որոնց համար լրատվության աղբյուր շարունակում է մնալ տպագիր խոսքը:
Ինչքանո՞վ է հուզում հասարակությանը տպագիր մամուլի ճակատագիրը, դեռ ինչքա՞ն կգոյատևի այն, արդյոք երիտասարդներին դեռ հետաքրքրո՞ւմ եn թղթին հանձնված գրառումները: Այս հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը:
Տպագիր մամուլի առաջնային «ջատագովները» միշտ էլ եղել են կրպակի աշխատողները: Հենց նրանք էլ կարող են պատկերացում տալ, թե այսօր ինչքանով եմ մարդիկ թերթ գնում, ինչ են ուզում կարդալ և ինչպես են այն սպառում:
«Հայմամուլ» ընկերության բաժանորդագրության հրահանգիչ Նարինե Արշակյանը ևս փաստեց, որ թերթ կարդացողները զգալիորեն պակասել են. «Եթե համեմատելու լինեմ անցած տարիների հետ, ապա հիմա թերթն իսկապես սպառման խնդիր ունի: Համացանցն իր բացասական ազդեցությունն է թողել տպագիր մամուլի վրա: Թերթերը,(«Հայկական ժամանակ», «Իրավունք», «Հայաստանանի Հանրապետություն» և այլն) հիմնականում վաճառվում են պետական հիմնարկներին բաժանորդագրության միջոցով: Երիտասարդներին թերթը հետաքրքիր չի, 40-ն անց տարիք ունեցող մարդիկ են այն գնում»:
Ամեն անգամ թոշակ ստանալիս փոստատարը, կոպեկ չլինելու պատրվակով, Նինա տատին թերթ է տալիս: «Ի՞նչ են գրում, որ ինչ կարդամ… Հեռուստատեսությամբ եմ իմանում օրվա լուրերը: Բայց փոստատարի տված թերթերն էլ դեն չեմ նետում. վառարանն եմ վառում»:
Հիմնարկություններին հարկադրաբար բաժանորդագրելն ու թոշակառուներին թոշակ տալու հետ թերթ վաճառելը լավագույն տարբերակը չեն թերթի գոյատևման համար: Տնտեսագետ Արա Սարգսյանի կարծիքով՝ ներկայիս տպագիր մամուլում հրատարակում են այն, ինչ ուզում են՝ մոռանալով էթիկայի, նույնիսկ ճշմարտության մասին. «Սովորության համաձայն՝ կարդում եմ ձեռքիս տակ ընկած ամեն թերթ: Սուտ կլինի ասել, թե նորությունները թերթերից եմ իմանում: Եթե հույսս թերթին դնեի, դեռևս Հայաստանի Հանրապետության նախագահը Ռոբերտ Քոչարյանը կլիներ»:
Կանխատեսումները տարբեր են, մի քիչ էլ հուսադրող…
«Տպագիր մամուլը, կարծում եմ, անկում կապրի, բայց կգոյատևի»,- այսպես է մտածում «Հրապարակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան Հասմիկ Բաբաջանյանը, իսկ «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով տպագիր մամուլը կգոյատևի այնքան ժամանակ, քանի դեռ երկրի վրա կլինի 20-րդ դարի գոնե մեկ ներկայացուցիչ:
Մասնագիտությամբ պատմաբան Նունե Ասրյանը հավատում է, որ տպագիր մամուլը դեռ երկար կյանք կունենա. «Թերթը կապրի, քանի դեռ կան մարդկություն, մտավորականություն, քաղաքակրթություն: Այն տարիք ու փորձ ունի ու երբեք էլ չի մահանա: Այլ հարց է, թե ինչքանով է մատչելի ներկայիս հասարակությանը»:
«Մամուլը կորցնում է իր կշիռը ժամանակավորապես: Այսօր ասպարեզում շատ են մտքով ու հոգով խակ, աշխարհից անտեղյակ լրագրողները, որն էլ անմիջականորեն իր ազդեցությունն է թողնում տպագիր մամուլի զարգացման վրա: Վստահ եմ՝ ժամանակը կշտկի ամեն բան»,- ասում է «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանը:
Երիտասարդների կարծիքները լսելիս պարզ է դառնում, որ մեծամասնությունը նախընտրում է տեղեկություն ստանալ համացանցից: Սա և փողի խնայողություն է, և տեղեկատվության օպերատիվ աղբյուր:
«Թերթ գնելու իմաստը չեմ տեսնում, եթե աշխարհի ցանկացած կետում տեղի ունեցող իրադարձության մասին րոպեներ անց կարող եմ համացանցով տեղեկանալ կամ շատ հաճախ ուղիղ միացումով տեսնել»,- մտածում է նոր տեխնոլոգիաների սիրահար, ծրագրավորող Արտակ Ներսիսյանը:
Իսկ իրավաբան Արմեն Սարգսյանի համար տպագիր մամուլը ձևականություն չէ. «Ես դեմ չեմ էլեկտրոնային տարբերակին, բայց այն հոգնեցնող է, իսկ տպագիրը ոչ միայն ինֆորմացիայի աղբյուր է, այլև նպաստում է բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը: Կարելի է համատեղել ավանդական լրատվությունն ու նոր տեխնոլոգիաները միայն այն դեպքում, եթե տպագիր մամուլը շեշտը դնի օպերատվության վրա»:
ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Միլիտոնյանը տպագիր մամուլի անմխիթար վիճակի մասին խոսելիս նշում է, որ առաջ շարժվելու համար թերթերը պետք է մրցակցեն նույնիսկ իրենց էլեկտրոնային տարբերակի հետ, դառնան ավելի հետաքրքիր՝ ներգրավելով չօգտագործված ինտելեկտուալ դաշտը:
Տպագիր մամուլին հավատարիմ մնացածների շրջանում առավել իշխում է սովորության ուժը, որը ստիպում է նրանց դեռ շարունակել կարդալ: Շատերը կորցրել են հավատը թերթի նկատմամբ, քանի որ այսօրվա յուրաքանչյուր թերթ ունի իր տերն ու հովանավորը, չեզոք թերթեր համարյա չկան, ֆինանսական կախվածություն ունեն: Խմբագիրը կատարում է ողջ խմբագրության աշխատանքը, և թերթը դառնում է ոչ թե կոլեկտիվ աշխատանքի արդյունք, այլ անհատի: Հազվադեպ են դարձել վերլուծական, հետաքննական հոդվածները, խորքային ուսումնասիրությունները, որի պատճառով էլ տպագիր մամուլ ընթերցողները գնալով պակասում են, այն կորցնում է իր ազդեցությունը հասարակության վրա:
Նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը դեռևս տպագիր մամուլի անկման միակ պատճառը չէ: Տպագիր մամուլը կշարունակի գոյություն ունենալ, եթե լինի ազատ, անկախ և անկողմնակալ: Ամեն ինչ կախված է տպագիր մամուլի բովանդակությունից և օպերատիվությունից: Հիմա էլ հեռուստատեսությունը հասանելի է բոլորին, բայց մարդիկ շարունակում են ռադիո լսել:
Սույն հրապարակումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի, և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում ՝ "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ" միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ"-ին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:
Комментариев нет:
Отправить комментарий