15 июн. 2011 г.

«Եթե ստիպված լինեի ընտրել, կընտրեի ավանդական մեդիան»

Փունե Ղոդուսի. Լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից
«Որոշ երկրներում ես սոցիալական մեդիային ավելի շատ եմ վստահում, քան հեռուստատեսությանը»

Փունե Ղոդուսին BBC World –ի հաղորդավարուհի է: Նա BBC-ի իրանական հեռուստաընկերությամբ վարում է “Nobat-e Shoma” («Քո հերթն է») ինտերակտիվ հաղորդումը, BBC World News-ով ներկայացնում է ամենօրյա լուրերն ու ընթացիկ իրադարձությունները: Փունեն ղեկավարել է մի նախագիծ, որն ուսումնասիրել եւ աջակցել է սոցիալական մեդիայի արդյունավետ օգտագործմանն ու օգտատերերի գեներացրած բովանդակությանը ամբողջ BBC Global News-ով:

Ո՞րն է ավանդական մեդիայի դերն ու նշանակությունը սոցիալական մեդիայի եւ քաղաքացիական լրագրության դարաշրջանում:

Սովորաբար բոլորը լսում էին ավանդական մեդիային, ավանդական մեդիայի լրագրողները պատմությունը պատմում էին եւ մարդկանց հետ խոսում էին մի տոնով, որն էր՝ ես գիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, ես գիտեմ` ինչպես այն վերլուծել, ես կասեմ ձեզ, թե ինչպիսին է աշխարհը եւ դուք կլսեք ինձ: Եվ սովորաբար մարդիկ միացնում էին ռադիոն կամ հեռուստացույցը եւ հավատում էին, թե ինչ է պատմում իրենց ցանկացած լրատվական գործակալության կամ հեռուստաալիքի լրագրողը: Որոշ առումներով սա լավ էր, որովհետեւ բոլոր լրագրողներն իսկապես ջանասիրաբար աշխատում էին, որպեսզի տեղեկատվություն գտնեին եւ պատմություն պատմեին, նրանք երկար տարիներ սովորում էին համալսարանում, ճամփորդում էին ամբողջ աշխարհով եւ փորձառություն ունեին, ինչը բերեցին իրենց հետ, ինչն առ այսօր անում են, եւ ինչը հրաշալի է:

Բայց ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաները հասել են մի կետի, որտեղ յուրաքանչյուրն ունի նոութբուք եւ բջջային հեռախոս: Շատ երկրներում նոր սերունդն Ինտերնետ ունի, եւ ցանկացած մարդու համար շատ հեշտ է պատմել իր պատմությունն այնպես, ինչպես ինքն է տեսնում, պատմել, թե ինչ է մտածում իր նախագահի այսօրվա ասածի կամ իր երկրում տեղի ունեցած երկրաշարժի մասին:

Դրա համար ես մտածում եմ, որ սոցիալական մեդիան լրագրողների համար նոր ռեսուրս է,շատ տեղեկատվություն, պատմություններ գտնել, պատմությունները նոր ձեւով, ավելի լավ պատմել, եւ ավելի մեծ լսարան ձեռք բերել: Մեդիան այժմ ավելի լայն լսարան ունի, որովհետեւ այն մարդկանց համար ավելի մատչելի է: Եթե դու նույնիսկ չես դիտում հեռուստացույց եւ չես հետեւում օնլայն լուրերին, ուր էլ գնաս, բախվում ես դրանց:

Սակայն ես կարծում եմ՝ դեռ շատ կարեւոր մի բան կա, որ ունի ավանդական մեդիան. այն է՝ փորձառությունը, վերլուծությունը եւ այս ամենի ըմբռնումը: Որովհետեւ դուք, որպես լսարան, չեք ուզում գնալ ստուգել Facebook-ը, Twitter-ը, բլոգներ եւ հարյուրավոր այլ կայքեր միայն նրա համար, որպեսզի իմանաք, թե քանի հարյուր մարդ է զոհվել երկրաշարժից կամ ինչ է պատրաստվում անել նախագահը վատ տնտեսության վերաբերյալ կամ ինչպիսին կլինի ահաբեկչության ապագան: Դուք ուզում եք, որպեսզի մեկ ուրիշը, ով այս ամենն արել է ձեզ համար՝ պատկերացում է կազմել, ուսումնասիրել է, հետազոտել է, առաջարկով, կարծիքով, մտքով կամ վերլուծությամբ է հանդես եկել, հեշտացնի ձեր գործն ու հասկանալի դարձնի լրատվությունը: Բացի այդ՝ դուք չեք ուզում հավատալ ցանկացած բլոգերի, որին կարդում եք կամ վստահել YouTube տեսանյութին, այնպես չէ՞: Այսպիսով՝ դարձյալ ձեզ պետք է մեկը, ով խելացի աչքով եւ փորձառությամբ, ճանաչողական հայացքով դրանք կհամադրի, կհաշվարկի եւ կգտնի իրական արդյունքը, ինչը դարձյալ մի բան է, որ ավանդական մեդիան շատ լավ է անում:

