29 сент. 2012 г.

Գորիսի պատմության մի գունեղ ու յուրօրինակ էջ էլ թերթվեց...

Մարիամ Մաթևոսյան
Սեպտեմբերի 29-ը գորիսեցիների համար նշանավորվեց «Գորիսյան օրեր» ամենամյա տոնակատարությամբ: Քաղաքի մի շարք հատվածներում կազմակերպվել էին ավանդական հյուրասիրություններ, ցուցահանդեսներ, սպորտային միջոցառումներ: Երեկոն ավարտվեց համերգային ծրագրով և շքեղ հրավառությամբ:

Այդ օրը քաղաքը հյուրընկալել էր ոչ միայն Հայաստանի, այլև տարբեր երկրներից ժամանած մարդկանց: Գորիս էր ժամանել Ֆրանսիայի պատվիրակությունը՝ Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիլիեի գլխավորությամբ, Բելառուսի պատվիրակությունը, ինչպես նաև ֆրանսահայ բարեկամ, “Երկիր և մշակույթ” ՀԿ-ի պատասխանատու Ժո Փափազյանը, “Գորիս-Վիեն” ասոցացիայի նախագահ Ժակ Քեշիշյանը, Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և այլք:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Հին Գորիսում գտնվող “Սուրբ Աստվածածին” եկեղեցու խաչի օծման արարողությամբ, որը կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա Տնտեսական բաժնի պատասխանատու Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Սյունյաց Թեմի առաջնորդական տեղապահ Տ.Մակար Վարդապետ Հակոբյանը և Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Շիրակ Քահանա Խանոյանը:

Արարողությունը սկսվեց տերունական աղոթքով, որից հետո Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն իր խոսքն ուղղեց ներկաներին. “Այսօր բոլորիս հոգին ցնծում է: Օրհնված լինեն այն մարդիկ, ովքեր իրենց լուման ունեն այս գործում: Թող Աստված օրհնի ամենքիդ, և թող Տերն այս խաչի օրհնությունը բախշի ոչ միայն գորիսեցիներին, այլև Սյունյաց աշխարհից ծագի Հայաստանի, Արցախի և ի սփյուռս աշխարհի վրա: Եվս մեկ սրբավայր իր գլխավերևում կունենա Աստծո խաչը: Շնորահակալություն բոլորին”:

Հանդիպամանը ներկա Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ևս իր բարեմաղթանքը հղեց բոլորին. ”Այս եկեղեցում ամփոփված է Գորիսի 1700- ամյա պատմությունը: Շունչ տալով եկեղեցուն` հուսամ` այն յուրաքանչյուր ընտանիքի կբերի բարություն, օրհնություն: Կցանկանայի, որ ամեն մի գորիսեցի սիրով վերաբերվեր եկեղեցուն: Հատուկ շնորհակալություն այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել եկեղեցու վերակառուցման գործում”:

Վիենի քաղաքապետը ևս ողջունեց ներկա գտնվողներին. ”Գերագույն բավականությամբ և մեծ խոնարհությամբ եմ գտնվում ձեր կողքին: Այս արարողության արմատները գտնվում են պատմության խորքում: Աշխարհում դուք առաջին քրիստոնյա ազգն եք, ձեր հավատի շնորհիվ է, որ դուք հաղթահարեցիք բազում փորձություններ: Այսուհետ այս եկեղեցին նորից դառնում է Աստծո վայր և Աստծո տուն: Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության արդյունքում վերականգնված եկեղեցին ևս մեկ կամուրջ կգցի երկու երկրների միջև":

Գորիս-Վիեն ասոցացիայի նախագահ Ժակ Քեշիշյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց Գորիսի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի գլխավորությամբ, “Երկիր և մշակույթ” բարեգործական կազմակերպությանը, Սյունիքի մարզպետարանին և բոլոր աջակիցներին:

Գորիսի պատմության մի գունեղ ու յուրօրինակ էջ էլ թերթվեց...

Комментариев нет:

Отправить комментарий