1 июн. 2011 г.

Հայաստանում բոլոր երեխաները պաշտպանության կարիք ունեն. նրանց նկատմամբ կիրառվող բռնությունների մասին վիճակագրություն չկա

Այսօր պաշտպանության կարիք ունեն բոլոր երեխաները. նրանք չեն պաշտպանվում էլեմենտար ինֆորմացիոն ագրեսիայից: Այս մասին այսօր` հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ օգնության միության (ՀՕՄ) Երևանի գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը, հավելելով, որ ծնողն ի զորու չէ դիմակայել այսօրվա ինֆորմացիոն ագրեսիային, քանի որ երեխայի մոտ ձևավորվում է որոշակի արժեհամակարգ:

«Պիտի մշակույթի մատուցման միջոցով երեխային հաղորդես պաշտպանական մեխանիզմները: Պիտի տաս հոգեբանական պաշտպանական մեխանիզմ, որը չես անում: Մենք ունեինք մանկական հեռուստաալիք, ինչո՞ւ փակվեց: Միակ հեռուստաալիքն էր, որ չէիր մտածում` երեխան միացրեց ու նստեց դրա դիմաց»,- ասաց Ա.Մնացականյանը:


Ասուլիսի մյուս բանախոսները` World vision կազմակերպության երեխաների պաշտպանության գծով փորձագետ Ռոման Հարությունյանը, People in need կազմակերպության նախագահ Տաթեւիկ Բեջանյանը եւս փաստեցին, որ այսօր բոլոր երեխաները հավասարազոր պաշտպանության կարիք ունեն եւ խախտվում են երեխաների բոլոր իրավունքները: Մեզանում, ցավոք, երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների վերաբերյալ վիճակագրություն չկա: Անդրադառնալով երեխաների նկատմամբ բռնություններին` նրանք նշեցին, որ ոչ թե թիվն աճել է, այլ պարզապես դրանց մասին այժմ ավելի շատ է խոսվում:

Բանախոսները նշեցին, որ մեզանում օրենսդրությունը կատարյալ է, մենք միացել ենք բոլոր կոնվենցիաներին, բայց ձեւավորված չեն դրանք իրականացնելու մեխանիզմները: Նրանց խոսքով` պետք է կանխել երեխաների նկատմամբ բռնությունները, ոչ թե միջոցներ ձեռնարկել հետեւանքները վերացնելու համար:

Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում հունիսի 1-ին նշում են երեխաների իրավունքների պաշտպանության օրը:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Այդ օրը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:                                                        news.am

Комментариев нет:

Отправить комментарий