29 мая 2013 г.

Կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսության հիմնախնդիրները Սյունիքի մարզում

Անահիտ Բաղդասարյան
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից աջակցվող և Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի (ԳԷՖ) կողմից ֆինանսավորվող «Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի ազգային հաղորդագրության պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում» ծրագրի շրջանակներում մայիսի 24-ին Գորիս քաղաքում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսության հիմնախնդիրները Սյունիքի մարզում» թեմայով սեմինար:

Սեմինարին մասնակցում էին Սյունիքի մարզպետարանի, Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կետրոնի, գյուղատնտեսության, բնապահպանության, կրթության ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու Դիանա Հարությունյանը ներկայացրեց կլիմայի գլոբալ փոփոխության հիմնախնդիրը և դիմակայման միջազգային փորձի կիրառման հնարավորությունները ՀՀ-ում, նշեց, որ Սյունիքի մարզում էկոհամակարգերը բնապահպանական մեծ նշանակություն ունեն, որ այս տարածաշրջանում է գտնվում Կարմիր գրքում գրանցված 148 բուսատեսակ և կարևոր է վեր հանել մարզի անտառների, արոտավայրերի պահպանության և ճիշտ շահագործման, նաև գյուղատնտեսության խոցելիությամբ պայմանավորված բնակչության կենսամակարդակի վրա ազդող խնդիրները:

ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի փորձագետ, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի (ՀԱԱՀ) Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը հանդես եկավ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ՀՀ գյուղատնտեսության վրա և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները» զեկուցումով: Նրա խոսքով, չնայած որ կլիման սահմաններ չի ճանաչում, բայց տարածաշրջանային մակարդակով ՀՀ-ում առանձնահատուկ դրսևորումներ կան: Սյունիքի մարզը ՀՀ-ի մնացած տարածաշրջանների հետ համեմատելիս առանձնանում է մի շարք յուրահատկություններով: «Հիդրոմետի և մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միտում կա ջերմաստիճանի բարձացման, որի հետևանքով էլ,բնականաբար, տեղուները կպակասեն: Այն իրենից սպառնալիք է ներկայացնում, և մեր խնդիրն է այնպես անել,որ գյուղատնտեսությունը հարմարեցվի այդ կլիմայական փոփոխություններին և դիմակայի սպառնալիքներին, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել: Սա կարևոր հիմախնդիր է, որի առջև կանգնած է ողջ աշխարհը, և մենք պետք է մեղմացնենք դրա վտանգավոր հետևանքները», -ասաց նա և հավելեց. «Կլիմայի փոփոխությունը պետք է դիտարկել ոչ միայն նրա հնարավոր բացասական, այլև դրական առումներով: Մեղրիում այժմ կարելի է համտեսել մերձարևադարձային մի շարք մրգեր (կիվի, արքայանարինջ, ճապոնական թուզ, մուշմուլա), որոնք նախկինում չեն եղել: Դա վկայում է, որ կարելի է նոր մշակաբույսեր աճեցնել, ֆերմերների համար առավել շահեկան պայմաններ ստեղծել»:

Բանախոսը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց կլիմայի փոփոխության հնարավոր սցենարները և կարևորեց ՀՀ գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականության հասցեականությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության պետի տեղակալ Համլետ Մելքոնյանը «Կլիմայի փոփոխության դրսևորումները Հայաստանում և Սյունիքի մարզում», ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի փորձագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը «Կլիմայի փոփոխությունը և ՀՀ Սյունիքի մարզի արոտավայրերի խոցելիությունը», ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչիկ Ջավադյանը «Գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը որպես կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեղմացման այլընտրանքային հնարավորություն», ՀԱԱՀ-ի Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի դասախոս Գոհար Ոսկանյանը «ՀՀ գյուղատնտեսական արտադրության ռիսկերը և ապահովագրական համակարգի ներդրման հնարավորությունները» թեմաներով զեկուցումներով ներկայացրեցին այն խնդիրները, որոնք կլիմայի փոփոխության հետևանքով լուրջ մարտահրավերներ են ներկայացրել ՀՀ գյուղատնտեսությանը և առաջարկեցին ուղիներ դրա բացասական հետևանքների հնարավորինս մեղմման նպատակով:

ՀԱԱՀ-ի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Աբիկ Սամվելյանը և ՀԱԱՀ-ի հայցորդ Ծաղկանուշ Միրզոյանը ըստ տարածաշրջանների և առանձին բնագավառների ներկայացրեցին «Գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը ՀՀ Սյունիքի մարզում» հարցման արդյունքները: Ելնելով դրանցից և կլիմայական նման փոփոխությունների պատճառով, Ա.Սամվելյանն առաջարկեց ընդլայնել աշնանացան ցանքատարածությունները:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Մարտիրոսյանը «Բանջարաբուծության բազմազանեցման հնարավորությունները կլիմայի փոփոխության պայմաններում» զեկուցումով կարևորեց Սյունիքի մարզում կաղամբազգիների (կոլրաբի, բրոկկոլի, պեկինյան և բրյուսելյան կաղամբ), հատիկաընդեղենների (մաշ, սոյա և այլն), դդմազգիների (դդում, պատիսոն) մշակությունը, նշելով, որ այս մշակաբույսերը չորադիմացկուն են, օժտված են որակական բարձր հատկանիշներով և կարող են բարձր եկամտաբերություն ապահովել:

Իսկ պտղաբուծության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Արա Հովհաննիսյանը «Մերձարևադարձային պտղատեսակների զարգացման հնարավորությունները Հայաստանում» թեմայով զեկուցումով առաջարկեց ստեղծել նոր տիպի այգիներ, որտեղ կաճեցվեն ցածրաճ, թզուկ, բարձր բերքատու ծառեր, որոնք նաև շատ արագ են պտղաբերում: Այս տեսակի այգիները հակակարկտային ցանցերի միջոցով հնարավոր է պաշտպանել կարկուտից, նաև` կիզիչ արևից, խոշոր միջատներից, այլ վնասակար հետևանքներից: Կլիմայի փոփոխման հետ կապված էլ զեկուցողն առաջարկեց կազմակերպել նոր մերձարևադարձային պտղատեսակների (ֆեյխուա, ակեբիա, քրթի եղնասիրտ, քնարենի և այլն) ներկրում և տեղայնացում Սյունիքի մարզի առավել ցածր և տաք գոտիներում, մասնավորապես` Մեղրիի տարածաշրջանում:

Վերջում «ՀՀ Սյունիքի մարզում կլիմայի փոփոխության ներկա և ապագա դրսևորումների մասին գյուղատնտեսական արտադրողների իրազեկվածությունը և խորհրդատվությունը» թեմայով զեկուցումով հանդես եկավ «Սյունիքի ԳԱՄԿ» ՓԲԸ Մեղրիի տարածաշրջանի խորհրդատու Գևորգ Մարգարյանը, ով խոսեց Մեղրիի տարածաշրջանում վերջին 2-3 տասնամյակների ընթացքում կլիմայի փոփոխության հետևանքով նոր պտղատեսակների մշակության իրական հնարավորությունների, կատարված աշխատանքների մասին և ներկայացրեց այդ ուղղությամբ ԳԱՄԿ-ի կողմից իրականացված խորհրդատվական և տեղեկատվական միջոցառումների մի քանի դրական օրինակներ:

Սեմինարի ավարտին մասնակիցները բանախոսներից ստացան նաև իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ:
                                                                                                                                 banugorc.am

Комментариев нет:

Отправить комментарий