Այսինքն՝ ավանդական մեդիան ավելի արժանահավատ է, քան սոցիալական մեդիան…
Ընդհանուր առմամբ, հուսով եմ՝ այո: Դա կախված է ավանդական մեդիայից: Որոշ երկրներում ես սոցիալական մեդիային ավելի շատ եմ վստահում, քան հեռուստատեսությանը: Որոշներում՝ այո, նկատի ունեմ՝ ես BBC-ին ավելի շատ եմ վստահում, քան բլոգերի, ում անունը Սեւ կատու է, որովհետեւ ես չգիտեմ, թե նա ով է, որտեղ է, արդյոք նա կատու է, որը բլոգ է գրում, թե մարդ է կամ գիժ է կամ մոլեռանդ կամ ով է՞: Դրա համար սովորաբար ես ուզում եմ, որպեսզի մեկն օգնի ինձ հասկանալ դա: Ինձ հետաքրքրում են աշխարհի բոլոր մարդկանց տարօրինակ բլոգները, բայց ես չեմ ուզում վստահել նրանց որպես իմ տեղեկատվության եւ գիտելիքի աղբյուր:

Ինչպե՞ս կհամեմատեք ավանդական եւ սոցիալական մեդիայի ազդեցությունները լսարանի վրա:

Ես ինքս գերադասում եմ երկուսի գեղեցիկ խառնուրդը, որովհետեւ դա է լավագույն մեդիան: Եթե ես ռեպորտաժ ունեմ CNN-ով, BBC-ով կամ տվյալ հայկական հեռուստաալիքով, որն ասում է՝ մեր լրագրողը հարցազրույց է արել վարչապետի հետ տնտեսության վերաբերյալ, հետո մենք դուրս ենք եկել փողոց եւ խոսել ենք 5 հոգու հետ, եւ ահա, թե ինչ են նրանք մտածում վարչապետի ասածի մասին, հետո գնացել ենք Facebook եւ կարդացել ենք ձեր մեկնաբանություններից երկուսը այն մասին, թե ինչ են մարդիկ մտածում Facebook-ում, քանի որ նրանք այլ սերունդ են, նրանք մարդկանց տարբեր խումբ են, եւ հիմա կարող ենք կարդալ նաեւ մի բլոգ՝ տնտեսագետի բլոգ, այս մարդը գտնում է, որ վարչապետի որոշումը լավ է կամ վատ է: Սա է ինձ համար ամբողջական ռեպորտաժը, քանի որ այն պատմում է ինձ ամենը, ինչ ես ուզում եմ իմանալ ավանդականի, ժամանակակիցի, երիտասարդի, փորձագետի եւ միջին վիճակագրական մարդու մասին: Բայց եթե ես ստպիված լինեի ընտրել երկուսի միջեւ, այս պահի դրությամբ ես կընտրեի ավանդական մեդիան, որովհետեւ այն ավելի ամբողջական է, ավելի հեշտ մարսելի եւ վստահելի: Բայց գուցե մի օր սոցիալական մեդիան այնքան ուժեղ դառնա, որ դուք կգնաք Facebook ձեր ամենօրյա լրատվության համար, բայց հիմա այն լուրերը, որոնք կան Facebook-ում BBC-ի կամ New York Times-ի հոդվածի հղումներ են: Բայց ինձ դուր է գալիս երկուսի խառնուրդը, ես կարծում եմ՝ դա լրագրությունն ավելի ուժեղ է դարձնում:

Որո՞նք են ավանդական մեդիայի միտումներն այսօր:
Կարծում եմ՝ հիմա կարեւորագույն միտումը համագործակցությունն է՝ հին եւ նոր մեդիայի խառնուրդը: Օրինակ՝ հենց հիմա եթե նայեք ցանկացած հոդված, ասենք, Financial Times-ում, New York Times-ում, CNN-ում կամ BBC-ում, դուք կտեսնեք, որ կա պատկերասրահ, որտեղ մարդիկ նկարներ են ուղարկում, կա տեսանյութ, դրա տակ` հղում դեպի Youtube, մեկ այլ հղում, որն ասում է՝ մեր կայքում տեղադրիր քո սեփական տեսանյութը, դրա տակ մեկ այլ տուփ՝ մեկնաբանություններով, մարդկանց կարծիքներով, այդ հոդվածը գրող լրագրողի էլ. փոստի հասցեն, դուք կարող եք նրան նամակ ուղարկել, թե ինչ եք կարծում նրա հոդվածի մասին, եւ միանգամից դրա կողքին հղում դեպի նույն լրագրողի բլոգը, եթե ուզում եք կարդալ, թե ինչպես է այս լրագրողը պատրաստել իր նյութը, այսպիսով՝ սա նման է գլուխկոտրուկի քսան տարբեր կտորների, որոնք հավաքվում են միասին: Ես կարծում եմ՝ սա է մեդիայի լավագույն միտումն այսօր:                                           media.am

Комментариев нет:

Отправить комментарий