30 окт. 2011 г.

Հայաստանում ծխախոտի պատճառով տարեկան մոտ 3000 մարդ է մահանում

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկեց «ԵՊՀ-ն ընդդեմ ծխախոտի և թմրամիջոցների» ծրագիրը։ Այս մաիսն տեղկեացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը կարևորեց երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը, քանի որ դրանք նպաստում են առողջ հասարակության ձևավորմանը։ Ըստ նրա, առողջ ապրելակերպ հասկացությունն անհամատեղելի է ծխախոտի ծխի հետ։

«Մենք՝ բոլոր չծխողներս, պետք է պայքարենք, որպեսզի մեզ շրջապատող միջավայրը ծխից զուրկ լինի։ Ցավոք, այսօր մեր հասարակության շուրջ 64 տոկոսը համարվում է ծխող, ինչը բավականին մեծ թիվ է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ թիվը նվազի, և հասարակությունը մաքուր միջավայրում ապրելու հնարավորություն ունենա»,- ասաց Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։ Ըստ Երևանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի, ծխելը խիստ էգոիստական գործողություն է. այն վնասում է ոչ միայն ծխողին, այլև շրջապատին։ «Ծխելը խոսում է մարդու թուլության, կախվածության մասին։ Այն հակամարդկային է իր ամբողջ էությամբ, և չարաչար սխալվում են այն մարդիկ, որ կարծում են, թե ծխելով իբրև թե ցույց են տալիս, թե իրենք առաջադեմ են, ժամանակակից և իրավունք ունեն խելոք, խոհեմ մարդկանց համահավասար հանդես գալու։

Համահավասար լնելու միակ ճանապարհը մարդու անձնական կարողություններն են, նրա ուղեղի աշխատանքը, բնավորության գծերը, կամքը և խիղճը։ Ծխախոտը ոչ մի դեպքում ոչ մեկին չի գեղեցկացնում։ Ես կոչ եմ անում. ովքեր ծխում են, թողնեն այդ վնասակար սովորությունը, իսկ ովքեր չեն ծխում, երբեք ձեռքը չվերցնեն գլանակը։ Որքան էլ գրավիչ թվա առաջին պահը, դրան հետևում են անքուն գիշերներ, խեղդող հազ, հիվանդություններ»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը համալսարանի ուսանողներին տեղեկացրեց, որ ծխախոտն ու նրա ծուխը պարունակում են շուրջ 3000 քիմիական միացություններ, որոնցից 60-ը քաղցկեղածին են, հեշտորեն վնասում են բջջանյութին՝ դրանով իսկ քաղցկեղային ուռուցքի աճ առաջացնելով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում ծխողների թիվը հասնում է 1,1 միլիարդի։ Ծխախոտ օգտագործելը կարող է դառնալ շուրջ 500 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ։ Ըստ հետազոտությունների, 2030թ. վեց մարդուց մեկը կդառնա ծխելու զոհը, և ծխախոտը կհամարվի մահացության ամենատարածված պատճառը։

«Հայաստանում տղամարդկանց մոտ 70 տոկոսը ծխում է, ծխող կանանց թիվը տարեցտարի աճում է։ Մեր հանրապետությունում ծխախոտի պատճառով տարեկան մահանում է մոտ 3000 մարդ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զարգացող երկրներում ծխախոտի գնի 10 տոկոս աճը կարող է բերել դրա կիրառման 8 տոկոս նվազման։ Թեև ծխելը կախվածություն է և թմրամոլության տեսակ, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդկանց հաջողվել է թողնել այն։ Կարծում եմ՝ նման միջոցառումները կօգնեն ձևավորել առողջ հասարակություն»,- եզրափակեց Արուսյակ Պողոսյանը։

«ԵՊՀ-ն ընդդեմ ծխախոտի և թմրամիջոցների» խորագրով ծրագրի շրջանակներում կստեղծվեն տեղեկատվական նյութեր։ Համապատասխան պաստառներ կփակցվեն ԵՊՀ լսարաններում, գրադարանի ընթերցասրահներում, ինչպես նաև միջանցքների տեսանելի վայրերում, իսկ ուսանողության շրջանում կտարածվեն տեղեկատվական բուկլետներ։ Կանցկացվեն նաև սեմինար-քննարկումներ։                                                     drugs.am

Комментариев нет:

Отправить комментарий