31 окт. 2012 г.

“Փակ դռների հետևում ոմանց մոտ հավատքը շատ ավելի խորն է, քան ազատության մեջ գտնվողներինը”

Մարիամ Մաթևոսյան
Շատերի կողմից անտեսված ու շատերի անտարբերությանը մատնված՝ մարդկային ճակատագրերի այս հանգրվանում, անկասկած, հաճախ են... Տիրոջ կարիքը զգում: Խոսքը «Գորիս» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող մարդկանց մասին է, ովքեր խախտել են... Աստծո 10 պատվիրանները:

Չորս պատերի արանքում մի փոքրիկ “քաղաք” է ստեղծվել՝ իր գրված ու չգրված օրենքներով: Մարդկանց կողքին, ու, միևնույն ժամանակ, նրանցից այդքան հեռու, նրանք շարունակում են ապրել ու օրենքով նախատեսված իրենց պատիժը կրել:
Ամենօրյա ձանձրալի ու միօրինակ օրը խախտվում է, երբ բանատախցում հայտնվում է քահանան. ես այսպես պատկերացրի մեր զրույցից...

Գորիսում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա նշանակվելուց հետո Տեր-Շիրակը շաբաթական մեկ անգամ՝ հիմնականում ուրբաթ օրերին, այցելում է Գորիսում իրենց պատիժը կրող բանտարկյալներին: Հանդիպումը կայանում է անմիջապես խցում: “Այցելությունների հիմնական նպատակը համբերություն ներշնչելն է, ապաշխարհելը, միասին աղոթելը, քանի որ խոսքը ուժ ունի, ուստի մարդիկ կարող են աղոթելով իրենց ձայնը լսելի դարձնել: Աստվածաշունչն ասում է` եթե ապաշխարենք և մեր մեղավոր անցյալից դառնանք դեպի Աստված, նա կների մեզ”,-նշում է Տեր-Շիրակ քահանան:

Զրույցը ծավալվում է հիմնականում Աստծո ներողամտության, աղոթքի նշանակության, նրա դերի ու կարևորության շուրջ` մոռանում խոսել նաև մարդկային ճակատագրերից:

Շատերը, քահանայի փաստմամբ, խոր հավատք ունեն առ Աստված… “Փակ դռների հետևում հավատքը շատ ավելի խորն է, քան, գուցե, ազատության մեջ գտնվողներինը: Չնայած չեմ հերքի, որ նրանց մեջ կան նաև աթեիստներ, որոնց հետ զրույցը նույնպես առողջ մթնոլորտում է անցնում: Յուրաքանչյուր ոք ունի իր ազատ կամքը, որով ընտրում է իր արարքները, որոշումներ կայացնում, կյանքի համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկում: Ես մեծ համբերատարությամբ լսում եմ դատապարտվածներից յուրաքանչյուրին”:

Վերջին հանդիպումներից մեկի ժամանակ բանտարկյալներից մեկը ցանկություն է հայտնել Աստվածաշունչ ունենալ, մեկ ուրիշն էլ՝ մկրտվել: Անազատության մեջ գտնվողներից կա մեկը, ով ժամ ու կես կանգնում ու աղոթում է : Ասում է, որ պատրաստ է դեռ երկար աղոթել, մինչև Աստված լսի իր խնդրանքները:

Փորձեցինք պարզել, թե ինչ են տալիս բանտարկյալներին հոգևորականի այցելությունները. “Հավատքի և հույսի նշույլներ, բայց ավելի շատ` հույսի: Նրանք հավատում են, որ Աստված կների իրենց”,-պատասխանեց Տեր Շիրակը:

Նրանք, իսկապես, կարիք ունեն հոգևոր զրույցի: Նա նշեց, որ բանտարկյալներից շատերն իրենց գոհունակությունն են հայտնում՝ այցելությունների ու անկեղծ զրույցների համար: “Այս կենդանի շփումների շնորհիվ նրանք ոչ միայն Աստծո խոսքն են լսում, իրենց տեսակետը հայտնում, այլ նաև ստանում իրենց հուզող հարցերի պտասխանները “:

Խոսելով համբերության, հավատքի, Աստծո սիրո, ներողամտության և զղջումի մասին, նրանց հոգուն հանգստություն է իջնում. “Այցելություններից մեկի ժամանակ դատապարտյալներից մեկն ասել է, որ անկեղծ զրույցից հոգին հանգստացել ու նույնիսկ քնելու ցանկություն է առաջացել, նույնիսկ հարցրել է թե ինչո՞ւ… “:

Իմ համար ամեն ինչ պարզ էր՝ Աստված... սիրել է մարդկային մեղավոր էակին…



Комментариев нет:

Отправить комментарий