22 окт. 2012 г.

Շիրակյան մամուլ. արդին եւ ավանդականը` կողք-կողքի

Երանուհի Սողոյան
Տարիներ շարունակ միջոցներ որոնելով եւ չգտնելով` 2011թ. սկզբին «Ասպարեզ» ակումբի հիմնադիրներով 24 մլն դրամի ներդրում կատարեցին տպագրական մեքենան գնելու համար` շատ լավ պատկերացնելով, որ չի կարելի օրաթերթը Երեւանում տպել, բերել տարածել ու դա անել ամեն օր: Սեփական տպարան ունենալն արդեն իսկ առավելություն է, նշում է Լեւոն Բարսեղյանը: Եվս 22,5 մլն դրամ դրամաշնորհի տրամադրումը Բաց հասարակության հիմնադրամի կողմից լուծեց թերթի բովանդակության զարգացման, լրագրողների դասընթացների եւ որոշ տեխնիկական միջոցների` համակարգիչների ձեռք բերման խնդիրը:
500 տպաքանակ եւ 2 մամուլ ծավալով հրատարակվող «Գյումրի Ասպարեզ» օրաթերթն իր առջեւ խնդիր է դրել լուսաբանել հասարակական-քաղաքական կյանքը, մշակույթը եւ սպորտը: Թերթի ծավալի կեսը նվիրված է Գյումրի քաղաքին եւ մարզին, մեկ քառորդը` Հայաստանի եւ նույն համամասնությամբ աշխարհի անցուդարձն է ներկայացնում:
Թերթի վերջին էջերը տրամադրված են խաչբառերին, ինտելեկտուալ խաղերին, օրվա հորոսկոպին, հեռուստատեսային ծրագրերին եւ գովազդին: Անվճար տեղադրում են կինո Հոկտեմբերում ցուցադրվող ֆիլմերի ցանկը, հետագայում կտեղադրեն դրամատիկական թատրոնի եւ տիկնիկային թատրոնի խաղացանկերը: Առայժմ թերթի մակերեսի միայն 10-12%-ն է զբաղեցնում գովազդը:

«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի 2011թ. նոյեմբերի 17-ի համարից`սկսած առաջին անգամ Հայաստանի տպագիր մամուլի պատմության մեջ, որոշվեց կիրառել QR Code, որը հնարավորություն է ընձեռում խելացի հեռախոսներով (smartphone) թերթի վրայից որսալով հոդվածներին կից պատկերը, ինտերնետից ստանալ այդ եւ հարակից նյութերը (տեքստեր, տեսագրություններ եւ այլն) ու, բնականաբար, գրել մեկնաբանություններ:

«Շրջապատ» շաբաթաթերթ

Ընթերցողի համար թերթի գլխավոր էջը խայծ է: Սխալ ձեւավորումն ու նյութի ընտրությունը կարող են տապալել տվյալ համարի վաճառքը: Գյումրիում 2004թ.-ից հրատարակվող «Շրջապատ» շաբաթաթերթն այդ առումով փորձի պակաս չունի: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի կամ գյումրեցիների կողմից չընդունված որեւէ մեկի լուսանկարն «ապահովել» է թերթի մեծ վերադարձելիություն:

Շաբաթաթերթի իրացումը մեծ տոկոս կազմեց, երբ թերթի առաջին էջն սկսեցին զարդարել արտասահմանյան աստղերի լուսանկարներով: Արդեն 8 տարի է տպում են համաքաղաքացիների կյանքի իրական պատմություններ «Լայն փակված աչքերով» խորագրի ներքո: Խմբագրություն այցելած անծանոթ մի աղջիկ ձեռագիր պատմություն էր բերել, որ վերաբերում էր իր մայրիկին: Տպեցին, իհարկե, անունները փոխած: Այդ ժամանակ դեռ չէին մտածում, որ շարք կստացվի: Եղավ արձագանք, հետո իհարկե զանգեր եւ սեփական կյանքի սիրո ուրախ կամ տխուր պատմությունները տպագրելու առաջարկներ:

«Շրջապատ» շաբաթաթերթում տպագրվել են նաեւ Խորհրդային շրջանի ներքին գործերի վերջին նախարար Լեւոն Գալստյանի` «Լյովապետի», քաղաքացիական հայացքների համար մոտավորապես մի 10 անգամ դատապարտված Վաշինգտոն Քիշմիշյանի հուշերը եւ այլն: «Տպել ենք օրիգինալ երազների շարք, որոնք իրականացել են ու մարդիկ տպավորված են եղել դրանից: Շիրակի մարզում կատարված առեղծվածային երեւույթների մասին ենք տպել: Մի տհաճ շրջան էլ ենք ունեցել, երբ սերիալների կարճ բովանդակություն էինք տպում, սակայն հենց դրա շնորհիվ թերթը վերադարձելիություն չուներ, անգամ մենք երբեմն-երբեմն ստիպված էինք լինում մեր արխիվի համար ընթերցողներից խնդրել համարը»,-պատմում է շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը:

«Շրջապատի» հիմնական խորագրերին վերջին տարիներին ավելացել է եւս մեկը: Ամեն շաբաթ Եպրաքսյան այցելում է Գյումրիի ծննդատուն եւ լուսանկարում այդ շաբաթ ծնված նորածիններին, որոնց լուսանկարներն այնուհետեւ տեղ են գտնում թերթի էջերում:

2011թ. դեկտեմբերին «Շրջապատ» շաբաթաթերթը գյումրեցի ընթերցողներին ամանօրյա անակնկալ մատուցեց: Երկար ընդմիջումից հետո թերթը տպվեց գունավոր` վերադարձնելով ծննդյան օրվանից իրեն բնորոշ գույներն ու դրան ավելացնելով եւս մեկը: «Առանձնանալու խնդիր միշտ է եղել, հենց ստեղծման օրվանից,- ասում է «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրենը,- 2004թ. մայիսի 19-ին առաջին համարն է լույս տեսել, առաջին ու վերջին էջերը եղել են երկգույն`կարմիր ու սեւ, հիմա մենք ավելացրել ենք նաեւ 3-րդ գույնը»:

«Շրջապատի» հիմնադիրները նախքան գործունություն ծավալելը, ուսումնասիրել էին արտասահմանյան եւ ռուսական փորձը: Թերթի շուկան հուշել էր` արագ ճանաչվելու ու հաստատվելու համար նախ՝ գույն, հետո՝ գրավիչ նյութեր: «Մենք բրենդային խնդիր ենք լուծում,- հավելում է Եպրաքսյա Մեխակյանը,- մարդկանց աչքը սովորել էր երկգույն «Շրջապատին»: Երկար ժամանակ անգույն էինք ու պոտենցիալ հաճախորդ կորցրեցինք: Մենք ինքնաֆինասավորմամբ ենք գոյատեւում, որեւէ աջակցություն, հովանավորություն չկա: Դրա համար էլ մշտական փնտրտուքների մեջ ենք»: Թերթն իր գոյության տարիներին ընդամենը երկու անգամ է օգտվել դրամաշնորհային ծրագրերից:

«Հինգշաբթի» շաբաթաթերթ

«Հինգշաբթի» ինֆորմացիոն-ժամանցային թերթն ավելի վաղ է հիմնադրվել` 1997թ.-ին: Հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ Գյումրին չուներ թերթի այն տեսակը, որն այժմ իրենից ներկայացնում է «Հինգշաբթին», այսինքն՝ թերթ, որտեղ մարդիկ կգտնեին առք ու վաճառքի հայտարարություններ, կլինի հեռուստահաղորդումների ծրագիր, խաչբառեր:

«Այն ժամանակ հայտարարություններն անվճար էին եւ ընդամենը 3 տարի է, որ դրանք դարձրել ենք վճարովի,- ասում է Արմեն Մարտիրոսյանը»: Բացի «Հինգշաբթի» ինֆորմացիոն-գովազդային շաբաթաթերթից «Հինգշաբթի» ՍՊԸ-ն հրատարակում է նաեւ «Հինգշաբթի-ժամանց» շաբաթաթերթը 2002 թ-ից: «Տարբերություն կա երկու թերթերի մեջ,- հավաստիացնում է գլխավոր խմբագիր Տիգրան Ավետիսյանը,- վերնագիրն էլ է հուշում, որ դրանցից մեկը միայն ժամանցային բնույթի է, իսկ «Հինգշաբթին», որ լույս է տեսնում 5 մամուլ ծավալով, մենք առաջին 3 էջը հատկացրել ենք տեղական լուրերի լուսաբանմանը եւ միայն 7 էջն են զբաղեցնում հայտարարությունները»:

Թերթերն ունեն նաեւ էջեր, որտեղ նյութերը տպվում են ռուսերեն լեզվով՝ Գյումրիի ռուսալեզու, ռուսախոս ընթերցողների համար: Միջինը 4500 տպաքանակով լույս տեսնող «Հինգշաբթի» շաբաթաթերթը մեծ պահանջարկ է վայելում Գյումրիում եւ վերադարձի տոկոսը շատ փոքր է: Նախկինում, եթե թերթը վաճառվում էր 100 դրամով, ապա Գյումրիի տպագրատան տեղափոխման հետեւանքով, երբ հարկ եղավ տպագրության համար հասնել Երեւան, ստիպված եղան 50 դրամով ավելացնել թերթերի գինը: Վերջին երեք տարին «Հինգշաբթի» ՍՊԸ-ն վարձակալել է թերթ տպագրելու մեքենա եւ տպագրությունն իրականացնում է տեղում: «Բնականաբար, տպագրության հետ կապված բոլոր խնդիրները նույնպես մենք ենք լուծում, բայց գոնե հանգիստ ենք եւ Երեւան գնալու հարցը մեջտեղից դուրս է եկել,- ասում է թերթի տնօրենը»:

«Շրջապատ» շաբաթաթերթի նման «Հինգշաբթին» եւս տարածվում է անհատ լրագրավաճառների միջոցով: Թերթը կարելի է տեսնել սննդի կետերում, լոտո վաճառողների մոտ եւ այլն: Դրամաշնորհային որեւէ ծրագրի ոչ մասնակցել են, ոչ օգտվել: Շիրակի Մրցունակության կենտրոնը 2008թ.-ին թերթին պարգեւատրել է պատվոգրով, որպես մարզի գործարարների լավագույն ինֆորմացիոն աջակից:

Շիրակի մարզի սուբսիդավորվող թերթերը

«Կումայրի» երկշաբաթաթերթ


1921թ.-ից 20-25 հազար տպաքանակով հրատարակվող «Բանվոր» օրաթերթը 1991թ.-ին վերանվանվեց «Կումայրի»: 1992թ.-ից օրաթերթը դարձավ շաբաթաթերթ, իսկ արդեն 2009թ.-ից սկսած «Կումայրին» լույս է տեսնում երկու շաբաթը մեկ պարբերականությամբ: 2010թ.-ից 1500 տպաքանակով տպագրվող «Կումայրին» անդրադառնում է քաղաքի եւ մարզի սոցիալական, քաղաքական, մշակութային, սպորտային կյանքին: Հեռուստատեսային ծրագրեր չեն տպում հասկանալի պատճառներով (երկշաբաթաթերթ է), գովազդատուներ եւս չունեն: Ամեն տարի պետությունից 500 հազար դրամ աջակցություն են ստանում:

Թերթի գլխավոր խմբագիր եւ տնօրեն Անահիտ Նորիկյանի պնդմամբ, եթե չլինի այդ դրամական օգնությունը, դժվար թե 4 հոգուց բաղկացած խմբագրակազմն ու թերթն ընդհանրապես հնարավոր լինի պահել: Թերթը վաճառվում է 100 դրամով: Մարզի Արթիկ եւ Ախուրյան համայնքներ թերթն հասնում է Հայփոստի միջոցով: Ունեն մոտ 100-ի հասնող բաժանորդներ: «Մեր հավատարիմ ընթերցողներն են հիմնականում»,-նկատում է Անահիտ Նորիկյանը: Վերջին տարիներին արտաքին ձեւավորման եւ բովանդակային առումով «Կումայրին» որոշակի փոփոխությունների ենթարկվել է, սակայն պահպանել է սեւ-սպիտակ տպագրության սկզբունքը: «Թեպետ դա այնքան էլ սկզբունք չէ, որքան որ ֆինանսի խնդիր է, նկատի ունեմ գունավոր տպագրությունը, որը մեզ թույլ տալ չենք կարող»,- ասում է Անահիտ Նորիկյանը:

«Եղեգան փող» ամսաթերթ


Հայաստանի Գրողների միության Շիրակի մարզի մասնաճյուղի պաշտոնաթերթն է: Հիմնադրվել է 1991թ.-ին: Այդ տարին տպագրվել է ընդամենը 16 էջից բաղկացած մեկ օրինակ: Ամսաթերթի տպագրությունն արդեն «Եղեգան» վերտառությամբ վերսկսվել է 7 տարի անց: 1998թ.-ին կարողացել են տպել ընդամենը 3 համար: Կրկին 7-ամյա լռություն եւ միայն 2005թ.-ին «Եղեգան փողը» կրկին սկսել են լույս ընծայել, այս անգամ 2 մամուլ ծավալով, 6 համար տարվա ընթացքում`ընդամենը 500 տպաքանակով:

«Եղեգան փող» ամսաթերթի գլխավոր խմբագիրն ու պատասխանատուն Ռոզա Հովհաննիսյանն է: Գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի պատասխանատու Անդրանիկ Կարապետյանն ասում է, որ թերթում հիմնականում տեղ են գտնում ժամանակակից ստեղծագործողների ստեղծագործությունները, կատարվում են թարգմանություններ իսպանացի, իտալացի, ֆրանսիացի, անգլիացի, ռուս գրողների գործերից: Ամսաթերթն արդեն 5 տարի է պետությունից դրամական աջակցություն է ստանում, տարեկան 500 հազար դրամի չափով: «Ամսաթերթը չի վաճառվում, հիմնականում նվիրում ենք, դպրոցներ ենք ուղարկում,- ասում է Անդրանիկ Կարապետյանը,-պետական աջակցության շնորհիվ ենք գոյատեւում»:

«Շիրակ» երկշաբաթաթերթ


«Շիրակ» օրաթերթն սկսել է տպագրվել 1930թ.-ին: Ախուրյանի նախկին շրջանային թերթը երկրի անկախացման մի քանի տարիներին դադարեցրեց իր գոյությունը, այնուհետեւ նախկին աշխատակցի, ներկայիս խմբագիր եւ տնօրեն Սամվել Մարգարյանի ջանքերով 1998թ.-ին վերագրանցվեց Արդարատության նախարարությունում եւ հիմա լույս է տեսնում երկու շաբաթը մեկ պարբերականությամբ: «Մարզային գրական, կրթական, մշակութային, հասարակական անկախ երկշաբաթաթերթ է,- ներկայացնում է Սամվել Մարգարյանը,- անդրադառնում ենք նաեւ պաշտոնական այցերին, գյուղաշխարհ ենք տալիս, պատոնական լրատվություն»:

Միջինը 1000 օրինակով տպագրվող երկշաբաթաթերթի գինը պայմանագրային է: Վերջին 4-5 տարին 500 հազար դրամի չափով դրամական աջակցություն են ստանում պետությունից: Տարածման եւ իրացման նպատակով համագործակցում են համայնքների ղեկավարների հետ: Մի ժամանակ Գորկի 62 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի մեկ սենյակն էր զբաղեցնում «Շիրակի» երկու հոգուց կազմված խմբագրակազմը: 2 տարի առաջ շենքն օտարվել էր եւ Սամվել Մարգարյանը ստիպված է եղել խմբագրությունը տեղափոխել Երազգավորս գյուղում գտնվող իր տուն: «Ես գրում եմ անգամ ծնկիս վրա, մեքենայի մեջ»,- ասում է Սամվել Մարգարյանը: Ինչպես եւ «Կումայրին», «Շիրակ»-ը եւս տպագրվում է «Հինգշաբթի» ՍՊԸ-ի վարձակալած տպագրատանը:

Դե, իսկ Արթիկ քաղաքում եւ հարեւան համայնքներում տարածվող «Տուֆաշխարհ» երկշաբաթաթերթի խմբագիր Անահիտ Նահապետյանի հետ հնարավոր չեղավ հանդիպել: Քաղաքային հեռախոսին օրեր շարունակ որեւէ մեկը չէր պատասխանում, իսկ տիկնոջ
բջջային հեռախոսն անհասանելիության սահմաններում էր: Մնում է միայն զարմանալ, թե ինչպես են ընթերցողներն իրենց հոգսերն հասու դարձնում հանրությանն այս թերթի միջոցով:


Սույն հրապարակումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի, և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում ՝ "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ" միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ"-ին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий