15 мая 2013 г.

Ավագանու նիստում հինգ հոգով վեց երգ էին երգում

Շուշան Օհանյան
Գորիսի համայնքի ավագանու մայիսի 14-ի հերթական նիստը նշանակված էր ժամը 14:00-ին: Լրագրողներն ավագանու նիստերի դահլիճում էին 13:50-ից, նրանցից ավելի պարտաճանաչ էին գտնվել Գորիսի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները:

Մինչ կհավաքվեին ավագանու անդամները, նիստերի դահլիճ մտավ փոխքաղաքապետ Տիգրան Բարխուդարյանը: «Պարոն փոխքաղաքապետ, ոնց տեսնում ենք, ավագանու անդամներն ուշանում են, չի՞ լինի մենք նստենք ու որոշումներ կայացնեք»,- առաջարկեց լրագրողներից մեկը: «Տարբերակ է, ուղղակի, այդ պարագայում որոշումներն ուժ չեն ունենա»,- պատասխաննեց փոխքաղաքապետը:
Ժամը 14:00-ին ավագանու եւ ոչ մի անդամ ներկա չէր, 14:05` չկան ու չկան..., այսպես մինչեւ 14:15: 14:15-ին նիստն սկսվեց. ավագանու 15 անդամներից այդ պահին նսիտին ներկա էին 9-ը, մեկի բացակայությունը հարգելի էր: 14:15-ին միացան ավագանու եւս երեք անդամներ, բացականների թիվը 6-ից «կտրուկ» իջեցնելով 3-ի (Էրիկ Ազաջանյան, Արամ Մելքումյան, Գոռ Տիգրանյա):

Եվ այսպես, սկսեցինք: Օրակարգի առաջին հարցը ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին էր: Այս հարցում տարաձայնություններ չկային` 12 կողմ, եւ կանոնադրությունը հաստատվեց:

Սրանից հետո, տրամաբանորեն, եկավ երկրորդ հարցը` «Գորիսի համայնքի ավագանու 29.01.2009թ. թիվ 5-Ն որոշումն անվավեր ճանաչելու եւ համայնքի նախադպրոցական հիմնարկներ հաճախող երեխաների ծնողներից գանձվող վարձավճարների չափը փոփոխելու մասին»: Խնդիրը, փաստորեն, հետեւյալ ձեւով պարզաբանվեց. երեխաների ծնողներից գանձվող վարձավճարը` 4000 դրամը, չի ապահովում ՀՀ առողջապահության եւ կրթության ու գիտության նախարարությունների կողմից սահմանված սննդակարգի նորմատիվը. երեխաների սննդաչափը որոշակիորեն բարելավելու նպատակով` ծնողներից գանձվող վարձավճարների չափը սահմանել 5000 դրամ:

Մի քիչ մանրամասնեմ, որպեսզի պատկերացնեք. Գորիսի բոլոր նախակրթական ՀՈԱԿ-ների տնօրենները դիմել էին քաղաքապետարանին` խնդրելով ավելացնել նախակրթարանների ֆինանսավորումը, որպեսզի կարողանան ապահովել երեխանների օրվա սննդակարգի սահմանած չափաբաժինը:

Քաղաքապետը որոշման նախագիծը ներկայացնելուց հետո խոսքը փոխանցեց գիտության, կրթության, սոցիալական, առողջապահության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Տոռոզյանին, ով ներկայացրեց իրենց տեսակետը: Հանձնաժողովը, հիմք ընդունելով իրենց կատարած ուսումնասիրություններն ու ծնողների հետ արված հարցումները, կարծիքը հայտնեց, որ վարձավճարի չափը բարձրացնելը ճիշտ չէ:

Այս բոլոր պաշտոնական մասերից հետո սկսվեց «տուրուդմբոցը»: Այ էստեղ ես հիշեցի «Եռանկյունի» ֆիլմից հայտնի արտահայտությունը` «հինգ հոգով վեց երգ են երգում»: Ի՞նչ կանոնակարգ, ի՞նչ օրենք, ի՞նչ էթիկա...: Անկեղծ ասած, ապշած էի: Նախակրթարանների տնօրենները, ովքեր միասնական ստորագրությամբ նամակ էին հղել, իսկ սա ենթադրում է, որ ինչ-որ համաձայնության պիտի եկած լինեին, սկսեցին վեճը` թե’ իրար հետ, թե’ ավագանու անդամների եւ թե քաղաքապետի հետ: Իրար հերթ չտալով բոլորը խոսում էին, վիրավորում իրար, ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տալիս:

Ուղիղ մեկ ժամ քննարկվեց այս հարցը, կարծիքները տարբեր էին, երբեմն` խիստ իրարամերժ: Թե ինչեր տեսան իմ աչքերը, ու լսեցին իմ ականջները, էլ չասեմ: Անկեղծ ասած, ամենաշատը զարմացրեց քաղաքապետի արտահայտությունը. «Ինձ համար միեւնույնն է` կբարձրանա, թե՞ չէ»: Ուզում եմ հավատալ, որ սա, ուղղակի, զայրութի պահին արված արտահայտություն էր, որովհետեւ համայնքի ղեկավարին նման հարցը չանհանգստացնել կամ չհետաքրքրել չէր կարող:

«Դիալոգների մի վերածեք նիստը, դա կանոնակարգին հակառակ է»,- այս արտահայտությամբ քաղաքապետն անընդհատ դիմում էր ներկաներին: Մեկ ժամ տեւած, ավելի քան բուռն քննարկումներից հետո, ավագանու մեծամասնությունը օրակարգի այս հարցին դեմ քվեարկեց. վարձավճարները, համենայն դեպս, առաջիկայում, չեն փոխվի: Որոշումից դժգոհ տնօրենները` դեմքի` նեղացած արտահայտությամբ լքեցին դահլիճը, անգամ վիրավորական արտահայտություններ նետելով ավագանու անդամներին: Հիշո՞ւմ եք, Ֆրունզի դեմքի արտահայտությունը` «01-99» ֆիլմից` «Էս ի՞նչ հաշիվ էր, չիմացանք»: Այ այդպիսի դեմքով էի ես:

Ինչեւէ, երրորդ հարցն էլ հորով-մորով արեցինք: Դրությունն ավելի խաղաղ էր 4-14-րդ հարցերի քննարկումների ու քվերակությունների ժամանակ: Այդ բոլոր 11 որոշումներն էլ ավագանին հաստատեց. նիստին ներկա ավագանու 12 անդամներն էլ կողմ էին այս որոշումներին: Հարցերը հիմնականում վերաբերում էին սեփականությունների, հողատարածքների օտարմանը, վաճառքին եւ այլն:
Կարճ ասած, «տնավարի» նիստ էր: Ուշացած անդամներին սիրով ընդունում էին, նրանք էլ իրենց հերթին ջանք չէին թափում, որ աննկատ տեղավորվեն ու չխանգարեն, հումոր կար, զայրույթ կար, կենցաղային ամենապարզունակ խոսակցություններ կային, վիրավորել կար, նեղանալ էլ կար...: Հա, չմոռանամ, կարճատեւ ու երկարատեւ հեռախոսային խոսակցությունների մասին, որովհետեւ անգամ նիստը վարող համայնքի ղեկավարը չէր անջատել հեռախոսը:
                                                                                                                    www.hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий