1 июл. 2013 г.

Սյունիքի անապահով երեխաները ամառային հանգիստը կանցկացնեն ճամբարում

Քրիստինե Հայրապետյան
Սյունիքի մարզպետարանը, քաղաքապետարանների միջնորդությամբ, արդեն մի քանի տարի ամառային ճամբար է կազմակերպում անապահով, ծնողազուրկ եւ բազմազավակ ընտանիքների մինչև տասնչորս տարին լրացած երեխաների համար: Այս տարի ևս 140 երեխաներ կհանգստանան Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի հարցերով գլխավոր մասնագետ Վ. Այվազյանի խոսքով՝ ճամբար կմեկնեն Սյունիքի բոլոր քաղաքներից՝ Գորիսից, Կապանից, Սիսիանից, Ագարակից, Մեղրուց հավաքագրված երեխաները: Ճամբարը կսկսվի հուլիսի1-ից ևկգործի երկու հերթափոխով, յուրաքանչյուրը՝ քսան օր տևողությամբ: Երեխաների հանգստի կազմակերպման ծախսերը կհոգան մարզպետարանն ու քաղաքապետարանները:
Գորիսի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և առողջապահության հարցերի մասնագետ Երվանդ Հակոբջանյանի խոսքով՝ Գորիսից ճամբարին կմասնակցի 30 երեխա, անապահով ընտանիքի երեխաներից շատերը չեն ցանկացել համալրել ճամբար մեկնողների շարքերը: Չցանկացողները հիմնականում այն երեխաներն են, ովքեր մեկ անգամ եղել են այդ ճամբարում, ծանոթ են այնտեղ իրականացվող աշխատանքներին: Երվանդ Հակոբջանյանի ասելով՝ երեխաների համար դժվար է երկար ժամանակով կտրվել ընտանիքից, կարոտում են ծնողներին: Ճամբարում արգելվում է հեռախոս պահելը, եղել են դեպքեր, երբ երեխաները չեն դիմացել և շուտ են տուն վերադարձել:

Աշխատակազմն ունի գլխավոր պատասխանատուներ, ջոկատավարներ, ընդգրկված են նաև ուսանողներ, ովքեր կամավոր աշխատելու են երեխաների հետ: 13-ամյա Հայկը, ով անցյալ ամառ նույն ծրագրով մեկնել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, գոհ է իր հանգստից, ասում է, որ հետաքրքիր ժամանակ է անցկացրել հասակակիցների հետ և լավ տպավորություններով է վերադարձել:

Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շնորհիվ միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին դրամական օժանդակություն է ցուցաբերում, իսկ դրանից բացի, ամռանը 12-16 տարեկան երեխաներին ուղարկում են Վայոց ձորի մարզի «Սիրանույշ» ճամբար: Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանն ասաց, որ այս տարի նույնպես երեխաների հանգիստը նախատեսել էին կազմակերպել ճամբարում, սակայն իրենց հովանավոր Տիկնանց միությունը ֆինանսները տնօրինել է այլ ուղղվածությամբ. դրանք հատկացվելու են Տավուշի մարզի մանկապարտեզներին ու մանկատներին:    hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий