31 окт. 2012 г.

Մարզային մամուլ. սուբսիդիան փրկագոտի՞, թե՞...


Լենա Հովսեփյան
«Լճացման» տարիներ, շաբաթական 3 անգամ լույս տեսնող  շրջանային թերթեր` պաշտոնաթերթեր
Տարիներ առաջ, և բոլորովին էլ ոչ այնքան վաղ անցյալում, մարզայինի փոխարեն կային շրջանային թերթեր, որոնք, բավականին  օպերատիվ կերպով լուսաբանում էին շրջանի, ներկա ձևակերպմամբ` ենթամարզի ողջ անցուդարձը:
 Շաբաթական երեք թողարկումը, կարծում եմ, իրոք օպերատիվ լրատվություն էր: Իմ սերնդակից լրագրողները կվկայեն, որ 1 մամուլ ծավալով թերթի էջերը լցնելու խնդիր չկար, ընդհակառակը` շատ  նյութեր... հասցնում էին հնանալ: Եթե կոնկրետ մեր` շրջանային «Զանգեզուր» թերթի օրինակով ասելու լինեմ,  աշխատում էր մեծաթիվ մի աշխատակազմ. խմբագիր, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար, 4-5 բաժիներ` իրենց բաժնի վարիչներով, գրական աշխատողներ: Իհարկե, բնականաբար նաև` սրբագրիչ, լուսանկարիչ, հեռատիպավար, ցրիչ, մեքենագրուհի, հաշվապահ...
Էջեր լցնելու խնդիրը չկար, որովհետև փոքրիկ մեր մեր քաղաքում միայն հարյուրավոր աշխատատեղերով, միութենական ու արտերկրի հասցեներով արտադրանք առաքող մեկ տասնյակին մոտ գործարաններ ու արտադրական տարբեր ձեռնարկություններ էին գործում: Նրանց մասին, դեռ չհաշված մշակութային ակտիվ կյանքը, գրել հասցնել էր հարկավոր...
Եվ, 3000-4000 օրինակով լույս տեսող թերթը սպառման խնդիր էլ չուներ. կանոնավոր բաժանորդագրություն էր` հստակ գործող առաքման մեխանիզմներով...Եվ էլի իմ սերնդակիցներից որևէ մեկը, վստահ եմ, չի հիշի մի դեպք, որ թերթի գոնե մի հերթական համար չի տպագրվել կամ թեկուզ մեկ օր ուշացել է ֆինանսների բացակայության պատճառով:
Հասկանալի է`այն օրերի խմբագիը մեր օրերի խմբագիր-գործադիր տնօրեն-լրագրող-լուսանկարիչ-սրբագրիչ-առաքիչ, հաճախ նաև`հաշվապահ-հավաքարարը չէր: Խմբագիր էր` անունով, հեղինակությամբ, կշռով, խոսքի ուժի ազդեցիկ... ազդեցությամբ, իսկ ֆինանսական ողջ հաշվեկշռի երաշխավորը պետությունն էր:
«Լճացման» այն տարիներին մի մեծ կոլեկտիվ` երաշխավորված աշխատանք-աշխատավարձ-հեղինակությամբ, ընթերցողի սեղանին շաբաթը 3  անգամ (չհաշված` արտահերթ թողարկումները) թերթի հերթական համար էր դնում...
Բովանդակությունն ու ընդգծվածված գաղափարախոսությունը մի այլ խոսակցության նյութ է, բայց շրջանի տարեգրությունը` հիշատակելի դեմք ու դեպքերով, անտարակույս գրվում էր ու տարեվերջին դառնում մի նյութեղ տրցակ`падшивка. համացանցն ու կայքերը դեռ շնորհ չէին արել... 
Անկախ Հայրենիք, մարզային` հիմնականում միանձնյա  թերթեր, և...ամենահաս սուբսիդիա 
Հիմա ուրիշ ժամանակներ են: Ուրիշ: Թերթերի առումով` ընդհանրապես շատ ուրիշ: Հիմա էլ կան այդ` երբեմնի շրջանային թերթերի անունները պահպանած կամ վերանվանված, ընդհանրապես նոր թերթեր, որոնք լրում են մարզային կոչվող լրատվամիջոցների համեմատաբար ստվար հատվածը մի էական տարբերությամբ` հիմնականում... միանձնյա թերթեր են` մի ձեռագիր, մի ոճ...տեսակով (աշխատող պահելու հնար չկա, հոնորարն էլ...կարոտախտի տիրույթից է), լավագույն դեպքում` երկշաբաթյա պարբերականությամբ:
Թերթեր, որ հիմնականում հազիվ գոյատևում են, հաճախ ամիսը մեկ կամ առավել տևական ընդմիջումներով. ամեն խմբագիր, որը, եթե նաև (հիմնականում) թերթի տնօրենն է, այն պահում է` ինչ գնով էլ լինի-աշխատանք ունենալուց զատ, նաև...պատվի, նամուսի խնդիր է...
Մարզային թերթերի մեծամասնությունը է 1998 թվականից ընդգրկված է ՀՀ կառավարության որոշմամբ մարզային, ոչ պետական մամուլի աջակցության` սուբսիադիայի հատկացման ցանկում:
Սյունիքի մարզում գործող «Սյունյաց երկիր» (Կապան), «Որոտան», «Սիսիանի ձայն» (Սիսիան), «Զանգեզուր», «Բան ու գործ»,  «Փերի», «Կամք» (Գորիս)թերթերից այս տարի սուբսիդիա չի ստանում միան «Բան ու գործ»-ը: 
«Ո՞րն է, ի վերջո, սուբսիդիայի չափը որոշելու կշռաքարը» 
            Եվ...
Եվ հետաքրքիր է, թե որքանով են այդ գումարները օգնում դժվարին կացության մեջ հայտված, հիմնականում հազիվ գոյատևող (ֆինանսական առումով)  թերթերին: Չանդրադառնալով թողարկված համարների թվաքանակին (որոշ...թերթերի ցայտնոտը չխորացնելու գործընկերոջ մտահոգությամբ), որոշեցինք ներկայացնել անձամբ խմբագիր/պատասխանատուների դիտարկումները սուբսիդիայի և ունեցած դերակատարության շուրջ:
Սամվել Ալեքսանյան. «Սյունյաց երկիր» թերթ-Տպագիր լրատվամիջոցները, անտարակույս, պետք է պետական աջակցություն ստանան` ֆինանսական հատկացումների տեսքով: Եվ այդ քաղաքականությունը պետք է ունենա  հստակ սկզբունքներ ու կողմնորոշիչներ, ինչն այսօր բացակայում է: Օրինակ` լրատվամիջոցը պետք է գործող լինի և ոչ թե թղթի վրա գոյություն ունեցող, որոշակի տպաքանակ ունենա (ասենք`1000 օրինակ առնվազն), հստակ պարբերականություն ունենա (ասենք` ամսական 2-3 անգամ առնվազն), որոշակի ծավալ ունենա (ասենք` տարեկան  70 տպագրական մամուլ առնվազն) և այլն: Հիմա մենք չգիտենք, թե թե ինչու մեկին շատ են տալիս, մյուսին` նվազագույն չափով` 500 000 դրամ: Ո՞րն է, ի վերջո, սուբսիդիայի չափը որոշելու կշռաքարը: Մարզային և համայնքային մամուլը ավելի վատ վիճակում են գտնվում, քան` մայրաքաղաքայինը (թեկուզև իրացման շուկայի առումով, թեկուզև մարզերում գովազդային կայուն շուկայի բացակայությամբ):
500 000 դրամով, որ տարիներ շարունակ տրվում է մեր թերթին, չենք կարող կոնկրետ որևէ խնդիր լուծել: 2 տպագրական մամուլ ծավալով թերթ տպագրելու դեպքում կհերիքի (լրագրային թուղթ, սև-սպիտակ տպագրություն)  7 համարի տպարանային ծախսը հոգալուն (2000 տպաքանակի պարագայում):
Իսկ մարզային թերթը,  որ պետք է կարողանա սեփական նյութերով ու պարբերաբար լուսաբանել տվյալ տարածաշրջանի առօրյան (մենք չենք կարող մարզին չվերաբերող նյութերով թերթի էջերն արհեստականորեն լցնել, ինչպես դա անում է մայրաքաղաքային մամուլը), մեծ ջանք է պահանջում:
Ի վերջո պիտի նկատի ունենալ դրամի անընդհատ արժեզրկման պրոցեսը և տպագրական ու մյուս ծախսերի աննկատ, բայց և հետևողական բարձրացումը:
Գրետա Գրիգորյան. «Զանգեզուր» թերթի խմբագիր-Արդեն 10 տարուց ավելի է, ինչ  պետությունը տպագիր մամուլին ֆինանսապես աջակցում է: Սկզբում, ըստ Մշակույթի նախարարության հատկացրած գումարի, չափն ավելի մեծ էր` 800 000 դրամ:  Տարեցտարի այն իջավ, կոնկրետ մեր թերթի պարագայում` հասնելով 500 0000-ի` հակառակ համեմատական համատարած թանկացումներին: Դա բացատրվեց սուբսիադիա ստանալ ցանկացող նոր թերթերի պահանջով, նրանց ցանկ ներառելով: Դա էլ հասկանալի է` ընձեռնված հնարավորությունից բոլորն էլ կցանկանան օգտվել` ելնելով տպագիր մամուլի առջև ծառացած բազմաթիվ ֆինանասական խնդիրներից:
Ես չգիտեմ` որ մամուլին ինչքան է  հատկացվում (դա համապատասխան հանձնաժողովի որոշելիքն է), բայց խիստ կարևորում եմ հատկացվող այդ գումարը մեր թերթի գոյատևման համար: Սկզբում պահանջվում էր գումարն օգտագործել այլ ծախսերի, օրինակ` գրասենյակային իրերի, սարքավորումների, տարբեր ծառայությունների համար: Բայց ցանկացած խմբագրություն կուզեր դրա փոխարեն հոգալ իր տպագրական ծախսերը և հարկային մուծումները:
 Վերջին տարիներին իրականացավ մեր ցանկությունը. այդ գումարով մենք կարող ենք հոգալ տպագրական, համակարգչային մուտքագրման, սրբագրման, ձևավորման ու նման ծառայությունների ծախսերը: Իսկ թե խմբագրության կարիքների որ մասն է հոգում, ինքնին պարզ է. այն փակում է համարյա  տպագրության ծախսը: Ահա թե ինչու յուրաքանչյուր համարի տակ գրում ենք` "Տպագրվում է պետական աջակցությամբ":
Սուբսիդիան լուրջ աջակցություն է, որը թույլ է տալիս չխախտել հաստատված համարների թիվն ու պարբերականությունը:
Սրբուհի Գրիգորյան. «Սիսիանի ձայն» թերթի խմբագիր-Կարծում եմ` լրատվամիջոցին ձեռք մեկնելու նպատակ ունի սուբսիդավորումը: Իսկ ինչ վերաբերում է լրատվամիջոցին սատարելու ներկայիս քաղաքականությանը, ապա այսօր ցանկացած լրատվամիջոց, բացառությամբ պետական լրատվամիջոցների, որոնք, ի դեպ, շատ  քիչ են, պետք է իր գլխի ճարն ինքնուրույն տեսնի:             Հատկացվող գումարը, անշուշտ, օգնություն է հատկապես մարզերում տպագրվող ու փոքր տպաքանակ ունեցող թերթերին: Իհարկե, այն բավարար համարել չենք կարող, որովհետև մամուլն այսօր, մեղմ ասած, լավ վիճակում չէ: Երբ թերթը կոնկրետ հովանավոր է ունենում, ակամա կախվածության մեջ է լինում ու ազատ խոսքի մասին...խոսք լինել չի կարող: Ստիպված ենք լինում հենվել բաժանորդագրությունից ու վաճառքից ստացվող գումարների վրա, որը երբեք էլ բավարար չէ թերթի գոյատևման համար:
Արդյունքում ի՞նչ է ստացվում. նույն աշխատանքը տարբեր լրագրողներ և խմբագիրներ կատարում են իրարից շատ տարբերվող պայմաններում և աշխատավարձերով: Սա էլ է խնդիր. արդեն որոշակի փորձ ունեցող լրագրողները բարձր աշխատավարձի և լավ պայմանների են ձգտում և, հարմար առիթի դեպքում, տեղափոխվում են...հարուստ  խմբագրություններ, լքում են մարզերն ու հայրենի քաղաքները:
Որոշ լրատվամիջոցներ արտոնյալ են. «Հայաստանի Հանրապետություն» թերթին, օրինակ, հայտարարություններ տպագրելու մենաշնորհ է տրված տպաքանակի առումով: ՏԻՄ-երը (և ոչ միայն) շատ հաճախ իրենց հայտարարությունները ստիպված  են լինում տպագրել  այդ թերթի  էջերում` ֆինանսական միջոցներ հատկացնելով տվյալ լրատվամիջոցին...Իսկ այդ հայտարարություններն երբեմն այնքան շատ են լինում, որ խմբագրությունը ստիպված է լինում մանր, համարյա  անընթեռնելի տառաչափով տեղադրել: Կարևորը` տեղադրված է, փողը`փոխանցված...Սա` միջանկյալ:
Նորից սուբսիդիայի մասին.  կարծում եմ` առաջին հերթին ֆինանսավորել է պետք այն թերթերին, որոնք լրատվությունը առուծախի չեն վերածել, որոնք հնարավորինս անաչառ են ու տպագրվում են ժողովրդի համար: Այն թերթերը, որ աշխատում են սրա-նրա պատվերով, համոզված եմ, գումարի խնդիր չեն ունենում, թեպետ ավել գումարը չի խանգարում:
Արևհատ Ամիրյան. «Որոտան» թերթի խմբագիր-2001 թվականից մենք ստանում ենք սուբսիդիա, ինչը մեծապես նպաստել է թերթի կայացման սկզբնական շրջանի դժվարությունները հաղթահարելուն: Հետագայում հատկացվող գումարն ամեն տարի կրճատվել է` նոր թերթեր սուբսիդավորման ցանկ մտցնելու պատճառով:
Կարծում եմ` ճիշտ չէ մարզպետարանների, քաղաքապետարանների, ՀԿ-ների, միջազգային կառույցների, այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող և անկախ գործունեություն իրականացնող թերթերին նույն հարթության վրա դնելը: Ցանկալի կլիներ սուբսիդավորման ժամանակ նկատի առնվեր թերթի ուղղվածությունը, հրապարակված հոդվածների թեմատիկ կարևորությունը, և չբավարարվել միայն նախատեսված թվի և քանակի ապահովմամբ:
«Որոտան» թերթին հատկացվող գումարն այժմ բավարար չէ, բայց շոշափելի աջակցություն է խմբագրությանը` հրատարակչական գործը անխափան իրականացնելու համար:
Էլմիրա Բալասանյան-«Փերի» մանկապատանեկան թերթի խմբագիր-Այսօր մամուլում սկսել են հաճախ քննարկել պետության կողմից լրատվամիջոցներին հատկացվող սուբսիդիայի հարցը, որը, իմ կարծիքով, ոչ թե կօգնի լրատվամիջոցներին, այլ, ընդհակառակը, կվնասի նրանց, քանի որ վատ տրամադրվածություն և միտում եմ տեսնում դրանում: Իսկ ինչո՞ւ չտալ: Մեր "ամեն ինչում խնայող" պետությունն ու կառավարությունը բարիացել ու որոշել են ֆինանսավորել լրատվամիջոցներին (կարևոր չէ` ում, ինչքան) ու... մամուլին աջակցող մեր գործընկերները գնում են նրան, որ այդ չնչին գումարն էլ չլինի. ես դա, պարզապես, չեմ հասկանում:
Հատկացված գումարը բավարարում է թերթի տպագրության ծախսը, աշխատավարձից պետությանը հատկացվող հարկերը վճարելուն: Վերջապես պիտի հաշվի առնել, որ հատկապես մարզային լրատվամիջոցները, որոնք  թերթերը տպագրում են Երևանում, տպարանների հետ ունեն ֆինասական խնդիրներ: Թղթի թանկացման (կապված դրանց ներկրման հարկերի բարձրացման և այլնի հետ) հետևանքով բարձրացել է նաև թերթի ինքնարժեքը: Բայց այսօր լրատվամիջոցները չեն թանկացնում թերթերի գները...
Գտնում եմ, որ ոչ միայն պետություն  ու կառավարությունը, այլ նաև գործարարները, մամուլն ու լրատվությունը գնահատող ու սիրող յուրաքանչյուր մարդ, պիտի օգնեն, սատարեն, այլ ոչ թե քննարկեն այն չնչին լավը, որ երբևէ արվել է մամուլի համար: Իսկ միգուցե քննարկումներն այնպես տանենք, որ այդ գումարները մի քիչ էլ ավելանա՞ն...Կհարցնեք` որտեղի՞ց: Ասեմ` մի պատվիրակություն էլ թող  արտասահման չմեկնի...
Աննա Դանիելյան. «Կամք+» թերթի թողարկման պատասխանատու-Միայն պետական աջակցությամբ հնարավոր չէ և՛  խմբագրակազմ պահել, և՛ կազմակերպել տպագրական  ծախսերը: Աջակցությունը բավարար չէ նույնիսկ մեկ տարվա մեջ պայմանագրով նախատեսվող 12 համարի  զուտ տպագրական  ծախսերը հոգալու համար:
Իմ պատկերացմամբ՝ պետական աջակցությունը պետք է ամբողջությամբ հոգա  լրատվամիջոցի գոնե տպագրական ծախսերը և լրատվամիջոցի հետ կնքվող պայմանագրում չպետք է լինեն տպաքանակի և թողարկման հաճախականության հետ կապված սահմանափակումներ: Այսինքն, եթե  հատկացրած գումարը բավարարում է միայն 6 տպագիր մամուլի տպագրական (յուրաքանչյուրը` 1000 օրինակ) ծախսերը հոգալու համար, չպետք է  մարզային լրատվամիջոցից  պահանջեն 12 տպագիր մամուլ:
Հ.Գ.
Հանճարեղ դանիացու մտքի հանգույն` տոկա՞լ, թե՞...
Սույն հրապարակումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի, և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում ՝ "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ" միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ"-ին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий