Սյունիքի մարզի 30 դպրոցներում արդեն անցկացվել եւ մրցութային կարգով ընտրվել են տնօրեններ, որոնք մինչ այժմ պաշտոնավարել են անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա: Դպրոցական խորհուրդների կողմից ընտրվելուց հետո, ըստ օրենքի, նորընտիր տնօրենների հետ կնքվում են որոշակի ժամկետով պայմանագրեր: Մարզպետարանի կրթության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այդ դպրոցներից 29-ում վերընտրվել են գործող տնօրենները' հիմնականում առանց մրցակցության:Միայն Կապանի տարածաշրջանի Գեղանուշ գյուղի դպրոցում ընտրվել է նոր տնօրեն: Դպրոցի նախկին տնօրենն իր դիմումի համաձայն նախապես ազատվել էր աշխատանքից: Մինչեւ հոկտեմբերի 21-ը եւս երկու դպրոցում կանցկացվի տնօրենի ընտրություն, եւ դրանով կավարտվի գործընթացի առաջին փուլը մարզում: Այս երկու դպրոցներում տնօրենների տեղերը թափուր են' Կապանի թիվ 13 դպրոցի տնօրենի կենսաթոշակի անցնելու եւ 3 դպրոցի տնօրենի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը ավարտվելու կապակցությամբ:
Գործընթացի երկրորդ փուլով, որը կմեկնարկի հոկտեմբերի 30-ից, եւս նախատեսված է 32 դպրոցի տնօրենի ընտրություն: Իսկ մինչեւ տարեվերջ' երրորդ փուլով, նման ընտրություններ կանցկացվեն մարզի նաեւ 27 դպրոցում: Այդպիսով, այս տարվա ընթացքում Սյունիքի մարզային ենթակայության 114 դպրոցներից 91-ում կկազմակերպվեն եւ կանցկացվեն տնօրենների ընտրություններ:
«Մարզի թե' քաղաքային, եւ թե' գյուղական համայնքների դպրոցական խորհուրդները բավականին լուրջ են մոտենում հարցին, պատշաճ մակարդակով են անցկացնում ընտրությունները: Իսկ մենք նրանց աջակցում ենք' ցուցաբերելով մեթոդական օգնություն», - ասաց Ա.Գրիգորյանը: armenpress.am
Комментариев нет:
Отправить комментарий